Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին մի քանի տարվա ընթացքում կրթական համակարգին եւս լուրջ հարված հասցվեց։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Իրականում մենք փորձել ենք էական բարեփոխումներ մտցնել այդ համակարգի մեջ։ Կրթական համակարգում բարեփոխումները քիչ թե շատ կատարվել են 1998-2008 թթ․-ին՝ դպրոցների անկախության աստիճանը, ծնողների ներգրավումը դպրոցների կառավարման մեջ, բուհական համակարգի անկախությունը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով՝ դպրոցն ու բուհը, որպես միավոր, չպետք է քաղաքական լինեն. «Մոտ երկու տարի այս իշխանությունը պայքարել է ԵՊՀ-ի ռեկտորին փոխելու համար։ Ժամանակին մենք այնպիսի համակարգ էինք ներդրել, որ բուհական համակարգը ի վիճակի լիներ անկախ գործել։ Այնուամենայնիվ, վերջում հանձնվեց։ Երեւի թե բավական երաշխիքներ չկան։ Ուրեմն, պետք է ավելի ամրացնել։ Դպրոցն ու բուհը, որպես միավոր, չպետք է քաղաքական լինեն։ Պետք է գործիքակազմ ստեղծել այդ միավորները քաղաքական չդարձնելու համար։ Մենք փորձում էինք այսպես անել։ Եվ ես տեսնում էի, որ նույնիսկ մեր կուսակցական գործընկերների մոտ կար այդ ձգտումը՝ մտնել դպրոց, մտնել բուհական համակարգ։ Ես զսպում էի այդ ձգտումը։ Կրթական համակարգում կուսակցության հարցեր չպետք է լինեն»։
Նա շեշտեց, որ քաղաքական նկատառումներով որեւէ ճնշում կրթական եւ բուհական համակարգերում, ռեկտորի կամ տնօրենի վրա ուղղակի պետք է բացառել։
«Երբեք ինձ չեմ համարել բոլոր հարցերի մասնագետը։ Այնպիսի տպավորություն կա, որ ես ամեն ինչ գիտեմ։ Այդպես չէ։ Եվ բոլոր որոշումները կայացնելիս պետք է լուրջ մասնագետների հետ քննարկում ունենաս եւ պատկերացում կազմես, համոզմունք ձեւավորվի մոտդ, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես»,- նշեց երկրորդ նախագահը։