Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ քաղաքի տարբեր հատվածներում ընտրարշավի համար նախատեսված հատուկ ցուցանակների վրա պատռել են ՀՅԴ թեկնածուների պաստառները, կամ նրանց պաստառների վրա փակցվել են այլ, մասնավորապես` «Իմ քայլը» դաշինքի պաստառները: Նույն պատկերն այսօր նաև Քանաքեռ-Զեյթունում էր, որտեղ ՀՅԴ թեկնածուները հանդիպումներ էին անցկացնում:
Խնդրի մասին խոսեցինք ՀՅԴ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու Սպարտակ Սեյրանյանի հետ, ով մասնակցում էր Քանաքեռ-Զեյթունում քաղաքացիների հետ հանդիպմանը:
Սեյրանյանը նշեց, որ Հայաստանում ամենատարբեր ընտրություններից առաջ բոլորը խոսում են, որ ընտրարշավը պետք է անցնի բնական մթնոլորտում, որ բոլորին ձեռնտու է, որ ընտրությունները լինեն ծրագրերի և գաղափարների շուրջ, բայց, ցավոք, հերթական անգամ նկատում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ամենաբարձրն են խոսում քաղաքակիրթ քարոզարշավ անցկացնելու անհրաժեշտության մասին, առաջինը հենց նրանք են խախտում քաղաքակիրթ քարոզարշավի տրամաբանությունը:
«Հասարակությունն ինչ-որ մասերի բաժանել, հասարակության մի հատվածին մյուս հատվածի դեմ լարել, հասարակության մեջ ներքին թշնամիների փնտրտուք... Եվ այս բոլոր մոտեցումները ընդամենը մի բանի են հանգեցնելու:
Ընտրությունները երկու կարևորագույն հիմնախնդիր ունեն, մեկը` որոշում են, թե ո՞ր քաղաքական ուժը պետք է իշխանություն ունենա, և երկրորդ կարևոր հանգամանքը` եթե անգամ ընտրություններից առաջ հասարակությունում քաղաքական մրցապայքարի տրամաբանության ներքո իրար դեմ են լարվում, կամ մրցակությունն ինչ-որ տեղ նաև սահմաններն անցնում է, ընտրություններից անմիջապես հետո հասարակությունը պետք է կոնսոլիդացվի: Այսինքն` կարևորագույն չափորոշիչն ինձ համար այն չէ, թե այդ ընտրությունները լեգիտի՞մ են եղել, ընտրական գործընթացը եղել է թափանցի՞կ, արդա՞ր, թե՞ ոչ, որ քաղաքական ուժը քանի՞ տոկոս է ստացել, ո՞ր քաղաքական ուժն է իշխանություն ձևավորելու հնարավորություն ստանալու: Ինձ համար ամենակարևոր չափորոշիչը հետևյալն է` ընտրություններից հետո մեր հասարակությունն ավելի ուժե՞ղ է լինելու, թե՞ ավելի թույլ»,- ասաց Սեյրանյանը` հավելելով. «Ցավոք, այս քարոզարշավի ողջ տրամաբանությունն ինձ լավատեսության հիմքեր չի տալիս, որ ընտրություններից հետո մենք ունենալու ենք ընտրական գործընթացից ավելի ուժեղ դուրս եկող հասարակություն»:
Ըստ նրա` եթե քարոզարշավի ժամանակ ասում ես բառեր, նախադասություններ, չպիտի անցնես այն սահմանը, որ հետո եթե ուզենաս դիմացինին ձեռք մեկնել, նախ դու, ժողովրդական լեզվով ասած, երես ունենաս, դիմացինն էլ տեղ ունենա քո մեկնած ձեռքն ընդունելու: «Չի կարելի անցնել սահմաններ` լինեն ազգային խնդիրներ, լինեն Արցախին վերաբերող հարցեր և այլն: Չի կարելի մեկ-երկու քվեի համար անցնել սահմաններ, որոնք հետո շատ դժվար է լինելու վերականգնել»,- նշեց Սեյրանյանը:
Նա ընդգծեց, որ, սա ասելով, նկատի չունի միայն գաղափարական հարցերը: «Ես չեմ կարող լուրջ գաղափար ակնկալել որևէ ուժից կամ որևէ ուժի ռեյտինգային թեկնածուից, որն իր պաստառը տանում, փակցնում է մեկ այլ ուժի ներկայացուցչի պաստառի վրա: Երբ այսպիսի մանր գյադայություն, քաղաքական լակոտություն է արվում, ես չեմ կարող վստահել այդ քաղաքական ուժի գաղափարներին ու ծրագրերին: Եթե նա քաղաքական մրցապայքարի մեջ իրեն թույլ է տալիս նման պրիմիտիվ, լակոտական դիրքորոշում, ես չեմ կարող այլևս վստահել, որ նա ավելի կարևոր հարցերում շատ լուրջ գաղափարական, ծրագրային` չգիտեմ ինչերով է առաջնորդվում: Եվ, առհասարակ, անկախ նրանից` այդ ուժը գաղափարախոսություն ունի, թե չունի, ինձ համար նման վարվելակերպը ցույց է տալիս, որ նա ձևականություն է անում, խաբում է ժողովրդին: Որովհետև, եթե դու վստահ ես, որ քո գաղափարը ճիշտ է, դու դիմացինիդ չես հայհոյի, չես վարկաբեկի, դու քո պաստառը չես փակցնի դիմացինի պաստառի վրա, նրա պաստառը պատռելով` քոնը չես փակցնի վրան: Սա ոչ թե քաղաքական պրիմիտիվիզմ է, այլ նշանակում է, որ մարդիկ իրենց առաջ խնդիր են դրել` հաջողության հասնել ամեն գնով, և այդ ամեն գնի մեջ մտնում է նաև հասարակությունը պառակտելը»,- ասաց Սպարտակ Սեյրանյանը:
Մեր դիտարկմանը, որ այսօր թռուցիկներ բաժանելիս Քանաքեռ-Զեյթունում առաջադրված թեկնածու Գեղամ Մանուկյանն այցելեց «Իմ քայլը» դաշինքի շտաբներից մեկը` փորձելով պարզել` ինչո՞ւ են նման քայլի դիմում, շտաբում ներկաներից մեկը փորձեց այն վերագրել հենց դաշնակցականներին, նա պատասխանեց. «Մենք մեր պաստառը պատռե՞լ ենք, մեր պաստառի վրա փակցրել ենք նրա՞նց պաստառը: Որպեսզի նրանց պաստառը մեր պաստառի վրա փակցնեինք, նախ նրանց պաստառը պետք է ունենայինք, չէ՞: Ինչպես որ նրանք մեր պաստառները չունեն, այնպես էլ մենք` նրանցը: Հետևաբար` ավելի տրամաբանական է, որ եթե նրանց պաստառը փակցված է մեր պաստառի վրա, ապա հենց նրանք են փակցրել: Եթե իմ դիմացինը ինչ-որ սխալ քայլ է անում և տղամարդավարի ասում է` այո, արել եմ, էլ չեմ անի, կամ` լավ եմ արել, էլի եմ անելու, երկու տարբերակն էլ ես կարող եմ հասկանալ, բայց երբ անում է ու ասում` ես չեմ արել, դա արդեն քաղաքական մակարդակ չէ, չափահաս մարդու մակարդակ չէ: Այդ մակարդակը մանկական էլ չէ: Եվ եթե մանկամիտ մտածելակերպով ուզում են Ազգային ժողով ղեկավարել, վայ այն երկրին, որի Ազգային ժողովը մանկամիտ մտածելակերպով մարդկանցով պետք է ձևավորվի»:
Մեր հարցին, թե Դաշնակցությունն, առհասարակ, այս ընտրություններում հաղթելու շանսեր ունի՞, Սեյրանյանը պատասխանեց. «Որևէ քաղաքակն ուժ չպետք է գնահատի իր շանսերը: Ես կարծում եմ` հասարակությունը լուրջ շանս ունի այսօր ձևավորելու լուրջ խորհրդարան` իր առջև կանգնած խնդիրները լուծելու համար: Եվ եթե Դաշնակցությունը քիչ քվե հավաքի, դա Դաշնակցության խնդիրը չի լինելու, դա լինելու է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խնդիրը»: