Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին:
Կիրո Մանոյանի կարծիքով` դա շոու չէր, իսկապես, մի խումբ զինված մարդկանց կողմից հեղաշրջման փորձը տապալվեց, և ձերբակալվեցին ոչ միայն մեծ թվով զինվորականներ, այլ նաև դատավորներ, դատախազներ:
«Ինչպես Էրդողանը այդ գիշեր հայտնվելով Ստամբուլի օդանավակայանում հայտարարեց, որ տեղի ունեցածը Աստծո պարգևն էր, որովհետև դա առիթ, է որ մաքրագործեն բանակը, ճիշտ այդպես էլ անում են, մաքրում են բանակն ու դատական համակարգը, և դա կտարածվի նաև այլ համակարգերում»,- ասաց Կիրո Մանոյանը: Նրա խոսքով` անհավատալի է այն վարկածը, թե տեղի ունեցածը գյուլենականների ձեռքի գործն է: Ինչևէ, սկսված գործընթացը, ըստ Մանոյանի, շարունակվելու է, մասնավորապես` Թուրքիայի իշխանությունների կողմից շարունակվելու է Թուրքիայի հասարակության պառակտման ու բևեռացման քաղաքականությունը, դա կհանգեցնի հասարակության դժգոհության խորացմանը, ինչն էլ կարտահայտվի ամենատարբեր ձևերով:
Էրդողանը արդեն մտադիր է վերականգնել մահապատիժը, ինչը նոր խնդիրներ կստեղծի իր և Եվրոպայի միջև հարաբերություններում: Մանոյանի կարծիքով, բանակն էլ միասնական չէր, ահա ինչու ձախողվեց ռազմական հեղաշրջման փորձը:
Հարցին, արդյո՞ք Հայաստանի համար մտահոգիչ չէ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռամիասնությունը, և ի՞նչ հետևանքներ կունենար Հայաստանի համար այն սցենարը, եթե Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը չտապալվեր, Կիրո Մանոյանը նշեց, որ հստակ չէ, թե ինչ հետևանքներ կունենար, եթե Թուրքիայում իշխանության գային ռազմական հեղաշրջման մասնակիցները, որովհետև նրանք այդքան էլ ծանոթ դեմքեր չէին: Բոլոր դեպքերում, ըստ Կիրո Մանոյանի, Թուրիքայի բանակը միշտ էլ հայտնի է եղել մի շարք հարցերում իր կոշտ դիրքորոշմամբ, և այդ հարցերից մեկն էլ հայկական հարցն է ու հայերի հետ հարաբերությունները:
Կիրո Մանոյանի կարծիքով` ներկա վիճակով, երբ Էրդողանը տապալեց ռազմական հեղաշրջման փորձը, նա կշարունակի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այն է` Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն չեն: Թուրքիան կշարունակի իր սերտ հարաբերությունները Ադրբեջանի հետ:
«Չէի ասի թե կա Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռամիասնություն, կա Ադրբեջան-Թուրքիա միասնություն, բայց Ռուսաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ կարելի է համարել տնտեսական շահերով պայմանավորված, ինչը մտահոգիչ է դառնում Հայաստանի համար, օրինակ` Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին: Եթե Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները վերակագնվեն, լինեն այնպիսին, ինչպիսին մինչև Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի կործանումը, ապա դա նույնպես մտահոգիչ կլինի Հայաստանի համար, որովհետև Ռուսաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունները կարող են վերաճել ռազմավարական հարաբերությունների: Մենք պետք է զգոն և ուշադիր լինենք, հետևենք իրադարձություններին, որ կարողանանք ճիշտ պաշտպանենք մեր շահերը»,- ասաց Կիրո Մանոյանը: