կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-05 16:09
Քաղաքական

Մարդիկ հողմաղացներ են հորինում. Արայիկ Հարությունյանը հերքում է, որ իրենց ցուցակում հեղինակազրկվածներ կլինեն

Մարդիկ հողմաղացներ են հորինում. Արայիկ Հարությունյանը հերքում է, որ իրենց ցուցակում հեղինակազրկվածներ կլինեն

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային կարգով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա և նշեց, որ առաջադրվելու է Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։

Իսկ թե ընտրություններից հետո կգա՞ խորհրդարան, թե՞ կմնա գործադիրում, Հարությունյանը պատասխանեց, որ այս պահին որևէ որոշում չկա, պարզ կդառնա` ըստ արդյունքների և թիմի հետ քննարկումների։

Դիտարկմանը` դժգոհություններ կան, որ նախկին իշխանությունների ժամանակ պաշտոն զբաղեցրած և հեղինակազրկված անձինք կարող են լինել իշխող ուժի ցուցակում, Հարությունյանը պատասխանեց, որ իրենք չեն անդրադառնում այդ մեկնաբանություններին:  «Որովհետև մարդիկ էլի հողմաղացներ են հնարում, պայքարում դրանց դեմ, բայց դրանք իրականում չկան: Ես կոչ կանեմ սպասել, առաջիկայում ցուցակը կհրապարակվի, նոր ինքներդ կարող եք գնահատական տալ»,- ասաց նա:

Իսկ թե ովքե՞ր են լինելու այն մի քանի ՀՀԿ-ականները, որոնք, վարչապետի պաշտոնակատարի խոսքով, լինելու են «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում, Հարությունյանը չմանրամասնեց: 

Նա անդրադարձավ նաև ՔՊ-ին անդամագրվելու հերթերին:  «Մենք շատ լուրջ ֆիլտրեր ենք դրել, որովհետև անմիջապես հեղափոխությունից հետո սկսեցին հազարներով անդամագրվել ՔՊ-ին»,- ասաց Հարությունյանը:

Իսկ թե որո՞նք են կուսակցության մշակած ֆիլտրերը, նշեց` նախկինում ՔՊ կուսակցության գործունեությանը, ինչպես նաև վերջին քաղաքական պրոցեսներին մասնակցությունը։