Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարկային օրենսգրքի փաթեթը նախատեսում է այլ հարկադրույքաչափերի բարձրացում: Նախատեսված է եկամտահարկի դրույքաչափը նվազեցնել 28-ից 23 տոկոս, սակայն նույն փաթեթի մեջ ներառված է, որ պետք է ավելացվեն մի շարք այլ անուղղակի հարկերը, օրինակ՝ ակցիզայինը: Այսօր լրագրողներին հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Օրինակ՝ եթե դուք մի շիշ գինի ձեռք բերեք, այն գնելու եք ոչ թե 1000 դրամով, այլ, ասենք, 1200 դրամով: Այսինքն՝ ձեր տնօրինվող եկամուտն ավելացավ, բայց ձեռք բերվող ապրանքների գները ևս ավելացան»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ քիչ եկամուտ ստացողը և շատ եկամուտ ստացողը ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար վճարելու է նույն չափով, ինչը ռեպրեսիվ մոտեցում է:
Ըստ Պարսյանի՝ փաթեթով նախատեսված է ավելացված արժեքի հարկի դրույքաչափերի վերանայում կամ այլ ապրանքների ու ծառայությունների, որոնք մինչ այժմ ԱԱՀ-ով չէին հարկման, օրինակ՝ կրթությունը, առողջապահությունը, ծառայությունների այլ ոլորտները: «Ես նշեցի ոգելից խմիչքները, որովհետեւ սա արդեն տեսանելի է, և չեն հրաժարվում, սակայն նույնիսկ այս տարբերակը հարկային տեսանկյունից անարդարացի է: Ի դեպ, 50 միլիարդի չափով եկամտային հարկ քիչ պետք է մուտքագրվի բյուջե»,- ասաց նա:
Այս համատեքստում տնտեսագետը նշեց, որ եկամտահարկի համահարթեցման գաղափարի հեղինակները պնդում են, որ այս դեպքում մարդիկ ցույց են տալու իրենց իրական եկամուտները, սակայն դա բնավ այդպես չէ: «Եթե գործատուն կարողանա իր աշխատակցի եկամուտները թաքցնել, կթաքցնի, չի նայի` 23 տոկոս է, թե՝ 28: Համահարթ եկամտային հարկի հեղինակները չունեն որևէ վերլուծություն, թե ստվերը որքան կկրճատվի: Կառավարության անդամներն ասում են 40-50% ստվեր կա, ուրեմն ստվերը կրճատենք, ոչ թե փոքր տնտեսավարողների և տնային տնտեսությունների նկատմամբ ոչ արդար հարկային քաղաքականություն ներդնենք: Համահարթ մոդելի երկրները քիչ են, Եվրոպայում 1-2-ը՝ Ռումինիան և Վրաստանը: Ի դեպ, Վրաստանի մոդելը ցույց է տալիս, որ նրանց մոտ այդ մոդելի արդյունքում եկամուտների բևեռվածությունն ավելի է աճել»,- ասաց Պարսյանը:
Ըստ նրա` աշխարհում ընդունված է, որ նվազագույն աշխատավարձը չպետք է հարկել, բայց ՀՀ քաղաքական մոդելը հրաժարվում է դրանից, մենք որոշել ենք հենց առաջին դրամից հարկել բոլոր եկամուտները:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին` տնտեսագետը նշեց, որ ներկայիս իշխանությունները շարունակում են նախորդների քաղաքականությունը, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին մատուցված մեծ նվեր: «2018-ի հուլիսին բերեցին օրենքի նախագիծ, համաձայն որի՝ 5 տոկոսը դարձավ 2.5, սակայն նպատակն այդ պահին բողոքի ալիքը ճնշելն էր, որը հաջողվեց: Սա ռիսկային համակարգ է, պետությունը ոչ մի երաշիք չի տալիս, որ կուտակված գումարները չեն փոշիանալու, չկա հստակ հաշվարկ, թե որքան է կազմելու նվազագույն կամ միջին թոշակը: Այս փողերը փոշիանալու են, քանի որ այդ համակարգը հիմնված է ֆինանսական շուկայի վրա: Եթե տատանումներ լինեն միջազգային ֆինանսական շուկայում, գումարները կարող են փոշիանալ: Ասենք՝ իմ գումարով «Ֆեյսբուք»-ի բաժնետոմսեր են ձեռք բերել, եթե բաժնետոմսերի գինն իջավ, ավելի քիչ թոշակ եմ ստանալու»,- պարզաբանեց տնտեսագետը: