Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընթանում է կառավարության հերթական նիստը: Քննարկվող հարցերից մեկն էլ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծն է:
Նախագիծն ընդունվեց միաձայն, սակայն մինչ այդ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ համաներման հետ կապված ինքը կիսում է արդարադատության նախարարի տեսակետը և կարծում, որ համաներման միջոցով չի կարելի մեխանիկական բեռնաթափման նպատակ հետապնդել: «Համաներումը պետք է ունենա կոնկրետ նպատակ: Համաներման հետ կապված ընկալումները սխալ են նաև, քանի որ մենք տարիների ընթացքում չենք ունեցել աստիճանական ազատ արձակման մեխանիզմ»,- ասաց նա:
Ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ցավոք, մեր երկիրը, տարբեր հանգամանքների բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում համաներման ինստիտուտը կիրառել՝ այդպես էլ չկենտրոնանալով պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի վրա, որը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել: «Համաներումը հիմնականում նկատի է ունենում հոդվածներ, իսկ պայմանական վաղաժամկետ ազատումը նկատի է ունենում կոնկրետ մարդուն: Դրա համար էլ պետք է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն իրապես գործարկենք, և այդ պարագայում հանրության մեջ համաներման այդպիսի մեծ պահանջ չի առաջանա: Այդ դեպքում կանխատեսելի կլինի դատապարտյալների և նրանց հարազատների համար, թե ինչպիսի վարքի պայմաններում նրանք կկարողանան պայմանական վաղաժամկետով ազատ արձակվել»,- ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ այն խնդրին, որ մի շարք ՔԿՀ-ներում երկարատև տեսակցության սենյակների քանակը քիչ է, և դրանք միշտ զբաղված են լինում: Ըստ Փաշինյանի՝ այստեղից էլ դատապարտյալների իրավունքը պատշաճ ձևով ապահովելու խնդիր է առաջանում: «Նուբարաշեն ՔԿՀ-ում, օրինակ, սահմանափակ թվով են այդ սենյակները: Հիմա նոր կատեգորիա ենք ավելացնում՝ կալանավորված անձինք, որոնք կարող են օգտվել այդ սենյակներից: Այստեղ կոռուպցիոն որոշակի ռիսկեր կարող են առաջանալ: Սա պատշաճ առիթ է, որ արձանագրենք՝ մեր բոլոր ՔԿՀ-ները բոլոր առումներով գտնվում են խայտառակ վատ վիճակում. խցային, շենքային պայմանները շատ վատ վիճակում են»,- ասաց նա:
Դիմելով ՄԻ պաշտպանին` Փաշինյանը հավելեց, որ այդ կառույցի և կառավարության միջոցով պետք է փորձեն միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ հրաժարվել հին ՔԿՀ-ներից ու նորերը կառուցե, թեև, ըստ նրա, նոր ՔԿՀ-ներն էլ առանձնապես չեն փայլում իրենց պայմաններով և ծախսի արդյունավետությամբ: