Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում»,- նման կարծիք է հայտնել ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը:
«2020 թվականը փակվել է 7.5 տոկոսով տնտեսական ակտիվության անկմամբ, նույն պատկերն է արտացոլվել նաև այս տարվա հունվարին: Նվազել է արդյունաբերության ոլորտը՝ 11 տոկոսով, առևտրի շրջանառությունը կրճատվել է 15,1 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 10,3 տոկոսով, արտահանումը՝ 11,3 տոկոսով, ներմուծումը՝ 20 տոկոսով: Այս ամենին զուգահեռ հայկական դրամը արժեզրկվել է շուրջ 10 տոկոսով, իսկ պաշտոնական գնաճը կազմում է 4.5 տոկոս: Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը 10-15 տոկոս է: Թանկացել են բրինձը, ալյուրը, շաքարավազը, ձեթը, սննդային յուղերը, ձուն, թռչնի միսը, ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, հագուստներն ու գործվածքները և այլ մի շարք սպառման ապրանքներ: Հետևաբար կարելի է ենթադրել, որ ՀՀ-ում տնտեսությունը գտնվում է գահավիժման մեջ, հատկապես այն պարագայում, որ չկան լուծումներ, չկան իրական գնահատումներ:
Տպավորություն է, որ ապրում ենք երկու իրարից տարբերվող իրականության մեջ. առաջինը այն է, ինչ ամեն օր մեր քաղաքացիները զգում են իրենց կենցաղում, և երկրորդ՝ այս ապաշնորհ կառավարության հնչեցրած գնահատումներն են: Տնտեսական կոլապս կլինի, եթե չտրվեն համակարգային լուծումներ, իսկ գործող կառավարությունը լուծումներ տալու ոչ կադրային ռեսուրս ունի, ոչ էլ գիտելիք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արմեն Գրիգորյանը:
«Գնաճ կա, և դա երկրում վարվող սխալ հարկաբյուջետային քաղաքականության արդյունք է: Ժամանակին որ ասում էինք՝ չի կարելի այսպիսի կոշտ ռեգրեսիվ հարկային քաղաքականություն վարել, չի կարելի համահարթեցնել եկամտային հարկը, չի կարելի եկամուտը աղբյուրի մոտ հարկելու փոխարեն տեղափոխել սպառման դաշտ, չի կարելի կտրուկ ավելացնել անուղղակի հարկերը, այս իշխանության ներկայացուցիչները պնդում էին, թե իբր վարում են արտահանմանը միտված քաղաքականություն: Գնաճի կառավարելիության իմաստով մարտի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկը խորհրդի նիստ է գումարել, համաձայն որի վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել են նույնը՝ 5.5 տոկոս:
ԿԲ-ն փորձ է անում վերահսկողության տակ պահել գնաճի տեմպերը, նրանք շատ լավ հասկանում են, որ բազմաթիվ գործոններ են իրենց ազդեցությունը թողնում, և շատ լավ հասկանում են, որ 2021 թվականը շատ վատ ցուցանիշներով ենք մուտք գործել: Պատահական չէ, որ կառավարության կողմից նախանշված 2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը վերանայել են և փոխարենը 1.4 տոկոս են կանխատեսում: Իսկ իմ կանխատեսումները հակառակն են՝ վիճակը էլ ավելի կվատանա, եթե տեղի չունենան քաղաքական փոփոխություններ: Այն լուծումները, որով տանում են պետությունը, հասնելու է անդունդի հատակին: Ինչպես նշեցի մակրոմակարդակում գնաճը կազմել է 4.5 տոկոս, բայց պարզ մարդը ավելի ծանր է տանում և տանելու գնաճը: Ապրելը թանկացել է, հարկերն՝ ավելացել»:
Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե երկրում լինելու են ներդրումներ և մեծ տնտեսական ակտիվություն, նշեց.
«Էկոնոմիկայի նախարարի ցանկությունը ինձ հասկանալի է, բայց ասելով չէ: Նույն նախարարը կառավարության նիստում հանդես է գալիս առաջարկներով, որին դեմ են ֆինանսատնտեսական բլոկի մյուս ներկայացուցիչները: Ասել է թե՝ կառավարությունը ներսում կոնսենսուս չունի: Ներդրումների համար պետք է որոշակիություն, քաղաքական կայունություն, կանխատեսելիություն, երաշխիքներ, հաշվարկներ, իսկ մեր երկրում ճիշտ հակառակն է: Իշխանությունները ճամփորդ են, ներհայաստանյան կյանքն՝ անկանխատեսելի: Եթե մեծ ներդրումներ ասելով նկատի ունեն, օրինակ, թուրքական կապիտալի հնարավոր ներկայությունը, ապա դա ոչ միայն չի կարելի, այլ վտանգավոր է երկարաժամկետ կտրվածքով: Առհասարակ որոշակիություն է պետք նաև իրավական դաշտում, անհրաժեշտ է օրենսդրական բազան վերանայել, որտեղ պետք է սահմանափակումներ դնել, որտեղ պետք է միջամտել, որտեղ պետք է թողնել երաշխիքների տրամադրման տիրույթում: Գործիքներ շատ կան, բայց կիրառելու համար կառավարությունը պետք է փոխվի: Որքան երկար շարունակվի այս վիճակը, այնքան ավելի դժվար է լինելու հաջորդ կառավարության համար: Չի կարելի քայքայել ամեն ինչ, հետո էլ ասել, թե բա տեսեք՝ հաջորդներն էլ արագ արդյունքներ չկարողացան տալ»,- ընդգծեց Գրիգորյանը:
Որո՞նք են մեր տնտեսության մեջ այն հիմնական ոլորտները, որոնք, այսպես ասած, տնտեսությունը ոտքի կկանգնեցնեն:
Հարցին ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը հայտարարեց.
«Նախ այդ ոլորտները առանձնացնելու համար պետք է սահմանվեն չափորոշիչներ, պայմաններ, այն ոլորտները, որոնք հնարավորություն ունեն ոտքի կանգնելու և ներգրավված են ավելի մեծ թվով շահառուներ, պետք է գտնվեն պետության հոգածության ներքո, պետության աջակցության ուղիղ գործիքների կիրառմամբ: Օրինակ գյուղատնտեսության ոլորտը, կրթության, հանքարդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկ և այլն: Կառավարությունը պետք է ունենա սեփական պրոյեկտները, ձևակերպի խնդիրներ, մշակի համակարգային լուծումներ, հավաքի պրոֆեսիոնալ կադրեր, հաշվարկի օգտագործվող ռեսուրսներն ու սահմանի ժամանակացույց: Այսօր ոչ մեկը չկա, բայց հետագայում կենսական կարևոր է խորքային լուծումներ ունենալը»:
Աղբյուրը՝ galatv.am