կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-31 12:09
Իրավական

Դատարանն ԱԳՆ-ից ճշտել է Խաչատուրովի անձեռնմխելի լինել- չլինելու հարցը. Բալայան

Դատարանն ԱԳՆ-ից ճշտել է Խաչատուրովի անձեռնմխելի լինել- չլինելու հարցը. Բալայան

Նախքան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` ճշտելու, թե արդյո՞ք Խաչատուրովն ունի անձեռնմխելիություն: ՀՀ ԱԳՆ մամալո խոսնակ Տիգրան Բալայանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանը կցված է քրեական գործի նյութերին:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և մյուս պաշտոնյաների անձեռնմխելիության հարցը սահմանվում է ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին` 2002 թ. հոկտեմբերի 7-ի համաձայնագրում, և կարծում եմ` դատարանը հաշվի է առել մեր պատասխանը որոշում կայացնելիս»,- ասաց նա:

Նշենք, որ հիշյալ համաձայնագիրի համաձայն` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ ՀԱՊԿ պաշտոնատար անձինք ենթակա են պաշտպանության այն պահից, երբ անցել են իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ տվյալ համաձայնագրի 19-րդ հոդվածի՝ գլխավոր քարտուղարը, պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքների անդամները օգտվում են առավելություններից եւ անձեռնմխելիությունից, որը սահմանված է հենց տվյալ համաձայնագրով:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Դատարանի որոշումից հետո հայկական կողմը հայտարարել էր Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու մասին, մինչդեռ, ըստ ռուսական կողմի, Հայաստանը պետք է սկսի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը: