կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-07 15:34
Հասարակություն

Թե մանրածախ շուկայում գներն ինչ մետամորֆոզ են ապրում, գյուղատնտեսության նախարարության լիազորություններից դուրս է. նախարար

Թե մանրածախ շուկայում գներն ինչ մետամորֆոզ են ապրում, գյուղատնտեսության նախարարության լիազորություններից դուրս է. նախարար

Արմավիրում խաղողի մթերման գներից բողոքող խաղողագործների հետ հանդիպումից հետո հարցի վերաբերյալ գյուղնախարարը զեկուցել է վարչապետին: Լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ գյուղացիները 7 տարվա երկարաժամկետ պայմանագիր ունեն, որում նվազագույն գինը նշված է 130 դրամ:

Հարցին` այս պահին ի՞նչ գնով է հնարավոր մթերման համար խաղող վաճառել, նախարարը պատասխանեց, որ պետությունը ձեռնպահ է մնում մթերողներին որևէ գին թելադրելուց: «Որևէ մեկը չի կարող այս հարցին պատասխանել: Պետությունը ձեռնպահ է մնում մթերողին որևէ գին թելադրելուց, քանի որ բանակցային կարողությունները խաղող մշակողների և մթերողների միջև անհամաչափ են, և չկա հատուկ օղակ: Մենք փորձում ենք գնորդին ու վաճառողին օգնել, որպեսզի շուկան ընդհանուր` բոլորի կողմից ընդունելի գին ձևավորի»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է գյուղմթերքի թանկացումներին, Խաչատրյանը նշեց, որ իրենց համար ուղենիշայինը Հովտաշատի մեծածախ շուկայի գներն են: «Թե մանրածախ շուկայում գներն ինչ մետամորֆոզ են ապրում, դա գյուղատնտեսության նախարարության սահմաններից դուրս է: Ընդհանրապես, գնային քաղաքականությունը գյուղնախարարության լիազորություններից դուրս է, դա այլ հարթակում քննարկելու խնդիր է»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ ձևավորված է  որոշակի գին, և այն գյուղացիները, ովքեր վաճառք են իրականացնում, բնականաբար, այդ ուղենիշային գնով են առաջնորդվում:

Հարցին` նվազ բերքի խնդիր չի՞ եղել, նախարարն արձագանքեց. «Եղել է. 2 հիմնական մշակաբույս կա, որոնց քանակը պակասել է, հիմնականը լոլիկն է: Կարծիք կա, որ եղանակն է պատճառը եղել: Ձմերուկի հետ էլ խնդիր կար, բայց այն կարգավորվել է, հիմա ձմերուկի միջին գնից շեղում չկա: Հիմնական հարվածը եղել է լոլիկի վրա»: