Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան տիրույթում անդրադարձել է կանանց մասնակցությանը և նշել, որ կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: Ապա, շարունակելով թվարկումը, եզրակացրել, որ այս կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին:
Հարգելի վարչապետ, նախ, կառավարությունը կանանց ներգրավվածությամբ չի գերազանցում նախկին կառավարություններին, քանի որ նախկինում եղել է, որ նախարարի պորտֆել է ունեցել միաժամանակ երեք կին, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարի պորտֆելը, որը կանանց համար ավանդականորեն ընդունված պաշտոն չէ։ Բայց խնդիրն այն չէ, որ մենք այժմ անընդհատ հետ նայենք ու համեմատվենք, ասենք, թե ինչ վատն էին նախորդներն ու ինչ լավն ենք մենք։ Այլ փորձենք առաջ գնալ ու հասկանալ, թե ինչ հարց է լուծվում կանանց ներգրավվածության բարձրացման արդյունքում, ինչպիսին են համաշխարհային ուղենիշները, նայենք, թե աշխարհը որքան առաջ է գնացել։
Այժմ ես Մոլդովայում եմ, և այստեղի կառավարությունում կանանց ներգրավվածությունը 50 տոկոսից ավելի է, ինչպես նաև խորհրդարանի ընտրացուցակներում հստակ պահանջ է ամրագրված կանանց 40 տոկոս մասնակցության, ինչը մեզ չհաջողվեց անել անգամ անցած տարի՝ թավշյա հեղափոխությունից հետո մշակված նոր ընտրական օրենսգրքի նախագծով, որն այդպես էլ մնաց որպես նախագիծ։
Եվ ամենակարևորը․ այժմ Մոլդովայում քննարկվում է կանանց հարցն ու Մոլդովայի, Ռումինիայի, Վրաստանի, Ադրբեջանի կառավարությունների ներկայուցիչները խոսում են իրենց երկրներում կատարված աշխատանքի մասին։ Հայաստանի կառավարությունից որևէ մեկը ներկա չէ։ Եվ շատ լավ կլիներ, որ այս ստատուսի փոխարեն որևէ մեկը կառավարությունից գար ու մեզ այստեղ ամոթանք չտային, որ Հայաստանն այս տարի ընտրվելով Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանների նախագահող, արհամարհել ու կառավարության մակարդակով չի ներկայացել սուբռեգիոնալ քննարկումներին:
Եվ ինչպես կասեր Արայիկ Հարությունյանը, հիմա այս Ձեր ստատուսը «մի հատ էլ անգլերեն» գրեք, մի գուցե կիսվեմ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, որպես պաշտոնական տեսակետ»,-գրել է իրավապաշտպանը։