կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-03 14:23
Հասարակություն

Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռևս ցածր է. ԵԽԽՎ համազեկուցող

Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռևս ցածր է. ԵԽԽՎ համազեկուցող

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լյովոչկինան կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին` լիարժեք կերպով հարգել ժողովրդավարական արժեքներն ու օրենքի գերակայությունը՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով:

ԵԽԽՎ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երևանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միաժամանակ, ընտրություններին մասնակցության թիվը ցույց տվեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է: Հետևաբար, անչափ կարևոր է, որպեսզի հաջորդ խորհրդարանական ընտրությունները  բոլոր քաղաքական մրցակիցների և մասնակիցների կողմից ընկալվեն և ընդունվեն որպես ժողովրդավարական ու արդար: Թեև հասկանում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչը, մենք կոչ ենք անում իշխանություններին և, վստահաբար, բոլոր քաղաքական դերակատարներին` ապահովել, որ արտահերթ ընտրությունները լիարժեք կերպով համապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների եվրոպական չափանիշներին և նորմերին, և որ բոլոր քաղաքական ուժերը պատշաճ ու բավարար ժամանակ ունենան այդ ընտրություններին պատրաստվելու համար: Սա հատկապես կարևոր է, եթե Ընտրական օրենսգիրքն իսկապես փոխվի, ինչպես որ ցանկանում են որոշ քաղաքական դերակատարներ»:

Հայտարարության մեջ առանաձնահատուկ կերպով շեշտվել է, որ ցանկացած փոփոխություն պետք է լիարժեք կերպով համապատասխանի Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին, գլխավորաբար այն հատվածով, որը վերաբերում է ընտրական օրենսդրության կայունությանը, և հիմնված լինի հնարավորինս շատ քաղաքական ուժերի կոնսենսուսի վրա:

Լյովոչկինայի խոսքով` պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի կառուցման համար բավարար ժամանակ ունենալը հատկապես կարևորվում է սահմանադրական ցանկացած հնարավոր փոփոխությունների համատեքստում, որոնք չպետք է ընդունվեն հապշտապ:

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ Լյովոչկինան կրկնել է, որ իրենք բազմիցս ողջունել են Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, այդ թվում` իշխանությունների հավաստիացումներն առ այն, որ ժողովրդավարական սկզբունքները պետք է լիարժեք կերպով հարգվեն, նաև` որ արդարադատությունը պետք է գործի առանց քաղաքական միջամտության՝ դրանով իսկ զերծ մնալով ցանկացած քաղաքական ազդեցությունից:

«Ես ընդգծում եմ, որ չի կարող լինել անպատժելիություն քրեական գործողության համար` անկախ այն բանից, թե ով է դա գործել: Հետևաբար, մենք ողջունում ենք ցանկացած արժանահավատ քննություն 2008թ. մարտին տեղի ունեցավ ողբերգական իրադարձությունների 10 զոհերի գործով: Այնուամենայնիվ, ցանկացած քննություն, այդ թվում` կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ, պետք է իրականացվի օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության և արդար դատավարության սկզբունքներին խստորեն հավատարիմ մնալու պայմաններում՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»,- ասել է նա:

Նշենք, որ, ըստ հաղորդագրության, ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան կայցելեն մոտ ապագայում: