կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-08 22:09
Առանց Կատեգորիա

Սասունցիների պարը

Սասունցիների պարը

Գյումրեցիները «Սասունցիների պարը» ներկայացումը դիտելու և Սասունը վերապրելու համար 2018 թ. հոկտեմբերի 13-ին լցրել էին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 600 հոգանոց դահլիճը: Ես նույնպես գյումրեցիների մեջ էի` որպես Հերման Խնդիրյանի հրավիրյալ: Մի կողքիս սրբազան Գարեգին Բեքճյանն էր նստած, մյուսիս` թարգմանիչ Մելինե Անումյանն ու Հերման Խնդիրյանը: Այնտեղ էին նաև Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Էջմիածնից` սրբազան Վարդան Նավասարդյանը և «Սասունցիների պարը» ներկայացման բեմադրիչ և երգահան Մաժակ Թոշիկյանը:

Մաժակ Թոշիկյանի հետ ծանոթացել էի Երևանում, Հերման Խնդիրյանի շնորհիվ: 3 օր էր` միասին էինք, սակայն այնպես էինք մտերմացել, կարծես` 40 տարվա ընկերներ լինեինք:

«Սասունցիների պարը» ներկայացման մասին նախնական գիտելիքներ էի ստացել Հերմանից ու Մաժակից: Այդ մեծ նախագիծը Մաժակ Թոշիկյանին առաջարկել էր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Մաժակն ընդունել էր այդ առաջարկը և «Սասունցիների պարը» ներկայացման նախագծի իրականացման համար պաշտոնապես պայմանավորվել ՀՀ Սփյուռքի նախարարության հետ: Թեև Հայաստանի նոր կառավարությունը, խնայողություն անելու նկառառմամբ, բազմաթիվ մշակութային ծրագրեր էր չեղյալ արել, սակայն շարունակել էր աջակցել «Սասունցիների պարը» նախագծին:

Մաժակ Թոշիկյանը հայ նշանավոր գրող Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» վերնագրով 8 էջանոց պոեմի համար օգտագործել էր իր 50-ամյա գիտելիքները և մեկ տարվա ընթացքում բեմադրել այն: «Սասունցիների պարը» ներկայացումն առաջին անգամ ցուցադրվել էր 2018 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում: Երևանյան ցուցադրությունն առաջինն ու վերջինը պետք է լիներ: Սակայն Մաժակ Թոշիկյանը ցանկանում էր, որ այն ներկայացվի նաև Գյումրիում: Դրա համար նյութական միջոցներ էին անհրաժեշտ: Մաժակը նախագծի մասին պատմել էր Հերման Խնդիրյանին և խնդրել, որ վերջինս հովանավորի Գյումրիում ցուցադրությունը: Եվ Հերման Խնդիրյանն ստանձնել էր բոլոր ծախսերը, այդ թվում` 60 հոգանոց պարախմբի, արվեստի գործիչների, ղեկավարների փոխադրման, կեցության և սննդի ծախսերը: Հերմանը նաև վարձել էր Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 600 հոգանոց դահլիճը, իսկ ներկայացման տոմսերն` անվճար կերպով և Վահան Թումասյանի միջոցով մեկ առ մեկ բաժանել արվեստասեր գյումրեցիներին:

Այս ներկայացման` Գյումրիում բեմադրման համար անհրաժեշտ բոլոր գործերը կամավոր կերպով իրականացրել էր Վահան Թումասյանը: «Սասունցիների պարը» ներկայացման մասնակիցները 2018 թ. հոկտեմբերի 12-ին եկան Գյումրի և տեղավորվեցին այստեղի հյուրանոցներից մեկում: Ընթրիքն արեցինք միասին` Վահան Թումասյանի «Շալե Գյումրի» ռեստորանում: Ծանթոցանանք ու մտերմացանք իրար հետ:

Մինչև 2017 թ. ոչ ոք չէր համարձակվել բեմադրել 1998 թ. Երևանում վախճանված Գևորգ Էմինի այդ նշանավոր բանաստեղծությունը: Իսկ 1947 թ. Ստամբուլի Քընալը կղզում ծնված, Թուրքիայի երաժշտական աշխարհում ևս իր ստեղծագործություններով հայտնի Մաժակ Թոշիկյանը խիզախել էր այդ գործն ստանձնել, որը հաջողությամբ էր պսակվել:

Պոլսեցի Մաժակին բոլորը ճանաչում էին, բայց նրա անունը ոչ ոք չգիտեր: Թուրքիան նրան ճանաչել էր Ջենք Թաշքան անունով: 1981 թ. նա ստիպված էր եղել Կանադա գաղթել:

Ջենք Թաշքանն աշխատել էր Թուրքիայի երաժշտական աշխարհի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են` Նյուքհեթ Դուրուն, Հյումեյրան, Նիլյուֆերը, Աժդա Փեքքանը, Նեջոն, Ջոշքուն Դեմիրը, Թանժու Օքանը, Սիբիլ Փեքթորոսօղլուն, Սեզեն Աքսուն և Աշքըն Նուր Յենգին: Ջենք Թաշքանը Թուրքիային էր նվիրել իր գիտելիքները, սերը, հոգին, երիտասարդությունը: Սակայն Թուրքիան նրան թույլ չէր տվել ազատ կերպով իր հայկական անունն օգտագործել: Միայն նա կհասկանա, թե ինչ է նշանակում հարազատ ինքնությունը և անունը թաքցնելով ու թուրքական կեղծանուն կրելով ապրելը, ում հետ նման բան պատահել է:

Ամբողջական հոդվածը` այստեղ: