կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-13 12:13
Քաղաքական

Արծվիկ Մինասյանի հրաժարականի անհրաժեշտություն չկա. Ռուստամյան

Արծվիկ Մինասյանի հրաժարականի անհրաժեշտություն չկա. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ Արծվիկ Մինասյանի հրաժարականի անհրաժեշտությունը կա: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր, որովհետև նա այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր»։

Ռուստամյանն ընդգծեց, որ այս իրավիճակում պետք է հետևողական լինել, և պետք է լուծվի պարտադիր բաղադրիչին վերաբերող հարցը։ Պատգամավորն ասաց, որ կառավարությունում քննարկվող հարցը ոչ թե վերաբերում էր պարտադիր բաղադրիչի վերացմանը, այլ ուղղված էր մեղմացման ճանապարհներ գտնելուն։

«Վարչապետն էլ արձանագրել է, որ սահմանադրականությունը պահպանելու խնդիր կա, արդարությունը վերականգնելու խնդիր կա։ Կարծում եմ, որ մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ նպատակ ենք դնում այս հարցը լուծել արդար և սահմանադրական նորմերի մեջ տեղավորելով։ Սա որպես միջանկյալ քայլ է կատարվում` ամսի 1-ին վիճակը թեթևացվում է»,- նշեց նա։

Ռուստամյանն ասաց, որ քննարկման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այս հարցը օրակարգից չի վերանում: «Մենք պետք է գնանք դեպի այն, որ պարտադիր բաղադրիչը հանվի։ Դա է խնդիրը»,- ասաց նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՅԴ-ն չպաշտպանեց Թանդիլյանի մոտեցումը, որ մեկ տարով պետք է հետաձգել օրենքի ընդունումը, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք պաշտպանել ենք այդ նախագիծը, բայց չի քննարկվել այդ նախագիծը։ Մենք չենք օրակարգը ձևավորում, կառավարության գործունեության կարգ կա»։