Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014 թ. հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվեց 50.000 դրամ, և այսուհետ յուրաքանչյուր տարի մեր քաղաքացիների աշխատավարձը բարձրանալու է 5000-ական դրամով՝ 2017-ին դառնալով 65.000 դրամ: Կառավարությունը նվազագույն աշխատավարձերի աստիճանական բարձրացումը պայմանավորում է բյուջեում գումար չլինելու և կտրուկ գնաճից խուսափելու հանգամանքով:
Ի՞նչն է իրականում խանգարում կառավարությանը ներկա 50.000 դրամի փոխարեն հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը սահմանել 75.000 դրամ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անգամ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ, սակայն կառավարությունը մերժեց պատգամավորի առաջարկը և, որպես հիմնական փաստարկ, նշեց դրա համար անհրաժեշտ գումարի բացակայությունը:
Արդյոք ճի՞շտ էր այն ժամանակվա կառավարությունը և ի՞նչն է իրականում խանգարում ներկա կառավարությանը նվազագույն աշխատավարձը միանգամից դարձնել 75.000 դրամ: Նվազագույն աշխատավարձի` 25.000 դրամով բարձրացումը չի հանգեցնելու բյուջեի պակասուրդի ավելացմանը, բայց, իհարկե, գնաճային երևույթներ տեղի կունենան՝ պայմանավորված պահանջարկի և առաջարկի ավելացմամբ: Տրամաբանությունը պարզ է՝ ավելի շատ գումարով քաղաքացին ավելի շատ գնումներ է կատարելու, իսկ տնտեսվարողներն ավելի շատ արտադրելու համար հավելյալ ծախսեր են անելու, ինչն էլ հանգեցնելու է գնաճի: Տրամաբանական է նաև, որ մեր քաղաքացիներն այդ ավելացած 25.000 դրամը ոչ թե խնայելու են, այլ ուղղելու են առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերմանը, քանի որ նվազագույն աշխատավարձ ստացողները հիմնականում ցածր եկամուտ ունեցող անձինք են, որոնց առաջնային խնդիրը սոված չմնալն է: Այստեղից էլ հենց այն եզրակացությունը, որ նվազագույն աշխատավարձի ավելացված մասը բնակչությունն ուղղելու է սնվելուն` ավելացնելով սպառումը:
Կենտրոնական բանկը սա շատ լավ գիտակցում է: Ըստ որոշ հաշվարկների` եթե նվազագույն աշխատավարձն ավելանա 25.000 դրամով՝ բյուջեի ծախսերը կավելանան 15.8 միլիարդ դրամով, իսկ հավելյալ եկամուտները` 16 միլիարդ դրամով: Այսինքն` պետական բյուջեի ծախսերը ամբողջությամբ կփոխհատուցվեն համապատասխան հարկային եկամուտների հավաքագրմամբ, և պետական հատվածի ուղղակի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա կլինի չեզոք:
Մնում է միայն մտահոգվել գնաճի համար, սակայն գնաճի ազդեցությունն այնքան չնչին կարող է լինել, որ շոկային վիճակ տնտեսությունում դժվար թե ստեղծվի: Օրինակ` նվազագույն աշխատավարձը 25.000 դրամով բարձրացնելու դեպքում կանխատեսվող գնաճը տատանվելու է 0.3-0.5 տոկոսի միջակայքում: Այսինքն` անգամ խոր վերլուծություններ չանելու դեպքում պարզ է դառնում, որ նվազագույն աշխատավարձի` միանգամից 50 տոկոսով բարձրացումը միանգամայն իրատեսական է, այլ հարց է, որ դա ինչ-ինչ պատճառներով չի իրականացվում: Գուցե պատկան մարմինները միմյանց չեն վստահում:
Գևորգ Խաչատրյան