կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-29 13:20
Քաղաքական

Խորհրդարանի քվեարկությունն այսօր նրա արժանապատվության հարցն է, պատանդ չդառնալու հարցն է. Արմեն Աշոտյան

Խորհրդարանի քվեարկությունն այսօր նրա արժանապատվության հարցն է, պատանդ չդառնալու հարցն է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը խորհրդարանում ելույթ ունենալիս ներկայացրեց, թե, ըստ իրեն, ինչ է կատարվում դահլիճում:

«Մեկ շաբաթ առաջ ԸՕ-ն նույնությամբ անփառունակ տապալվեց այս դահլիճում: Գործող իշխանությունները գտան ձևը, թե ինչպես  կրկին բերեն նախագիծն այս դահլիճ: Իմ քննարկման առարկան կառավարությունն է: ԸՕ-ն դռներից հանեցինք, ծխնելույզից նորից մտավ խորհրդարան: Վարչապետն էլ, երևի հիմա նստած էկրանի մոտ, նայում է և մտածում` ինքը Հուլիոս Կեսարն է, ՀՀԿ-ն, «Ելք»-ը «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն էլ գալական ցեղերն են, հիմա իրար կուտեն, ինքն էլ իր կայսրությունը կընդլայնի: Չի լինելու նման բան, պարո'ն վարչապետ: Այս քաղաքական պատասխանատվությունը Ձեզ վրա է` անկախ նրանից, թե քանի պատգամավոր կմոբիլիզացնեք այսօր` քվեարկելու համար»,- ասաց պատգամավորը:

Աշոտյանը պնդեց, որ քաղաքական կոնսենսուս չկա: «ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու: Բոլոր այն կարծիքները, որ կոնսենսուս մինուս մեկ է, թերի քաղաքական արժեք են ստանում` հատկապես երկրում հանդուրժողականության և քաղաքական կոնսոլիդացիայի տեսակետից, ինչպես նաև եվրոպական ինստիտուտների աչքում: Այլակարծությունը սաբոտաժ մի' կոչեք, մեղք է: Սա սաբոտաժ չէ, սա քաղաքական դիրքորոշում է: ԸՕ փոփոխությունները հրամցնել որպես ժողովրդավարական բարեփոխում, ծաղր է ժողովրդավարության հանդեպ: Որևէ Եվրոպական երկրում ընտրություններից 42 օր շուտ ընտրական օրենսգիրք չեն փոխում, ինչքան ուզում եք այստեղ իրար ու հասարակությանը փորձեք համոզել: Հայաստանը դառնալու է առաջինը Եվրոպայի խորհրդում, որ ընտրություններից 42 օր առաջ հիմնարար փոխում է ԸՕ-ն»,- ասաց նա:

Աշոտյանը հարց հնչեցրեց: «Վենետիկյան հանձնաժողովի նախագահի կարծիքը մոռացա՞նք միանգամից: Կառավարության ծրագրում կար ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի հետ աշխատանք, կա՞ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի պաշտոնական կարծիք` այս նախագծի հետ կապված»,- հարցրեց նա:

Աշոտյանը վստահություն հայտնեց, որ խորհրդարանում այսօր գործադրվել են ճնշումներ`  ձայներ ապահովելու համար: «Առաջին փոխվարչապետն ասում է` ճնշում չեմ գործադրել, զանգել եմ, որ տեսնեմ` ոնց են: Հարգելի' պարոն Միրզոյան, բա ինձ ինչի՞ չես զանգել, տեսնես, թե ոնց եմ: Մի անգամ sms ես ուղարկել ապրիլին` հեղափոխության օրերին, տեսել ես, որ չի ստացվում, ու քեզ  էլ չի հետաքրքրում իմ ողջությունը: Այսինքն` քեզ հետաքրքրում է միայն այն մարդկանց ողջությունը, որոնք կողմ են քվեարկելու նախագծին: Այսօրվա օրակարգը հոկտեմբերի 2-ի իրադարձությունների շարունակությունն է, խորհրդարանը մնում է պաշարված կառավարության կողմից: Սա հոկտեմբերի 2-ի շարունակությունն է` այլ մեթոդներով: Այո, այսօր ունեք այդ իշխանությունը, հարգելի' կառավարություն, կարող եք  սև արշավ նախաձեռնել բոլոր այն մարդկանց դեմ, որոնք համարձակվելու են դեմ խոսել, բայց խորհրդարանում չի սահմանվելու ստոկհոլմյան համախտանիշ, մենք ձեր պատանդն ենք, բայց օգնություն ու համերաշխություն խորհրդարանը չպետք է հայտնի կառավարությանը: Չձևավորեք խորհրդարանում ստոկհոլմյան համախտանիշ, ինչքան էլ պատանդառու ենք մենք` բոլորս, երևի բացառության ՔՊ կուսակցության պատգամավորների: Սա ժողովրդավարություն չէ, քաղաքական կոնսենսուս չէ, սա փորձ է խորհրդարանի ձեռքերով շագանակներ հանել խարույկից: Մի' մտածեք ՀՀԿ-ի մասին, պետք չէ փոխել մեզ համար ԸՕ-ն: Երբ ասում եք` ՀՀԿ քաղաքական թևն ուզում է ՀՀԿ ռեյտինգային համակարգի պահպանում, բայց ՀՀԿ-ի մի մասը դեմ է քվեարկում ռեյտինգայինին, ձեր ծիծաղն էլ է գալիս դրա վրա: Այսինքն` ի՞նչ, ես, Արփինեն, Շարմազանովը կո՞ղմ ենք ռեյտինգային համակարգին: ՀՀԿ-ի այդ մասն առանձին է աշխատում, այդ փաստարկները մի' բերեք` ընդհանրապես: Խորհրդարանի քվեարկությունն այսօր խորհրդարանի արժանապատվության հարցն է, պատանդ չդառնալու հարցն է»,- շեշտեց պատգամավորը: