կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-20 16:40
Հասարակություն

Ալավերդու պղնձաձուլարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը. լուծումներ են փնտրում

Ալավերդու պղնձաձուլարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը. լուծումներ են փնտրում

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների: Հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները նշել են, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարացմանը: Աշխատակիցների հիմնական պահանջն է եղել ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից:

Վարագ Սիսեռյանը նշել է, որ Տիգրան Ավինյանի գրասենյակը անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ և այժմ լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով: Երկուշաբթի նախատեսվում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի արդյունքում ակնկալվում է, որ հստակ կլինի, թե որ ուղղությամբ են հետագա աշխատանքները տարվելու:

Վարագ Սիսեռյանը նաև հավելել է, որ անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, անհրաժեշտ է աշխատանքներ տանել նոր ներդրումներ ներգրավվելու և հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որոնք կբերեն աշխատատեղերի ստեղծմանը և մարզերի, քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացմանը:

Հայտնել էինք, որ Ալավերդու` մոտ 600 աշխատող ունեցող պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը: Երեկ գործարանի աշխատակիցները 2 ժամից ավելի է` փակ են պահոել Ալավերդու միջպետական ճանապարհը և պահանջել, որպեսզի գործարանը չփակվի, ուսումնասիրվի փակման պատճառը` բնապահպանակա՞ն, թե՞ ֆինանսական խնդիրներով է պայմանավորված: