Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ նպատակ կա միասնական քննությունների տարբերակով ու ԳԹԿ մասնագետների վերահսկողությամբ անցկացնել նաև ավարտական քննությունները: Ավելի ուշ որոշվել էր, որ ընթացիկ ուսումնական տարվա վերջին միասնական քննությունների տարբերակով կանցկացվի ավարտական քննություններից միայն մեկը՝ «Հայոց լեզու» առարկայից, ի տարբերություն նախապես ծրագրված ամբողջ ծավալի. անցումը կլինի աստիճանական, ինչպես տարիներ առաջ եղավ միասնական քննությունների դեպքում: 9-րդ դասարանի ավարտական քննությունների վերաբերյալ նույնպես առաջարկվում էր կենտրոնացված տարբերակով կազմակերպել քննություններից դեռևս միայն մեկը:
Yerkir.am-ը հետաքրքրվեց ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանից` արդյո՞ք դեռ չկա քննությունների անցկացման ձևաչափի որևէ հստակեցում, քանի որ աշակերտները դեռ սպասողական վիճակում են: Փաշայանը պատասխանեց, որ այս շաբաթվա ընթացքում արդեն ամեն ինչ պարզ կլինի: «Այժմ մենք ուղեցույցերն ենք պատրաստում, և շուտով մեր կայքում կտեղադրվի «Հայոց լեզու» առարկայից նմուշը: Այս տարի 9-րդ դասարանցիների համար «Հայոց լեզու» առարկայից կլինի նորություն` քննությունը կլինի թեստային, բայց դրա մեջ կներառվի երեխայի շարադրանքը: Ի սկզբանե այդ քննությունը եղել է թեստային տարբերակով, որից, սակայն, բողոքներ կային, հետո մենք որոշեցինք փոխադրություն դարձնել այն, որից նույնպես բողոքներ եղան: Հիմա մենք որոշել ենք, որ կլինի թեստային, սակայն այն կներառի նաև որոշակի շարադրանք»,- ասաց Փաշայանը:
Դեռևս 2009-ից ԳԹԿ-ն անցկացնում էր արտաքին քննություններ` ստուգելու համար երեխաների իմացության մակարդակը, և դպրոցների հետ հետադարձ կապի միջոցով նպաստում կրթական համակարգի բարելավմանը: ԳԹԿ տնօրենի ԺՊ-ից հետաքրքրվեցինք նաև, թե այս տարի արդեն արե՞լ են արտաքին գնահատում, թե՞ ոչ: Ի պատասխան Փաշայանը նշեց, որ նոր են ավարտել արտաքին գնահատումը, այժմ էլ պատրաստում են դրա վերլուծությունը:
«Իհարկե, ԳԹԿ-ի առաքելությունը միայն քննությունների անցկացումը չէ, արտաքին գնահատում նորից կատարել ենք և մոտ երկու շաբաթից կունենանք վերլուծության արդյունքները: Մոտ 14 000 երեխայի շրջանում է արտաքին գնահատում անցկացվել: Արտաքին գնահատմամբ` ստուգվում են երեխաների գիտելիքները, հետո արդեն իսկ որոշակի հետազոտություն ենք կատարում, վերլուծություն կատարում ու այն տրամադրում դպրոցին, որպեսզի իրենք որոշակի եզրակացություն անեն»,- ասաց Փաշայանը:
Նա նաև հավելեց, որ կրթության ոլորտում քաղաքականությունը որոշում է ԿԳ նախարարությունը, իսկ իրենք կազմակերպում և անցկացնում են քննությունները, ինչը ենթադրում է թեստերի մշակում, փորձարկում, նախապատրաստական աշխատանքներ և այլն: Բուն քննության անցկացումն էլ ենթադրում է արդյունքների գնահատում, ստուգում, հրապարակում և վերլուծություն:
ՀՀ ԿԳ նախարարությունից էլ մեզ հայտնեցին, որ այս պահին աշխատանքներ են տարվում,և առաջիկա օրերին քննությունների անցկացման ձևաչափը պարզ կլինի: