կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-08 11:45
Հասարակություն

Զոհված զինծառայողներից Էդգարը Հրազդանից էր, Դավիթը՝ Բազմաբերդից. երկուսն էլ հունվարին պետք է զորացրվեին

Զոհված զինծառայողներից Էդգարը Հրազդանից էր, Դավիթը՝ Բազմաբերդից. երկուսն էլ հունվարին պետք է զորացրվեին

Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված 4 ժամկետային զինծառայողներից երկուսը մարզից էին. 20-ամյա Էդգար Հունանյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր, իսկ 20-ամյա Դավիթ Մելքոնյանը` Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից:

Ներքին Բազմաբերդի համայնքի ղեկավար Խաչատուր Նորեյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ  Դավիթ Մելքոնյանը երկու ամսից՝ հունվարին, զորացրվելու էր: «Գորիսի զորամասում էր ծառայում, գնացել էին զորավարժությունների: Դավիթը երկու եղբայր ունի: Մեծը ծառայել, վերադարձել ու հիմա շինարարությամբ է զբաղվում, իսկ կրտսերն այս տարի ձմռանն է զորակոչվել բանակ, Մատաղիսում է ծառայում, կարատեով է զբաղվում, Հայաստանի չեմպիոն է։ Հայրն արտագնա աշխատանքով է զբաղվում, այս պահին Հայաստանում է»,- հայտնեց համայնքապետը:

Նա տեղեկացրեց նաև, որ Դավիթն էլ դպրոցն ավարտել ու բանակ է գնացել: Նա գյուղում հայտնի է որպես խելոք, համեստ տղա: Դավթի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, իսկ թաղման արարողությունը՝ շաբաթ օրը:

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ  20-ամյա Էդգար Հունանյանը նույնպես ամիսներ անց՝ 2019-ի հունվարին պետք է զորացրվեր: Էդգարը բեռնատարի վարորդն էր: Նրա մայրը նախկինում աշխատել է Հրազդանի քաղաքապետարանի սպորտի բաժնում, իսկ հայրը նախկին ոստիկան է: Էդգարն ունի երկու քույր:

Միքայելյանը տեղեկացրեց նաև, որ Էդգարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Կոճոռ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում: