կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-16 16:31
Մշակույթ

Ռուդոլֆ Խառատյանը բարձրաձայնում է «Գայանե» բալետի տապալված հյուրախաղերի և օպերայի թատրոնից իրեն հեռացնելու մասին

Ռուդոլֆ Խառատյանը բարձրաձայնում է «Գայանե» բալետի տապալված հյուրախաղերի և օպերայի թատրոնից իրեն հեռացնելու մասին

Hraparak.am-ը հարցազրույց է արել ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ:

- Պարոն Խառատյան, վերջերս «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում, ու մինչ հայաստանյան մամուլը «ուռա»-ներով էր արձագանքում այդ հյուրախաղերին, ռուսական մամուլում այն խիստ քննադատության ենթարկվեց, մասնավորապես «Կոմերսանտը» քննադատել է «Գայանեի» թե՛ լիբրետոն, թե՛ խորեոգրաֆիան, որը, ըստ թերթի, 70-ականների հնացած խորեոգրաֆիա է եւ այլեւս ակտուալ չէ։ Նաեւ բալետային խմբին՝ ընդհանուր, ինչպես նաեւ առանձին կատարողներին է անդրադարձ արվել։ Հեղինակի՝ Տատյանա Կուզնեցովայի կողմից չի ներվել ոչ մի թերացում, ավելին՝ վերջում հոդվածն ավարտել է այն մտքով, որ սա գուցե Երեւանի օպերային թատրոնի առաջին եւ վերջին հյուրախաղերն էին Մեծ թատրոնի բեմում։ Տխուր պատկեր է ստացվում, ինչո՞ւ, ո՞րն է դրա պատճառը, եւ ճի՞շտ էր արդյոք «Գայանե»-ով ներկայանալ Մեծ թատրոնում։

-Փաստն այն է, որ «Գայանեն» տարան, ու Հայաստանը մեծ ցնծություն էր ապրում, բայց ես շատ վատ էի զգում այդ փաստից, առաջինը՝ մեր երկրի համար, որովհետեւ այս ներկայացումը ներկայացնում է մեր միտքը, թե որտեղ է հասել այն, բայց իրականում սա չէ մեր միտքը։ Ես հոդվածագրի փոխարեն կասեի՝ ոչ թե 70-ականների, այլ 60-ականների սկզբի խորեոգրաֆիա, երբ դեռ նոր էին վարակվում Գրիգորովիչով։ Իսկ այդ նույն ժամանակ դրսում բալետը շատ արագ զարգանում էր, ու եթե սովետական շրջանում մեզ մոտ զարգանում էր կատարողական արվեստը, այդ նույն ժամանակ դրսում միտքն էր զարգանում, շատանում էին մտածողները, որոնց միտքն արտացոլվում էր բեմի վրա։ Մտքի ազատությունը, որը կարող է ձեւավորվել բեմի վրա՝ որպես գաղափար, մեզ մոտ էլ կարող է լինել, որովհետեւ մեր կատարողներն էլ են շատ լավը, բայց նրանց ասել են՝ սա կատարեք, նրանք էլ դա են կատարում։ Ցավն այն է, որ մեր ղեկավարները հեռատես չեն կամ չեն ճանաչում այսօրվա արվեստն ընդհանրապես, որ ուղղություններն են զարգանում, ուր է գնում արվեստը, ու դրանց պատճառով մեր երկրի համար նման ամոթալի գրախոսություն է գրվում։ Մեր լավագույն պարողին կարելի էր, իհարկե, ներկայացնել նաեւ ավելի լավ, ոչ թե փորով կոմսոմոլի քարտուղարի նմանեցնել․ իհարկե, դրա մեջ վիրավորական բան կա։ Եթե, օրինակ, նա «Ռոմեո եւ Ջուլիետ» պարեր կամ «Զույգ արեգակներ», «Բոհեմ», որ ես բեմադրեցի, այդպես չէր նայվի, ուրիշ մտածելակերպ կերեւար՝ այսօրվա մոտեցումները, գաղափարները, թե ոնց կարող է միտքը ձեւակերպվել բեմի վրա։

- Դուք այդ գեղխորհրդում կա՞ք, եւ ընդհանրապես՝ օպերային թատրոնում Ձեր մասնակցության չափն ինչքա՞ն է։

-Ես անցած տարի արեցի «Բոհեմը», Ազնավուրը դիտեց, շատ հավանեց, ասաց՝ Հայաստանում 2 կարեւոր բան կատարվեց, մեկը «Բոհեմի» բեմադրությունն էր, մյուսը՝ իմ տղայի մկրտությունը։ Դրանից հետո անցա հաջորդ գործին եւ ներկայացրի Չարենցի «Նավզիկեն», հետո ներկայացրի «Շերբուրգյան հովանոցները», մտածում էի «Գիլգամեշ եւ Էնկիտու» անել, որը պատմականորեն կապվում է մ․թ․ա․ 3 հազար տարի առաջվա Հայաստանի հետ։ Քանի անգամ խնդրեցի ե՛ւ մշակույթի մեր նախկին նախարարին, ե՛ւ թատրոնի գեղարվեստական ղեկավարին, ես գիտեմ այսօր աշխարհի անցուդարձը բալետային կյանքում, ինչո՞ւ ես ընդգրկված չեմ դրանց մեջ, ո՞վ է քո ուղղվածությունը ցույց տալու բալետում, ես այս ոլորտի մեջ եմ, 25 տարի աշխատել եմ դրսում, եւ ինձ բերել են Հայաստան, որպեսզի ես այստեղ կարգավորեմ դաշտը։ Բայց իրենք ինձ ոչ միայն գեղխորհրդից, այլ նաեւ թատրոնից հեռացրին, որովհետեւ ես երեւի խանգարում եմ իրենց։ Գրել են՝ իբր թե որ ես աշխատանքի չեմ ներկայացել, բայց ես գնում էի, ու երբ Օրբելյանն ինձ ասաց, որ ես Ձեզ չէի տեսնում թատրոնում, ես էլ իրեն ասացի, որ ես էլ Ձեզ չէի տեսնում թատրոնում, Դուք Ձեր գործն եք անում, ես՝ իմ, ինչո՞ւ պիտի գամ Ձեր դռան մոտ կանգնեմ, որ ինձ տեսնեք։ Անհասկանալի հարաբերություններ։ Ես անհանգիստ եմ, բայց ոչ ինձ համար, այլ մեր երկրի, մեր թատրոնի համար, չէ՞ որ մենք էլ ունենք գաղափարներ, մտքեր եւ կարող ենք դրանք իրականացնել, այն, ինչ արել եմ վերջին տարիներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: