Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թ. դեկտեմբերի ԱԺ ընտրությունների արդյունքում քաղաքական մեծամասնությունը ընտրեց վարչապետ, ում ձևավորած կառավարությունն այդ նույն ԱԺ-ի հաստատմանը ներկայացրեց մի ծրագիր, որը որևէ կոնկրետություն չուներ խնդիրների, դրանց լուծման ուղիների առաջարկման առումով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով իշխանության հասցեին հնչող այն քննադատություններին, թե պետությունը, իշխանությունը, անձամբ վարչապետը պատասխանատվությունից միշտ խուսափում են և այն գցում քաղաքացու վրա:
Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ նա նշեց, որ այն միայն բարի ցանկությունների ու ոչ իրատեսական խոստումների ցանկ էր, իսկ ԱԺ-ն էլ հաստատեց այն՝ որոշ դեպքերում հետևյալ մեկնաբանությամբ՝ վստահությունն այնքան մեծ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որ եթե ծրագրում մի նախադասություն էլ գրված լիներ, կողմ կքվեարկեին:
«Իսկ արդյունքում՝ մարդկանց մոտ ձևավորված այս իշխանություններից սպասելիքները բնականաբար չէին կարող իրականանալ: Մարդիկ սպասում էին իրենց սոցիալական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման, աղքատության մակարդակի նվազեցման, բնակարանային խնդիրների լուծման և նմանատիպ այլ հարցեր: Բայց պարզվեց, որ աշխատատեղերի բացման հարցում պետությունը ոչ մի պարտավորություն չունի, իսկ աղքատությունը հենց այդ մարդկանց գլուխներում է, և իրենք պետք է այն հաղթահարեն»,-նշեց Կյուրեղյանը:
Նրա խոսքով՝ բնակարանային խնդիրների լուծման համար քաղաքացիները պետք է օր ու գիշեր, 24 ժամ աշխատեն, ինչպես երիտասարդ ժամանակ աշխատել է Նիկոլ Փաշինյանը:
«Լավ, եթե կառավարությունը նման հարցեր լուծելու որևէ պարտավորություն չունի ՀՀ քաղաքացիների առաջ, ապա այդ ինչ հիմքով են կառավարության, ԱԺ ներկայացուցիչները հենց այդ նույն քաղաքացիների հարկերի հաշվին այդքան բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանում, աշխատանքի այդ ինչ արդյունավետության համար»,- ասաց նա:
Կյուրեղյանն ընդգծեց, որ իշխանության եկած թիմն այսօր մեծամասնություն է ԱԺ-ում, ընդ որում, այնպիսի մեծամասնություն, որ մեկ կուսակցության 88 մանդատներով կարող են փոխել նույնիսկ սահմանադրական օրենքներ, այդքան քննադատվող հանրապետականը նման հնարավորություն չուներ, և որևէ սահմանադրական օրենք փոխելու համար նրան անհրաժեշտ էին թե կոալիցիոն գործընկերոջ և թե ընդդիմության ձայներ:
«Հիմա էլ այդ թիմը ուզում է փոխել Սահմանադրական դատարանի կազմը և քանի որ շատ լավ գիտակցում է, որ վաղ թե ուշ օրենքի առաջ պատասխան է տալու նման հակասահմանադրական քայլի համար, փորձում է այդ հարցի լուծման պատասխանատվությունը նույնպես դնել ժողովրդի վրա՝ հարցը դարձնելով հանրաքվեի հարց: Կարելի է ասել, որ այս իշխանությունները երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու անկարողությունը փորձում են կոծկել՝ դրանց պատասխանատվությունը դնելով իրենց բոլոր լիազորություններով օժտած ժողովրդի վրա»,- նշեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: