Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսօրվա կառավարության նիստի սկզբում անդրադառնալով հասարակության կողմից գործադիրին հասցեագրված բողոք-դիմումներին, նշեց, որ դրանց հետ ծանոթանալու ընթացքում հանդիպել է մի շատ տհաճ երևույթի, որը կապված է նախարարությունների միջին օղակի աշխատակիցների հետ։ Ըստ վարչապետի` շատ հաճախ մարդիկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաների են գալիս, որովհետեւ միջին օղակի չինովնիկները խնդիրներ ունեցող մարդկանց ասում են, թե իրենք ոչինչ անել չեն կարող, եւ որ կառավարությունը պետք է որոշում ընդունի:
«Սա անթույլատրելի մոտեցում է։ Այսինքն՝ մարդկանց ուղղորդում են, որ մարդիկ գան եւ կառավարության շենքի առջև միտինգ անեն։ Նրանք կա'մ կոմպետենտ չեն, կա'մ հատուկ են անում: Փոխանակ իրենց լիազորություններին վերաբերող հարցերին պարզաբանումներ տան, այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն։ Ես բոլոր նախարարներին այսուհետ կուղարկեմ իրենց ոլորտներին վերաբերող հարցերը, որ ինձ չդիմեն, դա ճիշտ չէ»,- ընդգծեց վարչապետը։
Վարչապետը կարեւորեց, որ կառավարության հասցեին հնչող ցանկացած հարց կամ քննադատություն անպատասխան չմնա եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրվի ԶԼՄ-ներին։ Նա առանձնացրեց չորս խնդիր, որոնք, ըստ նրա, պահանջում են մանրակրկիտ պարզաբանում։
Առաջինը կապված է «Հազարամյակների մարտահրավերների» ծրագրի հետ` որ 14 մլն դոլար տրամադրվել է դասախոսությունների համար։ Նա ընդգծեց, որ մամուլն ինչ-որ ենթատեքստերով շարունակում է շոշափել այդ թեման, թե այդ գումարները փոշիացվել են, եւ հայտարարեց, որ մեկ անգամ եւս այդ տեղեկատվությունը կտրամադրվի ԶԼՄ-ներին, որպեսզի վերացվեն այդ քաղաքական սպեկուլյացիաների հիմքերը: Նա նաեւ հայտնեց, որ այդ ծրագրի ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ պայմանագրերը կնքվել են 2007-ին, մրցույթն անցկացրել է ամերիկյան կողմը, նրանք էլ ճանաչել են հաղթողին, աուդիտ իրականացրել եւ արդյունքները գնահատել խիստ արդյունավետ։
Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ վարչապետը, «Նաիրիտ» գործարանի հետ է կապված։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցներն անհասկանալի սցենարներ են նկարագրում՝ փորձելով այն կապել իր անվան հետ։ «Նաիրիտի» հետ առնչվող բոլոր ծրագրերն ունեն հիմք՝ կառավարության որոշումները, երբ կառավարությունը 2001-ին և 2006-ին պայմանագրեր է ստորագրել «Ռայնովիլ» ընկերության հետ։ Բոլոր գործարքների վերաբերյալ ամբողջական փաթեթը նույնպես կտրամադրվի ԶԼՄ-ներին, որպեսզի այստեղ էլ քաղաքական սպեկուլյացիաներ չլինեն»,- ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաեւ իր անվան հետ կապված օֆշորային սկանդալին: Նա հայտարարեց, որ ԶԼՄ-ները հեքիաթներ են հորինում՝ փորձելով վարկաբեկել իրեն։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով, եւ ոչ մի անպատասխան հարց չի մնալու։ «Եթե հետաքննող լրագրողները բարեխիղճ եւ օբյեկտիվ լինեն, ապա կզանազանեն թացը չորից»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իրենք հետամուտ են լինելու, որ ամբողջ տեղեկատվությունը հասանելի լինի հասարակությանը։
Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց՝ կազմել ժամանակացույց, որպեսզի բոլոր նախարարները հանդիպեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ եւ պատասխանեն այն հարցերին, որոնք հուզում են հասարակությանը՝ ՎՊ բացահայտումների հետ կապված։ Այստեղ էլ, ըստ վարչապետի, անպատասխան որեւէ հարց չպետք է մնա: