Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը ֆեյսբուքում տեղադրված տեսանյութով հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին ժամանակ է տալիս` մինչև հոկտեմբերի 7-ը, որ բանտից ազատ արձակի իր հորը, հակառակ դեպքում դուրս է գալու փողոց` հոր ազատության համար պայքարելու: Շահեն Հարությունյանը հիշեցրեց, որ ինքը և իր հայրը, չնայած գաղափարական տարաձայնություններին, սատարել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությանը: Իսկ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը հայտարարել է, որ երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ` տալով չորս քաղբանտարկյալի անուն` Շանթ Հարությունյան, Գևորգ Սաֆարյան, Ժիրայր Սեֆիլյան, Անդրիաս Ղուկասյան: Հիմա այդ չորսից երեքը ազատ են արձակվել, իսկ Շանթ Հարությունյանը դեռ բանտում է: Շահեն Հարությունյանը պնդում է` իր հայրը պետք է ազատվի արժանապատիվ ձևով, այլ ոչ թե` անարժանապատիվ` ներման դիմումի համաձայն:
«Ես ինքս չեմ ցանկանա, որ հայրս ներման դիմումով ազատ արձակվի: Ներման դիմումը եթե ինչ-որ տեղ կարող էր տրամաբանական լինել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, ապա այն բացարձակ անտրամաբանական է Փաշինյանի կառավարման ժամանակ: Եթե Փաշինյանը ժամանակ ունի գնա շուկա` պոմիդորի գին ճշտի, բայց ժամանակ չունի` քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հարցով զբաղվի, ուրեմն նա որպես վարչապետ իրավունք չունի պաշտոնավարել: Իմ հոր ազատությունը սելֆիներից ու պոմիդորի գնից առավել է»,- ասաց Շահեն Հարությունյանը:Նա կարծում է, որ իր հորը ազատ չեն արձակում, քանի որ հայրը հստակ հակառուսական գաղափարների կողմնակից է, չի ընդունում օտար ռազմական ուժի ներկայությունը Հայաստանում, մինչդեռ Փաշինյանը անգամ գերմանացի կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավն են ու դեռ էլ ավելի են լավանալու:
Շահեն Հարությունյանի խոսքով` Փաշինյանը տոտալ անտարբերության է մատնել իր բաց նամակները, խնդրագրերը: Եվ եթե մինչև հոկտեմբերի 7-ը Փաշինյանը ազատ չարձակի իր հորը, ապա Շահենը դուրս է գալու փողոցային պայքարի, անգամ եթե իրեն հռչակեն հակահեղափոխական: