Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
365news.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը
– Հայաստանում հագուստն այսուհետ մաքսազերծվելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Եթե նախկինում 1 կգ-ի դիմաց ներկրողը վճարում էր մեկ դոլար, ապա այժմ ստիպված են լինելու յուրաքանչյուր ապրանքն առանձին մաքսազերծել: Ինչպե՞ս եք գնահատում մաքսազերծման նոր համակարգը:
․– Նախ ասեմ, որ, ընդհանուր առմամբ, անուղղակի հարկերը բարձրացել են դեռևս 2020 թվականի հունվարի 1-ից և դեռևս բարձրացման միտում ունեն։ Չմոռանանք, որ 2020 թվականի հունվարի 1-ից էապես նվազեց բարձր եկամուտ ունեցողների եկամտահարկի բեռը։ Սա շատ կարևոր է, որովհետև կառավարությունը համահարթեցրեց եկամտահարկը և այդ սոցիալական պրոգրեսիվ սանդղակը փաստացի վերացավ։ Եվ որպեսզի պետական բյուջեի հարկային մուտքերի կրճատումը փոխհատուցեն այլ հարկատեսակներով, բարձրացրեցին ակցիզային հարկերն ու մաքսատուրքերը և զուգահեռ մյուս անուղղակի հարկերը։
Հիմա, փաստորեն, նաև ականատեսը եղանք գույքահարկի բարձրացման քննարկումներին, որը 2021 թվականից կբարձրանա և զուգահեռ փորձում են գտնել նաև այլ հնարավորություններ՝ անուղղակի հարկերի կամ մաքսատուրքերի բարձրացման։ Սա այդ օրինակներից մեկն է։ Իրականում անցում է կատարվում մաքսային արժեքից հարկման։ Ներկայումս ավելի ստանդարտ հարկման ձև է, որով կիլոգրամից հարկում անցում են կատարում։
Սա ինքնին դրական է, որովհետև տարբեր ապրանքներ նույն կգ-ի դիմաց նույն մաքսատուրքն են վճարում, ինչն արդյունավետ մեթոդ չէ, որովհետև տարբեր հագուստներ ունեն տարբեր արժեքներ։ Բայց միանգամից անցում կատարելով՝ պիտի հասկանանք, որ մի շարք ապրանքատեսակների դեպքում կունենանք թանկացում։
– Մաքսատուրքի այս փոփոխությունը կապված է ԵՏՄ պահանջների հե՞տ։
– Այստեղ միանշանակ պետք է հիշենք, որ մաքսային քաղաքականությունը ԵՏՄ շրջանակների ընդհանուր որոշման տիրույթում է։ Բնականաբար, այստեղ պահանջը ԵՏՄ անդամ երկրներին է ուղղված։ Այլ կերպ ասած՝ ԵՏՄ անդամ երկրներից ներկրվող հագուստի գները չեն փոխվի, բայց երրորդ երկրներից, այդ թվում՝ հիմնականում հագուստի ներկրումը Չինաստանից է, եվրոպական երկրներից, Թուրքիայից, այս երկրներից ներկրվող հագուստը և այդ ապրանքատեսակները կթանկանան։
Հետագայում շատ կարևոր է, որ կառավարությունը զուգահեռ քայլեր ձեռնարկի, խթանելով ներքին արտադրությունը, այլընտրանքային ապրանքատեսակների արտադրությունը պիտի խթանվի, որպեսզի գնաճը հնարավորինս հաղթահարենք ու մեր տնտեսության թեթև արդյունաբերությունը զարգացնենք։ Կարճ ասած՝ շատ լավ հնարավորություն կարող է լինել ներքին հարկային արտոնություններով և պետական աջակցությամբ մեր տեքստիլ արդյունաբերությունը խթանելու, որպեսզի ներմուծումը փոխարինվի մեր երկրի արտադրանքով, այլ ոչ թե երրորդ երկրներից ներմուծումը փոխարինվի ԵՏՄ երկրներից բերված արտադրանքով։
Այսինքն՝ այդ բացը կամ լրացնեն ԵՏՄ երկրների արտադրողները կամ մեր երկրի արտադրողները։ Եթե այս հնարավորությունը մենք բաց թողնենք, ներքին արտադրությունը փաստացի չի զարգանա, և ընդամենը մենք կունենանք որոշակի գնաճ և որոշակի որակական փոփոխություններ։
– Կառավարությունն ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի։
– Պետությունը չպետք է ձեռքերը ծալի, նստի և ընդամենը վկայակոչի՝ բա, դե, մենք ի՞նչ անենք, ԵՏՄ-ի պահանջ է, և մենք իրագործում ենք, ոչ։ Սա չպիտի լինի հիմա։ Իմ մտահոգությունն այն է, որ մինչև հիմա կոնկրետ միջոցառումներ ձեռնարկված չեն այս խնդրի լուծման համար։
Տեքստիլ և թեթև արդյունաբերության ներուժը բարձրացնելու համար պետք է հետևողական քայլեր անել, և մենք գիտեինք, որ կոնկրետ այս պահից սկսած՝ մաքսատուրքը բարձրանալու է և նախապատրաստական պետական աջակցության այդ քաղաքականությունը պիտի կյանքի կոչվեր մինչև այդ։
Այնուամենայնիվ, խուսափելն անհնար է, այդ մաքսատուրքերի արդյունքում մենք կունենանք սկզբնական շրջանում այդ ապրանքատեսակների որոշակի գնաճ, դրանից հետո արդեն նաև կունենանք ԵՏՄ անդամ երկրներից նմանատիպ ապրանքատեսակների ներմուծման ավելացում։ Այստեղ արդեն խնդիրը մեր երկրինն է, թե ինչ չափով կկարողանա նույն ապրանքների ներքին արտադրանքը խթանել և ինչ չափով կկարողանա այդ ներմուծումը փոխարինել ներքին արտադրանքով՝ իր բոլոր դրական առումներով։
– Հագուստի մաքսատուրքի հետևանքով Չինաստանից, Թուրքիայից, Եվրամիության երկրներից հագուստ ներկրող գործարարներն ի՞նչ խնդրի առաջ են կանգնելու։
– Ակնհայտ է, որ մաքսատուրքի բարձրացումից առավելապես կտուժեն ներկրմամբ զբաղվող փոքր տնտեսվարողները, որովհետև այդ ներմուծման բարձրացումը բերելու է վաճառքի գների բարձրացման, իսկ այդ նոր գներով կկարողանա՞ն մրցակցել ներքին շուկայում, թե՝ ոչ, մի մասը չի կարողանալու և իրականում կորցնելու է բիզնեսը՝ փաստացի նաև իր եկամուտները։ Դրա համար զուգահեռ նաև պետք է այդ խնդիրները դիտարկվեին, և պետությունը պետք է աջակցություն ցուցաբերեր ներքին արտադրողներին, նրանց մի մասին նաև հնարավորություն տար ներկրել ոչ թե պատրաստի հագուստներ, այլև զբաղվել դրանց արտադրությամբ։
Հակառակ պարագայում շուկան իրենն անելու է, և դուրս կմղվեն շուկայից այս գործով զբաղվող հազարավոր մարդիկ, որոնք իրականում իրենց ապրուստը հենց այդ միջոցով են վաստակում, այսինքն՝ միջին կամ ցածր գնով հագուստի ներկրումն իմ նշած երկրներից։ Այս պահի դրությամբ ակնհայտ է, որ իրենք չեն կարողանալու դիմակայել։ Եթե իրենք թանկացնեն իրենց արտադրանքը, ակնհայտ է, որ բախվելու են մրցակցության հետ՝ իր մնացած բոլոր հետևանքներով։
Զրուցեց Հայկա Ալոյանը