|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Աժ-ում շարունակվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրի քննարկումը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե, բացի Մանվել Գրիգորյանից, այլ անձինք ներգրավվա՞ծ են գործում, թե՞ ոչ:
«Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը հրապարակելիս նշեցի անուններ, որոնք մասնակցություն են ունեցել նրան մեղսագրվող արարքներից մեկին, այդ մասով արդեն իսկ մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկ անձի նկատմամբ այսօր պլանավորված է քրեական հետապնդում իրականացնել»,-նշեց գլխավոր դատախազը:
Նշենք, որ դատախազը միջնորդագրում հայտնել էր, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանին գործով, որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Արթուր Դավթյանը միաժամանակ նշեց, որ գործը բավականին մեծածավալ է: Դատախազը, հաշվի առնելով գործի բարդությունն ու ծավալները, երկու քննչական մարմինների հանձնարարել է խումբ ստեղծել և զբաղվել գործի քննությամբ: