Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թատրոնին սիրահարված աղջիկը մեծ բեմերի մասին չէ, որ երազում է: Նրան ընդամենը հարթակ է պետք, որ ասի` ես նույնպես կամ: Ո՛չ հանդիսատես է պետք, ո՛չ շռնդալից ծափահարություն ու ո՛չ էլ զուգընկերը, կարևորը երազանքն է, իղձը, փափագը` հայտնվել չոր տախտակների վրա, խաղ խաղալ ու ասել` ցտեսություն: Սա գոյի պայքար է, մարդուն գնահատելու ու արժևորելու պակասի ճիչ, որ գալիս է յուրաքանչյուրի հոգուց: Մեզնից շատերը գուցե արձակում են այդ ճիչը, բայց ոմանք լռում են ու սպասում՝ չգիտես, թե ինչի: Սպասում էր նաև Համազգային մշակութային միության Լիբանանի Գասպար Իփեկյան թատերախմբի ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասյանը, որ Մայր հայրենիքում իրենց ներկայությունն ու գոյը տեղի թատերասերները կզգան այնպես, ինչպես որ կա:
«Զգացի,- ասում է նա ու իրեն հատուկ զսպվածությամբ, հանդարտ ոճով շարունակում,- հայ ռեժիսորներն ու թատերասերները տեսան մեզ, ընկալեցին, ընդունեցին: Կարևորն այն է, որ Սփյուռքի թատերախմբերին հենց այնպես, հարևանցի չեն վերաբերվում: Թեև բարդ է այսօր թատրոն պահելը, բայց փորձում ենք անել հնարավորը»:
Պատերազմի ժամանակ դժվար է մշակույթ զարգացնելը, այն պահպանելը, սակայն կենսական անհրաժեշտության նման է: Չունես մշակույթ, ուրեմն պարտվել ես: Ո՛չ դու կաս, ո՛չ էությունդ: Իսկ երբ գիտակցությունը ստիպում է հաշվի նստել կեցության հետ, այդ ժամանակ արվեստի մեջ թելադրողը տվյալ պահի գաղափարն է լինում` ինչն է կարևոր:
Գաղափարը միշտ էլ առաջնային է Հակոբ Տեր-Ղուկասյանի համար: Թատրոնի բեմի տախտակներից, ռեկվիզիտից, հանդերձանքներից և այլնից զատ, էականն այն ասելիքն է, որ պետք է տեղ հասցվի:
«Ինչ եմ ես հարցնում կամ ինչ եմ պատասխանում: Կարևորն այս երկու հանգամանքն է, թե դերասաններն իրենց խաղով ինչ են ուզում ասել, ինչի մասին խոսել, հարցնել: Կամ` գուցե արդեն պատասխանում են: Հայաստանում եկել ենք պատասխանելու հիմնական ու կարևոր մեկ հարցի` կանք, արարում ենք ու ոչ պակաս ստեղծագործական ներուժ ունենք: Եվ ուրախ եմ, որ թե՛ Վանաձորում, թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում հանդիսատեսն ընդունեց մեզ ու հասկացավ մեր անելիքը»,- ասում է նա:
Ռեժիսորի ճանապարհը դեպի թատրոն ուղիղ չի եղել: Որպես դերասան և դեմադրիչ սկսել և կայացել է օտար բեմերում, իսկ հետո եկել է Համազգային թատրոնը ղեկավարելու պատասխանատու ու պատվավոր պահը: Հրաժարվել չի կարողացել հստակ պատճառաբանությամբ` ուժ տվողը Միացյալ, Ազատ ու Անկախ հայրենիքի գաղափարն է եղել:
Դերասաններից գոհ է, հայերենին լավ են տիրապետում, ճիշտ առոգանությամբ կարդում, բեմադրում են տարբեր գործեր: Հանդիսատեսի պակաս չունեն` թե՛ հայ, թե՛ արաբ: Ցանկությունն է ժամանակակից հայ դրամատուրգների գործերին անդրադառնալ: Փորձ արդեն ունեցել է, հուսով է` ապագայում էլ կլինի:
Իրական կյանքից դեպի բեմ, ըստ նրա, ոչ մի քայլ էլ չկա: Իրականությունը բեմում է, որտեղ ներկայացվում է ճշմարիտը, ապրեցնողը, սովորեցնողն ու գաղափարականը: Թատրոնը հենց կյանք է` կեղծավոր առևտրականի հանդերձով: Իսկ բեմի վրա խեղճուկրակ մեկը խեղդվել է բեմադրում, որ մի քանի գրոշ վաստակի: Փորձը փորձանք է դառնում, ու խեղդվել խաղացողը խեղդվում է: Ավարտվեց: Կար ու էլ չկա: Եվ այդպես միշտ` լինել, թե չլինել: Հակոբ Տեր-Ղուկասյանի հիմնական ասելիքը շեքսպիրյան խոսքերն են: Այսօրվա աշխարհում հատկապես օրախնդիր է ու մարդկության գլխավոր հարցը` լինել, թե չլինել:
Մինչ մարդկությունը որոնում է հարցի պատասխանը, կռունկը բարձր ու երգեցիկ ձայնով կանչում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնից ու տուն բերում Լիբանանի Գասպար Իփեկյան թատրոնը: Հետո հակառակը կլինի, մի օր էլ կռունկն այնքան կկանչի, որ բոլորը հետ կգան` լինելու-չլինելու հարցը գուրգուրելով մտքում ու զգալով ամբողջ հոգով: Կանչեք Հայաստանի կռունկներ, քանի-քանի հայորդի կարոտ է ձեր ձայնին, իսկ բեմի չոր տախտակներից անդին` իրական կյանքում, չվերջացող թատրոնի անհաշվարկելի թվով արարն է:
Վրույր Սևակ
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի