կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 17:03
Հասարակություն

«Վալլեքս» ընկերությունը հետաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողների պայմանագրերի լուծման ժամկետը

«Վալլեքս» ընկերությունը հետաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողների պայմանագրերի լուծման ժամկետը

«Վալլեքս» խմբի ընկերությունները տեղեկացնում են, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքի կասեցման հետևանքով Ալավերդի խոշորացված համայնքում սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացումը կանխելուն ուղղված աշխատանքների շրջանակներում մշակվել է հայեցակարգային պլան: Այս մասին  հայտնում են «Վալլեքս» խմբի  ընկերությունների տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերջինս ներկայացվել է ՀՀ կառավարությանը՝ դրա շուրջ հետագայում կառուցողական քննարկումներ ծավալելու և միասնական դիրքորոշում ձևավորելու ակնկալիքով։

«Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերից Գործարանում ժամանակավորապես դադարեցվել է խտանյութերի վերամշակումն ու անզուտ պղնձի արտադրությունը, որից հետո Ընկերությունը նախաձեռնել է աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման գործընթաց՝ բոլոր աշխատողներին օրենքով սահմանված կարգով տալով նշված հիմքով աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ: Մինչ այժմ երկու անգամ չեղարկվել են նախկինում տրված համանման ծանուցումները, և Ընկերության բոլոր աշխա­տող­ներին տրվել են նոր ծանուցումներ՝ նախատեսվող ազատումներն այլ ժամկետում կատարելու մասին։ Համաձայն վերջին (գործող) ծանուցումների աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատումները նախատեսվում է իրականացնել 2019 թ. ապրիլի 30-ից:

Հայեցակարգային պլանում դիտարկվում են Գործարանում արտադրության վերսկսման հնարավոր տարբերակներ, այդ թվում՝

Պղնձի արտադրության ժամանակավոր վերագործարկում, որին զուգահեռ պետք է տարվեն աշխատանքներ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով զտված պղնձե արտադրանք թողարկելու, ինչպես նաև նոր պղնձաձուլարանի կառուցման ուղղությամբ
Աղացագնդերի նոր արտադրության կազմակերպում։ Որպես գործունեության նոր ձև, այս ծրագիրը ենթադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության և այլ իրավական գործընթացներ, որոնք առավել ժամանակատար են։
Դիտարկվում է նաև վերոնշյալ երկու տարբերակների համատեղ իրագործման հնարավորությունը:

Հայեցակարգային պլանի շուրջ կառավարության և շահագրգիռ հանրության հետ քննարկումների համար նախապայմաններ ապահովելու նկատառումներով «Վալլեքս» խմբի ընկերությունները որոշել են Ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը հետաձգել ևս երկու ամսով և աշխատողներին տալ նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թ. հունիսի 30-ից  լուծելու մասին:

Մենք լիահույս ենք, որ ՀՀ Կառավարության և շահագրգիռ հանրության հետ կառուցողական քննարկումների արդյունքներով հնարավոր կլինի ընտրել Ալավերդի համայնքի համար լավագույն հեռանկար ապահովող տարբերակը և պատրաստ ենք անել հնարավոր առավելագույնը հանրային հավանության արժանացած ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ասված է ընկերությունների խմբի տարածած հայտարարության մեջ։