կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-08 14:21
Քաղաքական

Ոչ մի ոլորտի հետ կապված հայեցակարգ չկա, իսկ եթե օրակարգդ դատարկ է, դրսից կարող են օրակարգ թելադրել. Արմեն Բադալյան

Ոչ մի ոլորտի հետ կապված հայեցակարգ չկա, իսկ եթե օրակարգդ դատարկ է, դրսից կարող են օրակարգ թելադրել. Արմեն Բադալյան

Երբ անցած տարի, ըստ որոշ վելուծաբանների, տեղի ունեցավ իշխանափոխություն, իսկ ըստ ոմանց՝ հեղափոխություն, և դեկտեմբերին քրեաօլիգարխիկ  համակարգը վերացվեց, հասկանալի էր, որ քաղաքական նոր ուժը պետք է բերեր նոր հայեցակարգեր ՀՀ-ում ժողովրդավարական  կարգեր  հաստատելու  վերաբերյալ, այսինքն՝ պիտի փոխվեր երկրի պետական համակարգի  իրավական ամբողջ բազան, որովհետև եղածը քրեաօլիգարխիկ համակարգին ծառայող իրավական բազա էր, բայց տեսանք, որ դեկտեմբերի 9-ից հետո հայեցակարգային որևիցե լուրջ հարց չներկայացվեց. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Ներկայացվող բոլոր հարցերն ինչ-որ օպերատիվ հարցեր են: Ոչ մի խոսք չկա սահմանադրական փոփոխությունների մասին, ի վերջո, այս Սահմանադրությունը կարվել էր այլ գործիչի համար, կոնկրետ մեկ գործիչի, և հիմա այդ կարված Սահմանադրությունն ուրիշ գործիչ է վայելում: Այսինքն՝ չկա Սահմանադրության փոփոխության հարց: Իշխող քաղաքական ուժն ասում է, թե Սահմանադրության մեջ ինչ-որ բարեփոխում պիտի կատարի, բայց  նոր ժողովրդավարական սահմանադրություն ստեղծելու կոնցեպտուալ քայլ չկա, նույնիսկ քննարկում չկա: Առաջին նախագահը, ՀԱԿ-ը ներկայացրեցին Սահմանադրության իրենց տարբերակը, որ պիտի վերադառնալ կիսանախագահական համակարգին, բայց մի քանի օր քննարկեցինք, և անցավ: Չկան այն տեսլականը և զարգացման վեկտորը, թե 5-10 տարի հետո Հայաստանն ինչպիսի պետություն է լինելու՝ խորհրդարանական կառավարման երկի՞ր, ինչը Եվրամիությանն է բնորոշ, կամ ինչպիսին են դե յուրե խորհրդարանական կառավարման երկիր համարվող Ավստրիան, Չեխիան, տեսլական չկա, իսկ եթե դա չկա, ուստի չկա նաև օրակարգ»,- ասաց նա

Ըստ Բադալյանի` չկա Սահմանադրության բարեփոխման հարց, չկա տնտեսության զարգացման տեսլական: «Շատ է խոսվում, թե տնտեսության մեջ մի քանի ճյուղ պիտի զարգանա, բայց թե տնտեսությունն ի՞նչ տեսք պիտի ունենա 5 տարի հետո, 10 տարի հետո, չկա: Օրինակ՝ պե՞տք է զարգանա քիմիական արդյունաբերությունը, թե՞ չպետք է զարգանա: Խոսում են միայն գյուղատնտեսությունից, ՏՏ-ից, տուրիզմից: Ի դեպ, տուրիզմի գործակալությունը մի քանի ամիս է` ղեկավար չունի: Կամ` խոսում են բարձր տեխնոլոգիաներից, իսկ արդյունաբերություն պե՞տք է զարգանա, թե՞ չպետք է զարգանա, դարձյալ քննարկում չկա: Քննարկում չկա նաև, թե ինչպիսին պիտի լինի դատաիրավական համակարգը, կոնցեպցիա չկա: Խոսում են ինչ-որ անցումային արդարադատության մասին, հիմա արդեն դա էլ չեն անում: Ըստ այդմ՝ մնում է միայն կառավարության ծրագիր, կառավարության կառուցվածք, Հարկային օրենսգիրք, և վերջ»,- մանրամասնեց Արմեն Բադալյանը:

Նա հիշեցրեց նաև, որ ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգը 2007-ին է ընդունվել, մինչդեռ աշխարհն այս ընթացքում շատ է փոխվել: «Անվտանգության խորհուրդը որևէ աշխատանք չի ձեռնարկում նոր հայեցակարգ ընդունելու ուղղությամբ: Արտաքին քաղաքական հայեցակարգը ևս 2007-2009-ին է ընդունվել, դարձյալ փոփոխման մասին խոսք չկա այսօրվա փոփոխվող աշխարհում: Ի վերջո, ՀՀ-ն ինքը դրանից հետո սկսեց բանակցել ԵՄ-ի հետ, հետո մտավ ԵԱՏՄ: Լուրջ փաստաթղթեր չկան օրակարգում»,- նշեց փորձագետը:

Ըստ նրա՝ այս իրավիճակը կշարունակվի այնքան, մինչև ընդդիմադիր խորհրդարանական կամ արտախորհրդարանական ուժերը չսկսեն գաղափարներ առաջարկել, օրակարգ առաջ քաշել, հակառակ դեպքում՝ անլուրջ օրակարգեր և թեմաներ են շրջանառվելու, որոնք 5 րոպեից ավելի արժանի չեն քննարկման: 

Անդրադառնալով իշխանության վարկանիշի անկման խնդրին՝ Արմեն Բադալյանը նշեց, որ իշխանության վարկանիշը, այսպես, թե այնպես, անկում ունենալու է, քաղաքագիտական օրենք է: «Չի լինում, որ իշխանափոխությունից հետո բարձր վարկանիշը պահպանվում է: Մեկ տարվա ընթացքում եթե որևէ գործողություն չես անում, առավել ևս ընկնում է: Իշխանության վարկանիշը միանշանակ ընկնելու է, բայց սա չէ հարցը, այլ` թե որն է այն  ուժը, որ կօգտվի վարչապետի  վարկանիշի անկումից և իր վարկանիշը կբարձրացնի: Դա էլ չկա, սա է խնդիրը: Ո՛չ ԱԺ-ում է ակտիվ գործունեություն ծավալվում ԼՀԿ-ի կամ ԲՀԿ-ի կողմից, ո՛չ էլ արտախորհրդարանական մի ուժ կա, որը կօգտվի վարչապետի քաղաքական թիմի վարկանիշի անկումից, գործողություններ կանի և կդառնա օրակարգ թելադրող ու կբարձրացնի իր իսկ վարկանիշը»,- շեշտեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:

Ըստ նրա՝ երբ օրակարգդ դատարկ է, դրսից կարող են քեզ օրակարգ թելադրել:  «Տարբեր ձևերով՝ և՛ ուղղակի, և՛ անուղղակի, քանի որ ՀՀ իշխանություններն անգամ տեղեկատվական անվտանգության հայեցակարգի վրա չեն աշխատում, իսկ տեղեկատվական անվտանգությունը կարևորագույն ոլորտ է: Չեն խոսում նաև պարենային անվտանգությունից, իսկ եթե Վրաստանում խնդիրներ ծագեցին, այդ դեպքում ի՞նչ ենք անելու. մենք տեսել ենք, թե ինչ եղավ, երբ ռուս-վրացական պատերազմը սկսվեց: Կամ` Իրանի հետ ինչ-որ բան լինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համատեքստում: Պարենային անվտանգության հայեցակարգն ո՞ւր է, ոչ մի բնագավառում հայեցակարգ չկա, իսկ օրենքները պետք է բխեն հայեցակարգերից»,- ամփոփեց Բադալյանը: