կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-23 11:35
Քաղաքական

ՍԴ-ն կոչված է լինել պետության խիղճը. Վահե Գրիգորյանի` ՍԴ դատավոր ընտրվելու հարցն է քննարկվում

ՍԴ-ն կոչված է լինել պետության խիղճը. Վահե Գրիգորյանի` ՍԴ դատավոր ընտրվելու հարցն է քննարկվում

ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի ընտրվելու համար հանրապետության նախագահի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ Սահմանադրական դատարանը կոչված է լինել պետության խիղճը: «Ինձ համար ՍԴ-ի առաջնային նպատակը անհատական և հիմնարար իրավունքների պաշտպանությունն է: Այս առումով` իմ մասնագիտական գիտելիքները և փորձառությունը լիովին համապատասխանում են ՍԴ դատավորի չափորոշիչներին»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով` անհատական և հիմնարար իրավունքներն իրենցից ենթադրում են` չկա բազմություն առանց մեկի, բայց կա մեկն առանց բազմության: «Հիմնարար ազատությունների և իրավունքների պաշտպանության ոլորտում դա թարգմանվում է, որ չկա հանրությունն առանց մարդու, բայց կա մարդն առանց հանրության: Այլ խոսքով` պետության և քաղաքացիության հետ հարաբերություններում դա թարգմանվում է` չկա պետություն առանց քաղաքացու, բայց կա քաղաքացի առանց պետության: Նման սահմանային իրավիճակներում իմ հավատամքը սա է լինելու»,- ասաց նա:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց ՍԴ դատավորի թեկնածուին: «Դուք ասացիք, որ ՍԴ-ն պետք է լինի պետության խիղճը, ինչի հետ դժվար է չհամաձայնել: Ես` նաև որպես նախկին լրագրող, ասում եմ` ով տեսել է, թե ինչպես է մեր Սահմանադրական դատարանը բազմիցս կատարել  նախագահականից կամ գործադիրից պատվեր, եղել իշխանության կցորդը: Դուք հավատո՞ւմ եք, որ նոր քաղաքական իրավիճակում ՍԴ-ն` իր այս կազմով, որոնց գերակշիռ մեծամասնությունը մնացել են նախկին դատավորները, նման տրանսֆորմացիաների կենթարկվի և կփոխվի»,- հարցրեց նա:

Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, ես չեմ հավատում»:

Զոհրաբյանն էլ ասաց, որ միանում է նրա «ոչ»-ին: «Դուք միանգամայն իրավացի եք»,- նշեց նա: