Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է կառավարության կողմից առաջարկված` ԸՕ բարեփոխումների նախագծի քննարկումը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը մտահոգություն ուներ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի հեռուստաբանավեճերի հետ կապված: Դիմելով արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին` նա ասաց. «Օրենքի նախագծի մեջ կան դրույթներ, որոնք միտված են ընտրական գործընթացը հանրությանն առավել հասանելի դարձնելուն, ուստի կուսակցությունների գաղափարների, մոտեցումների իմաստով կարևոր է, որ մտել է հեռուսատաբանավեճերի ինստիտուտը, բայց այստեղ ունեմ մի մտավախություն` եթե հեռուստաբանավեճեր տեղի են ունենալու զուտ քաղաքական մոդային տուրք տալու համար, այն ֆորմատով, որ մինչև այժմ տեղի էին ունենում, ապա դրանք, շոուից բացի, որևէ բովանդակային խնդիր չեն լուծելու, որովհետև որևէ հեռուստաընկերություն չպետք է որոշի, թե ինչ թեմայի շուրջ բանավիճեն քաղաքական ուժերը»,- ասաց պատգամավորը:
Ըստ Սեյրանյանի` այն ժամաքանակը, որ տրված է քաղաքական ուժերին հեռուստաբանավեճի ժամանակ ներկայացնելու համար, բավականացնելու է միայն 2-3 նախադասությամբ կամ ռեպլիկների միջոցով ծրագրերը ներկայացնելուն:
«Ասածս հետևյալն է` կա'մ հեռուստաբանավեճերը լինեն առաջին դեմքերի մասնակցությամբ, որպեսզի կուսակցություններն առաջին դեմքերի մակարդակով կարողանան պատասխանել բոլոր հիմնախնդիրներին, կա'մ էապես ձևափոխվի հեռուստաբանավեճերի` այդ ֆորմատը, բայց կուսակցությունների մակարդակով ձևափոխվի, որպեսզի որևէ հեռուստաընկերություն ու հեռուստահաղորդավար ինքը չորոշի, թե կուսակցություններն ինչ ձևով պետք է մոտենան հեռուստաբանավեճին»,- ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդպիսի մշակույթ ձևավորված է արևմուտքում, և ավանդույթի ուժով է դա արվում: «Այն, ինչ առաջարկում եք, կարող է իրագործվել: Պետք է քննարկել, թե դա որքանով է հնարավոր հիմա իրականացնել, դա պետք է կանոնակարգվի ԸՕ-ո՞վ, թե՞ դրա կանոնակարգումները վերապահվի կառավարությանը կամ ԿԸՀ-ին: Տվյալ դեպքում խոսքը գնում է մեկ բանավեճի մասին, որը պետք է անցկացվի առաջին դեմքերի մասնակցությամբ: Հիմա անցնել նման ֆորմատի` պետք է քննարկվի դրա նպատակահարմարությունը»,- ասաց Զեյնալյանը:
Նա առաջարկեց, որ պատգամավորը ներկայացնի իր առաջարկություն, իրենք էլ կքննարկեն դրա իրավական ու տեխնիկական խնդիրները: «Պետք է հասկանալ` մեր քաղաքականության մշակույթը բավարարո՞ւմ է, որպեսզի քաղաքական ուժերի ներկայացուցիչները հավաքվեն և որոշում կայացնեն, թե ինչ հարցի շուրջ է լինելու բանավեճը, ինչ արգելված թեմաներ կան, որոնց մասին չպետք է խոսել, քանի րոպե է լինելու հարցադրումը և այլն: Ներկայացրեք առաջարկությունը, քննարկենք»,- ասաց նա:
Սեյրանյանը նշեց, որ կներկայացնի առաջարկ, ապա հավելեց. «Եթե քաղաքական ուժերն առաջին դեմքով հեռուստաբանավեճերին մասնակցելու խնդիր ունեն, այդ դեպքում ինչո՞ւ են, առհասարակ, ընտրություններին մասնակցում, եթե սեփական կուսակցության ծրագիրը ներկայացնելու ինչ-որ կաշկանդում կամ պատրաստվածության թերացում ունեն»:
Զեյնալյանը ևս մեկ անգամ նշեց, որ եթե լինի առաջարկությունը, իրենք կարող են այն քննարկման առարկա դարձնել քաղաքական ուժերի հետ և որոշել` հիմա՞ ընդունել, թե՞ ապագայում: