կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-14 14:52
Քաղաքական

Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ մտքի տեռոր. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ մտքի տեռոր. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00 «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիր­ված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխան­ներ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջա­ծա­նոթ են որպես մերձիշխանա­կան ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայա­նա­լով որպես «զայրացած ժողովուրդ»: Սո­ցիա­­լա­կան ցանցերում ու մամուլում արդեն հայտ­նվել են հիմնական «դերասան­ների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում:

Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշարություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցա­զրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցե­րի վերաբերյալ: Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էու­թյան, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրու­թյան հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ` ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր:

Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրէ ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհու­թյունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ: Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում»: