Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը:
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը տեղեկացրել է, որ Արցախում հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 50 հազար դրամ: Հաշվարկման հիմքում դրել են ՀՀ-ում գործող գործակիցները: Եթե աշխատողի` նոր համակարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը ցածր է գործող պաշտոնային դրույքաչափից, ապա կպահպանվի գործող դրույքաչափը, իսկ նախորդ տարիներին առանձին ոլորտներում կատարված բարձրացումները կհամահարթեցվեն:
Հաշվարկների համաձայն` այս մեխանիզմով մոտակա տարիների ընթացքում միասնական համակարգը կսկսի գործել լիարժեք, այսինքն՝ բոլոր առկա տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց:
Ակնկալվում է բոլոր ճյուղերում բարձրացնել աշխատանքի և մատուցվող ծառայությունների որակը: Այս կարևորագույն խնդրի լուծման նպատակով ամսական շուրջ 650 մլն դրամ է հատկացվելու պետբյուջեից 19,5 հազար շահառուի համար:
Մասնավորապես, կրկնապատկվելու են համայնքների ղեկավարների աշխատավարձերը, իսկ ուժային կառույցներում դրանք համապատասխանեցվելու են պաշտպանության նախարարության համապատասխան գործակիցներին:
Արա Հարությունյանի գնահատմամբ` աշխատավարձերի բարձրացմամբ կմեղմվի սոցիալական լարվածությունը, և կբարձրանա բնակչության կենսամակարդակը: 2014թ. հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակի հավելաճը կազմել է 17,6 տոկոս: Սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ կնվազի արտագնա աշխատանքի նպատակով Արցախից մեկնողների թիվը:
Վարչապետը, սակայն, այս ամենը բավարար չի համարել, որովհետև նվազագույն աշխատավարձը դեռևս շարունակում է ցածր մնալ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից: «Այդ ուղղությամբ անելիքները դեռևս շատ են»,- ասել է նա:
Աշխատավարձերի բարձրացման բացասական հետևանքներից առանձնացնելով գնաճն ու հատկապես մասնավոր հատվածում հնարավոր կրճատումները` Արա Հարությունյանը նշել է, որ դրանք կանխելու համար կգործածվեն լծակներ թե պետական, թե հասարակական հատվածներում: Նրա խոսքով` անհրաժեշտ է բանակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որպեսզի այստեղ իրականացվող աշխատավարձային քաղաքականությունը ևս համահունչ լինի բարեփոխումներին:
Աշխատավարձերի տարեցտարի բարձրացման տեմպերը, վարչապետի համոզմամբ, պետք է գերազանցեն գնաճի տեմպերին: 2015թ. նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում ևս:
Այսօրվա նիստում գործադիրը փոփոխությունններ է առաջարկել նաև «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում: Ըստ այդմ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվելու է արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին մինչև 20 տարին լրանալը` ստացած գիտելիքները ծառայության ընթացքում օգտագործելու նպատակով:
Կառավարության ընդունած մեկ այլ որոշման համաձայն` «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ-ի արտադրած 75 տոննա առաջին վերարտադրության սերմացու կտրամադրվի ցորենի մշակությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որով հնարավոր կլինի ընդլայնել ցանքատարածությունները: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության տեղեկատվական կենտրոնը: