Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Երևանում աղբահանության և տրանսպորտի խնդրին:
Նա նշեց, որ, տրանսպորտի հետ կապված, դեռ նախորդ քաղաքապետի օրոք մեծ ծրագիր է գրվել բրիտանական ընկերության կողմից, դրա համար գումար է վճարվել Երևանի բյուջեից: «Իհարկե, պետք է օգտագործենք այդ ծրագրերը, սակայն նախ պետք է ուսումնասիրենք՝ ինչքանո՞վ է այն համապատասխանում Երևանի պայմաններին, երևանցիների պահանջներին, և չկա՞ն, արդյոք, կոռուպցիոն ռիսկեր: Եթե այդ ամենին համապատասխանի այդ ծրագիրը, մենք փոքրիկ շտկումներ կանենք ու կյանքի կկոչենք այն: Եթե այս նախագիծը չհամապատասխանի երևանցիների պահանջներին, պետք է այլ տարբերակ մտածենք»,- ասաց Մարությանը:
Հարցին, թե մինչև իր պաշտոնավարման ավարտը կլուծվի՞ տրանսպորտի խնդիրը, քաղաքապետը պատասխանեց՝ այո:
Խոսելով աղբահանության մասին՝ Մարությանը նշեց, որ առաջին հերթին հենց այս խնդրով պետք է զբաղվի: Նրա խոսքով՝ նախ պետք է բանակցեն «Սանիթեք»-ի հետ, պահանջեն, որպեսզի իրենց գործառույթները պատշաճ որակով իրականացնեն: «Եթե «Սանիթեք»-ը չկարողանա իրականացնել իր գործառույթները, պետք է օգնություն լինի: Եթե կարողանան սպասարկել, և մեզ դուր գա այդ սպասարկումը, կշարունակենք աշխատել, հակառակ դեպքում՝ այլ լուծումներ կգտնենք: Երկրորդ օպերատորը, օրինակ, լուծումներից մեկն է: Ես առնվազն երկու օպերատոր կընտրեի, բայց արդեն իսկ գոյություն ունի պայմանագիր: Եթե երևանցիները գոհ լինեն, կշարունակենք, եթե՝ ոչ, պայմանագիրը կվերանայենք»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Նա նշեց նաև, որ պետք է հարգեն բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքված են, այսինքն՝ նախ պետք է հարգեն օրենքը: Մարությանի խոսքով՝ եթե պայմանագրերը և դրանց պայմանները խախտվեն, ու դրանից տուժեն մեր բնակիչները, կվերանայեն դրանք:
Մարությանը հավելեց նաև, որ սուր հարցերը կդնեն հանրաքվեի, որպեսզի երևանցիներն էլ իրենց կարծիքը հայտնեն: