կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-26 13:52
Քաղաքական

ԸՕ 50 հոդվածներում փոփոխություններ կլինեն. քննարկում

ԸՕ 50 հոդվածներում փոփոխություններ կլինեն. քննարկում

Հայտնի է, որ ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով, որը մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է զբաղվի Ընտրական օրենսգրքի բարելավմամբ:

Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ընտրական օրենսգրքի հոդվածների քանակը, որոնցում փոփոխություններ կլինեն 50-ն են: Նա ընդգծեց, որ փոփոխությունները, որոնք պետք է կատարվեն, բաժանվում են մի քանի փնջերի, և առաջին ու ամենակարևոր փունջը վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին: «Քննարկման առարկա 2 տարբերակ կա` լրիվ համամասնական ընտրակարգ և համապետական ռեյտինգային ընտրակարգ»,- ասաց Իոաննիսյանը:

Ըստ նրա` համապետական ռեյտինգային տարբերակի վրա էլ են տարածվում այն մտահոգությունները, որոնք կային տարածքային ռեյտինգային ընտրակարգի հետ կապված, այդ պատճառով քաղհասարակությունը համամասնական ցուցակին է կողմ:

Իոաննիսյանի ներկայացմամբ` հաջորդ փունջ փոփոխությունների վերաբերյալ քննարկումները վերաբերում են ընտրատեղամասերում ընտրախախտումների բացառման մեխանիզմներ մշակելուն: «Քննարկվում են անգույն թանաքով մատնահետքով քվեարկելը: Ցուցակների մաքրման տարբեր սխեմաներ են քննարկվում: Հայաստանում կա շուրջ 198 հազար վավեր` անձը հաստատող փաստաթուղթ չունեցող քաղաքացի: Վստահ ենք, որ նրանցից 190 հազարը վաղուց հանրապետությունում չեն, ցուցակներից պետք է հանվեն այդ անձանց անունները: Այդ կերպ ընտրական ցուցակները կմաքրվեն, և 200 հազար հոգի, որ փաստացի չի մասնակցում ընտրություններին, դուրս կմնա ցուցակներից»,- ասաց նա:

Հաջորդ փունջ փոփոխությունների քննարկման առարկան վերաբերում է խաղի կանոններին: «Նախընտրական փուլում պետք է ամրագրել այնպիսի խաղի կանոններ, որ ապահովվի գաղափարների, ծրագրերի, այլ ոչ թե գրպանների մրցակցություն: Անվճար րոպեների ավելացման տարբերակն է քննարկվում, սխեմաներ, որ նվազեցնեն փողի էֆեկտը: Քննարկվում են տարբերակներ, որ ընտրակաշառքի դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմներ ապահովենք»,- ասաց Իոաննիսյանը:

Հանձնաժողովի անդամ Լուսինե Հովհաննիսյանն էլ ներկայացրեց ՀՅԴ-ի առաջարկները Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շրջանակում: Նա նշեց, որ ՀՅԴ-ի առաջարկները բխում են նախորդ ընտրություններից եկող բացթողումներից: «Առաջինը ռեյտինգային ընտրակարգից հրաժարումն է, համամասնական ընտրակարգի քվեարկությունը կազմակերպել բաց ցուցակներով` ամբողջ հանրապետությունը դիտարկել մեկ ընտրատարածք: Այս կերպ ստացվում է, որ պատգամավորի մանդատը որոշում է ոչ թե կուսակցությունը, այլ ընտրողը»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ կրկնակի քվեարկությունը բացառող, ընտրողի ընտրական իրավունքը սահմանափակող մեխանիզմների մշակման առաջարկներ ունեն, ինչպես նաև ընտրակաշառքի բացառման, վարչական ռեսուրսի կիրառման դեմ առաջարկներ:

«Առաջարկ ունենք կուսակցությունների` առավել մանդատներ ունենալու շեմի վերանայման հետ կապված` 2/3-ը դարձնել 3/5:  Հետընտրական զարգացումների կարգավորումների հետ կապված մեխանիզմներ ունենք` քվեարկությունից հետո ոչ միայն կեղծիքները արձանագրել, այլև դրանց հնարավոր ծավալը որոշել»,- ասաց նա:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ իրենց կուսակցությունը 100 տոկոս համամասնական ընտրակարգի կողմնակից է: «Այստեղ խնդիր ենք ունենալու` մարզերից պատգամավոր ընտրվելու հետ կապված, սակայն այստեղ էլ կարող են կուսակցությունները ցուցակի յուրաքանչյուր 6-րդը դնել մարզից թեկնածուի»,- ասաց նա:

Բագրատյանը նշեց, որ պետք է մշակել սխեմաներ, երբ զորամասերում կբացառվի պարտադրողաբար քվեարկելը: Սա բացառելու համար նրանք առաջարկում են, որ սպաները լինեն ընտրատեղամասերից հեռու: Նա նշեց նաև որ կարևոր է վերահսկել ընտրողներին ուղեկցողներին: «Ընտրությունների ժամանակ շատ է լինում, երբ կուսակցությունները ուղեկցող են նշանակում` առողջական խնդիրներ ունեցողների փոխարեն ընտրելու համար: Առաջարկում ենք, որ եթե կան առողջական խնդիրներ, օրինակ` ընտրողը լավ չի տեսնում և այլն, միայն բժշկից բերած թղթով տրվի թույլտվություն, որպեսզի նրա փոխարեն ընտրեն: նաև ընտրատեղամասերում թույլատրվի ցանկացած թվով լրագրողների և դիտորդների առկայությունը ընտրատեղամասերում»,- ասաց Բագրատյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի կարծիքով էլ` կուսակցությունների զարգացման տեսանկյունից լրիվ համամասնական ընտրակարգն է ճիշտ: Այդ դեպքում, ըստ նրա, կլինի ծրագրերի ու գաղափարների պայքար: «Իրենց բիզնես շահերը հետապնդող` մարզերից ընտրված պատգամավորները առանձնապես օգտակար չեն եղել: Բացի այդ` ընտրական կարգի պարզեցումը` միայն մեկ քվեաթերթիկ, այդ օգնության կարիքն է նվազեցնում: Այսինքն` նույնիսկ խնդիրներ ունեցող ընտրողի համար ավելի հեշտ կլինի մեկ քվեաթերթիկով ընտրելը, աջակցության չարաշահումն էլ կնվազեցվի»,- ասաց նա: 

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էլ նշեց, որ առաջարկում են, որ նախընտրական քարոզչության հետ կապված բոլոր ծախսերը մտնեն նախընտրական հիմնադրամի ծախսերի մեջ: «Առաջարկում ենք նաև, որ շեմը հաղթահարած կուսակցություններն ավելի երկար ժամանակահատված ունենան կոալիցիաներ ձևավորելու համար, այսօրվա օրենսգրքով վեց օր է»,- ասաց նա: