Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Բնապահապանության և ընդերքի տեսչական մարմնինը հայտարարությամբ է հանդես եկել. «Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ընկերության հայտարարության մեջ, որպես գործարանի փակման պատճառներից մեկը, նշվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքները:
Հայտարարության անհստակ ձևակերպումները շատերի մոտ շփոթմունք են առաջացրել և տպավորություն ստեղծել, թե Տեսչական մարմինը հանձնարարել է դադարեցնել ձուլարանի գործունեությունը, ուստի հարկ են համարում Տեսչական մարմնին վերաբերող մասով հանրությանը տրամադրել որոշակի պարզաբանումներ, որոնք ներկայացնում ենք ստորև.
Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, առանձնացված է Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող երկու գործոն՝ սահմանված տուգանքի չափը և մոտ երկամսյա ժամկետում արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարության կատարման անհնարինությունը:
1) Նախ նշենք, որ ստուգումն իրականացվել է Տեսչական մարմնի համար սահմանված՝ տարեկան պլանային ստուգման շրջանակներում: Այսինքն՝ Տեսչական մարմինն ուներ պարտավորություն ընթացիկ տարում Ալավերդու ձուլարանում իրականացնել ստուգում: Ստուգման գործընթացը, այդ թվում վնասի հաշվարկի մեխանիզմը խստորեն կանոնակարգված է օրենսդրական ակտերով, և Տեսչական մարմինը չունի հայեցողականություն ստուգվող բաղադրիչների ընտրության (ծծմբի անհիդրիդ, պղնձի օքսիդ, անօրգանական փոշի և այլն) կամ վնասի չափը հաշվարկելու հարցում և պարտավոր է առաջնորդվել օրենսդրությամբ սահմանված թույլատրելի արտանետումների չափաքանակներով և լիազոր մարմնի կողմից (ՀՀ բնապահպանության նախարարություն) ընկերությանը տրված թույլտվության պայմաններով:
Վարչական իրավախախտման տուգանքի և շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջին զուգահեռ ընկերությանը ներկայացվել է հանձնարարություն արտանետումների ծավալները հասցնել լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության պայմաններին, ինչը ևս տեսչական մարմնի համար պարտականություն է, և այս հարցում մենք ևս չունենք հայեցողական մոտեցման հնարավորություն, քանի որ թույլտվություն տրամադրող մարմինը Տեսչական մարմինը չէ և չի կարող սեփական հայեցողությամբ փոփոխել ընկերությանը տրված թույլտվության պայմանները, այլ պարտավոր է ստուգել թույլտվության պայմանների պատշաճ իրականացումը և պարտավորեցնել դրանք պահպանել: Գործող օրենսդրության համաձայն՝ արտանետումների ծավալների և առհասարակ թույլտվության պայմանների ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել բացառապես լիազոր մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:
2) Սույն թվականի օգոստոսի 13-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2012-2017 թվականների ընթացքում պարտավոր էր թույլտվության մեջ ամրագրված գործողությունները կատարելու միջոցով աստիճանաբար նվազեցնել հիմնական բաղադրիչների արտանետման ծավալները (թույլտվության տեքստը կցված է): Օրինակ՝ արտանետվող ծծմբային անհիդրիդի արտանետման քանակը հեռացվող գազերի մաքրման համակարգի ներդրման միջոցով մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է նվազեցվեր 50 տոկոսով, իսկ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 90 տոկոսով:
Նմանատիպ միջոցառումներ էին նախատեսվել նաև այլ նյութերի արտանետումների համար: Ընկերությունը, որպես ոլորտում պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնող կազմակերպություն, ստանձնել է այդ բոլոր պարտավորությունները՝ համաձայնելով թույլտվության պայմանների հետ և չի առարկել դրանց իրատեսական լինելու հարցում: Այնուհանդերձ, ընկերությունը չի կատարել անհրաժեշտ գործողություններ կամ դրանք եղել են խիստ անարդյունավետ, ինչի արդյունքում փաստացիորեն նույնիսկ փոքր չափով չեն ապահովվել թույլտվությամբ սահմանված պայմանները:
Ավելին, նախքան արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրումը, Տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ դիմել է «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ըկերությանը՝ առաջարկելով համաձայնեցնել ընկերությանը տրվելիք հանձնարարականի առանձին բաղադրիչներ, որպեսզի դրանք լինեն իրատեսական և իրականանալի, սակայն ընկերության ներկայացուցիչները պնդել են, որ արտանետումները օրենսդրության և իրենց տրված թույլտվության պահանջներին համապատասխանեցնելը անհնարին է և հարցի միակ լուծումը նոր գործարանի կառուցումն է:
Այս պայմաններում Տեսչական մարմինն անիմաստ է համարել արտանետումները նվազեցնելու վերաբերյալ երկարաժամկետ հանձնարարականներ տրամադրելը և փոխարենը ընկերությանն առաջարկել է Ալավերդիում կազմակերպել հանրային քննարկում և հասարակությանը ներկայացնել ամբողջ ճշմարտությունը, ինչն էլ տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 1-ին: Արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականում մոտ երկամսյա ժամկետի տրամադրումը պայմանավորված է նաև նրանով, որ օրենքի համաձայն այդ ժամկետի ավարտից հետո Տեսչական մարմինն իրավասու է իրականացնել վերստուգում՝ պարզելու համար հանձնարարականի կատարման ընթացքը և ըստ իրավիճակի կարող է հաջորդիվ հանձնարարականներ տրամադրել:
Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կոռեկտությունից ելնելով՝ մենք զերծ ենք մնում ընկերության գործունեությանն առնչվող մանրամասներ հաղորդելուց, որոնք հանդիսանում են գործարանի փակման իրական պատճառներ: Միաժամանակ, ընկերությանը հորդորում ենք պետական մարմիններին և մասնավորապես Տեսչական մարմնին չվերագրել սեփական անարդյունավետ գործունեության հետևանքով գործարանի աշխատանքները դադարեցնելու պատճառները, այլապես մենք կնախաձեռնենք ևս մեկ հանրային քննարկում՝ առավել լայն օրակարգային հարցերով:
Որքան էլ խնդիրը զգայուն է, հանրությանը և հատկապես ձուլարանի աշխատակիցներին խնդրում ենք հարցը դիտարկել ռացիոնալ մակարդակում: Հենց դրա համար էր Տեսչական մարմինը Ալավերդիում նախաձեռնել հանրային քննարկում, որի ընթացքում հանրությանն է ներկայացվել հնարավոր ամենալայն տեղեկատվություն՝ թյուրընկալումներից և պարզունակ մանիպուլյատիվ հնարքներից խուսափելու, փաստացի տեղեկատվության հիման վրա իրականությունը գնահատելու և համարժեք հետևություններ անելու նպատակով:
Այսպիսով, Տեսչական մարմնի բոլոր գործողությունները բխել են իր պարտավորություններից և իրականացվել են օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներով: Ընկերությունը չի ապահովել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները արտանետումները նվազեցնելու հարցում և չի ներկայացրել որևէ առաջարկություն արտանետումների ծավալը թույլատրելի սահմանաչափերին հասցնելու վերաբերյալ: Տեսչական մարմինը ընկերությանը չի հանձնարարել դադարեցնելու ձուլարանի գործունեությունը, այլ պահանջել է գործունեությունն իրականացնել թույլտվության պայմաններին համապատասխան: Մեզ հայտնի չէ նաև, թե արդյոք ըկերությունը լիազոր մարմնին ներկայացրել է նոր պայմաններով թույլտվություն ստանալու հայտ»: