կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-26 12:04
Հասարակություն

Գրեթե բոլոր ուղղություններով պետական միջոցները փոշիացվում են. Նիկոլ Փաշինյան

Գրեթե բոլոր ուղղություններով պետական միջոցները փոշիացվում են. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց կառավարության որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը, ըստ որի` նախատեսվում է բյուջեից գումար հատկացնել Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Վայոց ձորի մարզպետարաններին: Որոշման ընդունումը պայմանավորված է սուբվենցիաներ ստանալու անհրաժեշտությամբ` համայնքների տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորման անհրաժեշտությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 880 միլիոն դրամ, մրցույթների արդյունքում այն կազմել է 666 միլիոն դրամ: Դրանում պետության համաֆինանսավորման գումարը կազմում է 278 միլիոն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ սուբվենցիաներին խոստացել են շատ ավելի մեծ գումար հատկացնել, քան նախատեսված է, սակայն  այս ոլորտում դեռևս չի հաջողվում աշխուժություն մտցնել: «Մենք խոստացել էինք, որ սուբվենցիաների ծրագրով  այս տարի պատրաստ ենք հատկացնել 10 միլիարդ դրամ, բայց տեսնում ենք, որ առայժմ թվերը պտտվում են 200-300 միլիոնի շրջանակներում: Ինչպե՞ս ենք լուծելու այդ խնդիրը»,- հարցրեց վարչապետը:

Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ այդ ծրագիրը քննարկելու համար նախատեսված է ևս երկու փուլ: Ծրագրեր կան, որոնք ներկայացված են, վերջնական են և կներկայացվեն հանձնաժողովի քննարկմանն ու հաստատմանը: «10 միլիարդ դրամն այս տարի սպառել չենք կարող, և իմ առաջարկն է, որ հաջորդ տարվա համար նախատեսված հայտերը սկսենք ընդունել այս տարվա նոյեմբերից, որ արդեն կարողանանք  ֆինանսավորել: Կան ծրագրեր, որոնց շինարարական աշխատանքները կարող են կանգ առնել եղանակային պայմանների պատճառով: Որպեսզի այդ խնդիրը չառաջանա, հայտերը կընդունենք նոյեմբերից»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով` կառավարությունը պատրաստ է այդ գումարը տրամադրել, սակայն համայնքները չունեն ծրագրերը կամ ֆինանսական միջոցները, ուրեմն պետք է քննարկել` այդ 10 միլիարդը արժե՞ ծախսել մարզերում, թե՞ չարժե. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ծրագրերում առկա են լուրջ ռիսկեր, ուստի պետք է ապահովել, որ դրանք ճշգրիտ ու պատշաճ որակով իրականացվեն, տենդերների հետ կապված ռիսկերը պետք է արմատախիլ արվեն:

Վարչապետը դիմեց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին` ասելով, որ այս հարցում այդ կառույցը պետք է ուշադիր ու նախանձախնդիր լինի: «Մենք ասում ենք, որ պետության հնարավորությունները սահմանափակ են, բայց երբ ուսումնասիրում ենք, թե այդ սահմանափակ միջոցներն ինչպես են օգտագործվում, ստացվում է, որ այդքան էլ սահմանափակ չեն, քանի որ օգտագործվում են հնարավորությունների 30-40 տոկոսի չափով, մնացածը նետվում է «ձորը», և մենք պետք է այդ ձորի պատուհաններն ու դռները ամուր փակենք, որ ոչ ոք ոչինչ չնետի ձորը: Հենց այսօրվա դրությամբ եթե առկա միջոցները ծախսենք արդյունավետ, լրիվ ուրիշ վիճակ կլինի բոլոր ոլորտներում: Ցավոք, մենք այսօր ունենք իրավիճակ, որ բառացիորեն ամեն տեղ ստուգող մարմինները, ծավալների, գործելակերպի ու ցինիզմի տեսակետից,ցնցող բացահայտումներ են անում: Մինչև մենք այդ անցքերը չփակենք, այլ թեմաներով խոսելն անլուրջ կլինի: Համայնքներն այսօր գումար չունեն, որ մասնակցեն այդ 10 միլիարդ դրամի համաֆինանսավորմանը: Ինչո՞ւ պետք է ունենա գումար, եթե դպրոցի տնօրենը  իր բարեկամներից 20 հոգի նշանակել է, ովքեր չեն աշխատում, իսկ աշխատավարձը յուրացվում է»,- ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ կա երկու խնդիր, նախ` համայնքները չունեն բավարար կարողություններ` նորմալ ծրագիր ներկայացնելու, և գուցե կրթական ծրագիր իրականացվի, որ այդ ծրագիրը կարողանան կազմել: Հաջորդ խնդիրը միջոցներն արդյունավետ ծախսելն է: