կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-09 16:55
Մշակույթ

Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի

Կինոռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխության «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն հայտնի է՝ ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի երկար ցուցակում:

Հայկական կինոակադեմիան մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար ստացել էր լիամետրաժ խաղարկային ֆիլմի երեք հայտ՝ Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ», Արամ Շահբազյանի «Մեր երազանքի ճանապարհը» և Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ»-ը: Փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ ընտրվել էր «Սպիտակ» ֆիլմը:

Հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը նվիրված է 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին և ողբերգության չընդհատվող հիշողությանը: Ֆիլմի երաժշտությունը գրել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը: Կինոնկարի հիմքում մի մարդու պատմություն է, ով, ինչ-որ ժամանակ թողնելով ծնողներին, կնոջն ու փոքրիկ աղջկան, հեռանում է Հայաստանից, մեկնում ՌԴ: Եվ լրատվությամբ իմանալով սարսափելի աղետի մասին` վերադառնում է հայրենիք՝ գտնելու իր տունը, ծնողներին ու ընտանիքին: «Սպիտակ»-ի գլխավոր դերակատարներն են Լեռնիկ Հարությունյանը և Հերմինե Ստեփանյանը:

Ի դեպ, «Սպիտակ»-ն այս տարի Մոսկովյան 40-րդ միջազգային կինոփառատոնում «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի: