Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն Արցախում է: Նա այս օրերին մի շարք բժիշկների հետ լծվել է Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքով վիավորվածներին ոտքի կանգնեցնելու գործին: Այսօր մամուլի ասուլիսում Մուրադյանն ասաց, որ աշխարհի բժիշկները չպետք է լռեն, քանի որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը միասնական ուժերով պայքարում է այլ արհավիրքի դեմ:
«Ցավոք, Ադրբեջանի դիկտատորական ռեժիմը, ծայրահեղական վարձկանների, արմատականների, ահաբեկիչների օգնությամբ, պատերազմ է սանձազերծել այն պահին, երբ աշխարհը պայքարում է Covid-19-ի համաճարակի դեմ, երբ յուրաքանչյուրի կյանքը պրոֆեսիոնալ բժիշկների ուշադրության տակ է: Այս ռազմական ավանտյուրային զոհ են դարձել ոչ միայն զինվորականները, այլև խաղաղ բնակիչները՝ ծերեր, երեխաներ, կանայք, ինչպես նաև լրագրողները, որոնք ցանկացել են աշխարհին պատմել իրականությունը: Իրականությունն այն մասին, որ հայերը ապրել, ապրում և ապրելու են իրենց հայրենիքում»,- ասաց Մուրադյանը:
Բժիշկն առաջարկեց նայել խաղաղ բնակչության աչքերին և հասկանալ, թե ո՞վ է իրավացի:
«Նայեք մարդկանց աչքերին, որոնք այսօր մնացել են ռմբակոծության տակ, նայեք երեխաների աչքերի մեջ, որոնք առավոտյան արթնացել են ռմբակոծության ձայնից, ու դուք կհասկանաք, թե ո՞վ է ճիշտ ասում՝ մարդիկ, որոնք ապրում են իրենց հայրենիքո՞ւմ, թե՞ մարդիկ, որոնք իբր պայքարում են իբր իրենց ունեցած սահմանների համար, որոնք երբեք սուվերեն Ադրբեջանի կազմում չեն եղել»,- ասաց Մուրադյանը:
Բժշկի խոսքով՝ ռազմական տեխնիկան, որն օգտագործվում է, բավականին ծանր վնասվածքներ է հասցնում զինվորականներին և խաղաղ բնակչությանը:
«Այն վնասվածքները, որոնք մենք տեսնում ենք, դուրս են բոլոր մարդասիրական և համամարդկային արժեքներից, հաշվի առնելով նրանց բնույթը, վնասակար և վտանգավոր էությունը: Կարող ենք գրանցել, որ այդ զենքերի կիրառումն անմարդկային բնույթ է կրում, առավել ևս՝ մի պահի, երբ մենք բոլորս համախմբված ենք այլ արհավիրքի դեմ պայքարում»,- ասաց Մուրադյանը:
Հարցին, թե Արցախում կարո՞ղ են հավուր պատշաճի բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին, բժիշկը միանշանակ դրական պատասխան տվեց:
«Կարող ենք լայնածավալ և խորը պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերել՝ ինչպես զինվորականներին, քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ՝ այն ադրբեջանցիներին, որոնք խաբված հայտնվել են կրակի եզրին և ստացել են վիրավորումներ»,- ասաց Մուրադյանը:
Լրագրողները հարց ուղղեցին նաև վնասվածքների տեսակների մասին:
«Բեկորային վնասվածքները ճնշող մեծամասնություն են կազմում: Ես երեկ տեսել եմ բեկոր, որը հանվել է Le monde-ի ժուռնալիստի մարմնից, որը եկել էր լուսաբանելու խնդիրը»,- ասաց Մուրադյանը:
Օտարերկրյա լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է վիրավորների մի մասը տեղափոխվում Երևան, բժիշկը պատասխանեց, որ նրանց տեղափոխում են հատուկ մասնագիտացված հիվանդանոցներ, զուգահեռաբար ազատում են մահճակալային ֆոնդը՝ մյուս վիրավորներին ժամանակին օգնություն հասցնելու համար: Հարցին, թե ստանո՞ւմ են բժշկական օգնություն արտերկրից, Մուրադյանը պատասխանեց.
«Ամբողջ աշխարհից օգնություն ստանում ենք, այսօր ինչ պետք է՝ ունենք, բայց տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում նոր ռեսուրսների պահանջ ենք ունենալու, նոր դեղամիջոցների, նոր բժշկական սարքավորումների, նոր կադրերի»:
Բժիշկը նաև նշեց, որ վիրավորների հետ աշխատում են հոգեբաններ: