կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-17 18:26
Քաղաքական

Կարտոֆիլի գներն էլ են թռել շուկայում, հիմա ի՞նչ ուտի ժողովուրդը. Նիկոլ Փաշինյանը` կառավարությանը

Կարտոֆիլի գներն էլ են թռել շուկայում, հիմա ի՞նչ ուտի ժողովուրդը. Նիկոլ Փաշինյանը` կառավարությանը

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, խոսելով թանկացումների մասին, «ինովացիոն» լուծումներ էին առաջարկել:

«Նրանք ասացին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության վրա չի ազդի: Հիմա ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները, և պարզվել է, որ այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են: Այս դեպքում ի՞նչ ուտեն աղքատները»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց պատասխանի մի քանի տարբերակ. «Խառը կանաչի, որն էժանացել է 48.5 տոկոսով, սխտոր, որն էժանացել է 22.2 տոկոսով, կանաչ սոխ, որն էժանացել է 18.2 տոկոսով և տաքդեղ՝ 11.1 տոկոսով»:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ԱՎԾ տվյալները ներկայացնելու ու տարածելու համար: «Կարծում եմ՝ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսականուց առավել մեծ կալորիականությամբ հարուստ այն ապրանքների ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին: Եթե նրանք չկարողանան դա անել, ձեր կողմից տրամադրած ապրանքները կհանդիսանան հիմք»:

Փաշինյանն արձագանքեց, թե անընդհատ ասվում է, որ 2.6 տոկոս է գնաճը, սակայն մեծ թանկացումների հետ համադրել են իր նշած ապրանքների գնանկումը: «Որ ասում եք 2.6 տոկոս, ես պատկերավոր ցույց տվեցի, թե ինչպես է ԱՎԾ-ն մանիպուլյատիվ կերպով դարձրել գնաճը 2.6 տոկոս»: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ հունվարի 23-ին կայանալիք լսումների ժամանակ ԱՎԾ-ից մանրամասն կներկայացնեն ապրանքների հաշվման մեդոթաբանությունը, ինքը ներկայացրեց դրա եղանակը: «Վստահեցնում եմ, որ նույն մեթոդաբանությունն օգտագործվում է աշխարհի շատ երկրներում, և այդ տեսակետից մենք ունենք լավագույն վիճակագրությունը»,- ասաց նա: