Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործող համամասնական ընտրակարգը շեղված է մաքուր համասնական համակարգից` հիմքում ընկած է թաքուն մեծամասնական համակարգը. Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի երրորդ նիստում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Այսպիսի ընտրություններ անցկացնելը չի բխում ժողովրդավարական իշխանություն ձևավորելու սկզբունքից: Առաջարկում ենք հաջորդ ընտրություններն անցկացնել 100 տոկոսանոց փակ ցուցակով»,- ասաց նա:
Բագրատյանի խոսքով` այս պարագայում էլ խորհրդարանում մարզերից թեկնածուների ներկայացվածության հարցն է առաջանում: Նա ասաց, որ մարզերից թեկնածուներ ներգրավելու համար առաջարկում են ԸՕ-ով սահմանել, որ յուրաքանչյուր կուսակցության համապետական ցուցակի յուրաքանչյուր 6-րդ համարը լինի յուրաքանչյուր մարզից մեկական թեկնածու: «Մինչև 300 հոգուց բաղկացած ցուցակի ավարտը, ըստ մարզերի մեծության, լրացվում են թեկնածուներ, և մարզից մինչև 10 թեկնածու ունենալու հնարավորություն է ստեղծվում»,- ասաց նա:
Հարցին` եթե Լոռու մարզի թեկնածուն իր մանդատից հրաժարվում է, ո՞ւմ է փոխանցվում մանդատը, Բագրատյանը պատասխանեց, որ, հաշվի առնելով` Վանաձորից է, իրավունք ունի իր լիազորությունը փոխանցելու մարզի մյուս թեկնածուին, բայց, ընդհանուր առմամբ, դա ներքին կուսակցական որոշման հարց է:
Վիգեն Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ մարզերի բնակչության մեծամասնության որոշելու հերթականության դեպքում ստացվում է, որ մեծ մարզերից մտնում են խորհրդարան, իսկ փոքրերը մնում են:
Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց. «Իսկապես մտահոգություն է, բայց նման սկզբունքն ընդգրկել ենք` հաշվի առնելով Դավիթ Հարությունյանի մտահոգությունը, որ մարզերից ներկայացվածություն ապահովվի: Ըստ նրա` կարելի է կիրառել նույն սկզբունքը, ինչ ազգային փոքրամասնությունների դեպքում է՝ մեծ մարզերը գնում են մեծ խմբակցություն»:
ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ կիսում է այն մտահոգությունը, որ նոր ձևավորվելիք խորհրդարանում չպետք է միայն Երևանը ներկայացված լինի, այնուամենայնիվ, երկու խնդիր է տեսնում: Նրա կարծիքով` հակառակ կողմը` պարտադիր քվոտայավորումն անպայման ապահովելը, նշանակում է հարցին մի քիչ արհեստականորեն մոտենալ:
«Ենթադրենք` X քաղաքական ուժը Գյումրիում ունի 5,6 լավ քաղաքական գործիչներ և, ենթադրենք, Լոռու մարզում չունի որևէ մեկը: Միայն նրա համար, որ ինչ-որ մարզ բնակչության թվով ավելի շատ է, պարտավորված այդ մարզից պետք է ներկայացուցիչ լինի, սակայն պետք է այնտեղից միկրոսկոպով փնտրել, գտնել քաղաքական գործչի նման մեկին: Հանրային ճանաչում ունեցող այլ մարզերի ներկայացուցիչների իրավունքներն այս դեպքում ոչ թե կոտնահարվեն, այլ ստացվելու է, որ արհեստականորեն ստիպված կլինեն տեղավորվել ԸՕ պահանջների մեջ»,- ասաց նա:
Նա ասաց, որ չի կարծում` բնակչության թիվը, «պատգամավորի կենդանի քաշը», որոնք քաղաքականության հետ կապ չունեն` խորքի մեջ, պետք է չափորոշիչ լինեն առաջնահերթություն որոշելու համար: «Եթե քվոտավորման ենք դնում, ես մի քվոտավորման եմ կողմ` գենդերայինը` կանանց 25-30 % թվի ապահովմանը: Ես դա դեռ կարող եմ հասկանալ, բայց, մարզերին քվոտա տրամադրելով, մենք քաղաքական ուժերին մտցնում ենք արհեստական պարտադրանքի մեջ, իսկ դրանով բնավ չենք ապահովելու մարզերի լիարժեք ներկայացվածությունը խորհրդարանում: Ստացվելու է` մեծ բնակչություն ունեցող մարզը տարբեր կուսակցությունների ճանապարհով, անցողիկ շեմով հայտնվելու է խորհրդարանում: Այդ տրամադրվածությունից ելնելով` Լոռին, Կոտայքը և շատ այլ մարզերը չեն ունենալու ներկայացվածություն: Ստացվելու է` մեծ բնակչություն ունեցող մարզերը ունենում են առավելություն փոքր մարզերի նկատմամբ»,- նշեց Սեյրանյանը:
Բագրատյանն էլ ասաց, որ այստեղ քաշի հարց չկա: «Դուք ասում եք` բնակչության քանակը նշանակություն չունի, դա ճիշտ չէ: Որևէ փոքրիկ գյուղում նույնպիսի ընտրություն պետք է արվի, ինչպես Երևանում: Դա էլ ճիշտ չէ, բնականաբար, տարբեր ռեժիմներ են աշխատելու»,- ասաց նա:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ արձագանքեց, որ շատ մեծ մարդիկ ծնվել են փոքր գյուղերում:
Բագրատյանը համաձայնեց, բայց, ըստ նրա, խոսքը համապետական ընտրությունների մասին է: «Եթե մենք կարողանանք ներկուսակցական դեմոկրատիա ապահովել, նման խնդիր չի լինի: Մենք« ուզենք-չուզենք, պետք է հաշվի առնենք ընտրողների թիվը»,- ասաց նա:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց Սեյրանյանին. «Ինչի՞ եք կանանց դեպքում ուզում բացառություն անել, ինձ համար կարևորը պրոֆեսիոնալիզմն է»,- ասաց նա:
Սեյրանյանը պատասխանեց, որ եթե պրոֆեսիոնալիզմն է, թող մարզերի թեկնածուներն էլ պրոֆեսիոնալիզմով ընտրվեն ցուցակներում:
Զոհրաբյանը համաձայնեց: «Մենք դա էլ ենք պատրաստ քննարկել»,- ասաց նա:
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ երբեք այն կարծիքին չի եղել, թե մարզում հաշվառված լինելը` նշանակում է ներկայացնել մարզը: «Ձեր այս առաջարկով արհեստական է արվում մարզային ներկայացվությունը: Սպարտակ Սեյրանյանը մեխին էր խփում, բայց, չգիտես` ինչու, դա անտեսեցիք»,- դիմելով «Ծառուկյան» դաշինքին` ասաց նա:
«Պատկերացնենք` իքս կուսակցությունը ուժեղ է Լոռու մարզում, բայց թույլ է Արմավիրի մարզում, սակայն այդ կուսակցության ձայները Լոռու մարզի պատգամավորներն են ապահովում, բայց խորհրդարանում կհայտնվեն Արմավիրի մարզի ներկայացուցիչները»,- հավելեց նա:
Ի վերջո, որոշվեց առանձին քննարկում կազմակերպել` համամասնական ընտրակարգը որոշելու համար: