Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցը: Նիստին ներկա է ընդամենը 53 պատգամավոր: Նշենք, որ սա պատգամավորների նվազագույն թիվն է, որպեսզի քվորում լինի, ընդ որում` երկար ժամանակ ԱԺ պատգամավորների մոտ չէր ստացվում քվորում ապահովել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը զգուշացրեց պատգամավորներին, որ նորմալ գրանցվեն, որպեսզի նիստը կայանա:
Բաբլոյանի դիտարկումը դուր չեկավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: «Երբ դիտողություն եք անում, մեր կողմը` «Ծառուկյան» խմբակցության մի' նայեք, մենք դեմ չենք արտահերթ ընտրություններին»,- ասաց նա:
Բաբլոյանն էլ նշեց, որ եթե նայում է նրանց կողմ, դա չի նշանակում, որ նրանց նկատի ունի:
Գրանցվելուց հետո պատգամավորները արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին` որքանո՞վ է ժողովրդավարական սահմանադրական օրենքը հապճեպ ընդունելը: Նախ հարցադրումը հնչեցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Դուք նորմա՞լ եք համարում, որ սահմանադրական օրենքն այսքան հապճեպ քննարկվի և ընդունվի: Ես երբեք չեմ տեսել, որ Ընտրական օրենսգիրքն այսքան հապճեպ ընդունվի: Սահմանադրական օրենքն այսքան հապճապ ընդունելը պարտադի՞ր է մեզ համար»,- հարցրեց նա:
Զեյնալյանն էլ նշեց, որ սովորական պայամաններում կհամաձայներ նրա հետ, որ պետք է երկար քննարկվի օրենքը, սակայն երկրում հիմա սովորական իրավիճակ չէ: «Երկրում ֆորսմաժորային վիճակ է: Ես ձեզ հետ համաձայն եմ, բայց` սովորական պայմանների դեպքում: Երկրում ֆորսմաժորային իրավիճակ է, դրա համար էլ կառավարությունը ֆորսմաժորային լուծում է գտել»,- ասաց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ նշեց, որ իր համար զարմանալի է այն, ինչ նախարարի պաշտոնակատարն է ասում: «Ինձ համար զարմանալի է, որ Դուք ասում եք ֆորսմաժորային իրավիճակ, որովհետև ֆորսմաժորային իրավիճակ չկա, կառավարությունը արհեստականորեն է ստեղծում այդ իրավիճակը»,- ասաց նա: Բաբուխանյանի խոսքով` եթե անգամ բոլոր փոփոխություններն արվեն, և ԸՕ-ն ընդունվի, ապա ընդդիմադիր կուսակցություններն ի վիճակի չեն լինի պատրաստվել խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք այդպես շտապ անցկացվեն:
Զեյնալյանն արձագանքեց, որ համաձայն չէ Բաբուխանյանի հետ, մասնավորապես` իրավիճակի հետ կապված: «Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն էլ ցույց տվեցին, որ երկրի իշխանությունից այլ սպասում ունի ժողովուրդը: Քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը համաձայնության է եկել արտահերթի հետ կապված: Մեր նպատակն այնպիսի ընտրությունների անցկացումն է, որը արտացոլված է կառավարության ծրագրում, այսինքն` ոչ ոք չպետք է կասկածի ընտրությունների արդյունքների վրա: ԱԺ-ում բացակայում է քաղաքական կայուն մեծամասնությունը, սա սահմանադրական ճգնաժամ է, ինչը պետք է օր առաջ լուծվի»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Բաբուխանյանն էլ հակադարձեց` չի բանավիճի սահմանադրականության, Երևանի ընտրությունների վերաբերյալ, իր հարցն այլ է: «Եթե վաղը չէ մյուս օրը ընդունվի Ընտրական օրենսգիրքը, փոխվի ամբողջ ընտրական համակարգը, նոյեմբերին սկսվելու է նախընտրական ժամանակը: 7 օրում կուսակցությունները պետք է ծրագիր կազմեն, շտաբներ բացեն. չեն հասցնի պատշաճ պատրաստվել: Ընդդիմադիր կուսակցություններին հնարավորություն չի տրվում այս նոր համակարգով ընտրություններին պատշաճ պատրաստվել, այդպիսի ընտրությունները ժողովրդավարակա՞ն են»,- հարցրեց նա:
Զեյնալյանը պատասխանեց, որ ԸՕ-ն պարզապես ավելի է պարզեցվել:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցում քննարկել ոչ թե 24-ժամյա ռեժիմով, այլ 2-3 օր ավելի ժամանակ ունենալ: «Ես չեմ ասում` կանոնակարգով սահմանված ժամկետներում քննարկենք, գոնե 2-3 օր ավելի ժամանակ տրվի երկրորդ ընթերցմանը քննարկելու համար»,- ասաց նա:
Զեյնալյանը պատասխանեց, որ պետք է խորհրդակցի կառավարության հետ, և եթե ընդմիջում լինի, կքննարկեն, կասեն: «Կարծում եմ` հնարավոր է այդ պատուհանի տեղը թողնել»,- հավելեց նա:
ԱԺ նախագահը նշեց, որ քվեարկությունից առաջ խմբակցություններից մեկը կարող է ընդմիջում վերցնել:
Նախքան քվեարկությունը տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Մասնավորապես Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բոլորն էլ պիտի հասկանան, որ երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ: «Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրությունններ: Կա'մ գնալու ենք բարելավված ԸՕ-ով, կա'մ գնալու եք անխոհեմության` սաբոտաժի ճանապարհով, այսինքն` ընտրություններին գնում ենք հին ԸՕ-ով»,- ասաց նա:
Հայկ Բաբուխանյանն էլ առաջարկեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն հունվարի վերջին: «Եթե իմ առաջարկությունը չընդունեք, ոչ մի քվեարկության չեմ մասնակցելու»,- ասաց նա:
Զեյնալյանն առաջարկեց, որ առաջինից երկրորդ ընթերցում քննարկման 24-ժամյա ռեժիմը փոխվի 72-ժամյա ռեժիմի:
Նաիրա Զոհրաբյանն էլ «Ծառուկյան» խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում վերցրեց: Զեյնալյանը պետք է հարցը համաձայնեցնի կառավարության հետ: