կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-30 14:32
Քաղաքական

Կիրառելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր պասիվ միջոցները. Նիկոլ Փաշինյան

Կիրառելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր պասիվ միջոցները. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին կհրապարակի «14+4» գործողությունների ճանապարհային քարտեզը, որով էլ իրենք առաջիկա օրերին առաջնորդվելու են. լրագրողներին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ ուղղված իրենց քայլերին:

«Մենք կիրառելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր պասիվ միջոցները»,- ասաց  նա։

Հարցին` այդ միջոցներով հնարավո՞ր է կյանքի կոչել իրենց առջև դրված նպատակը, Փաշինյանն արձագանքեց. «Այո', դա մեր համոզմունքն է, որ այլ միջոցով հնարավոր չէ»։

Ըստ նրա`  որոշակի բանակցություններ եղել են նաև այլ քաղաքական ուժերի հետ: «Կարևոր պայմանն այն է, որ կարողանանք համաձայնության գալ պայքարը ոչ բռնի գործողություններով առաջ տանելու հարցում: Մենք ունենք շփումներ որոշակի շրջանակների հետ, բայց այդ շփումների ընթացքում ընդգծում ենք մեզ համար սկզբունքային հարցեր, որոնք վերաբերում են ոչ բռնի պայքարի մեթոդներին»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ իրենց քաղաքական գործունեությունը չեն համարում «նրբիկ և վախվորած»:

«Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ, եթե երաշխավորեն, որ կհետևեն մեր սկզբունքներին: Սակայն մեր հիմնական բանակցությունները ՀՀ քաղաքացիների հետ է»,- եզրափակեց նա: