կարևոր
3820 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-27 20:17
Հասարակություն

Վճռաբեկ դատարանը վերահաստատել է՝ նախաքննական մարմինը տապալել է Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանական բռնության դեպքով քննությունը․ նոր քննություն կիրականացվի

Վճռաբեկ դատարանը վերահաստատել է՝ նախաքննական մարմինը տապալել է Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանական բռնության դեպքով քննությունը․ նոր քննություն կիրականացվի

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանական բռնության գործի քննությունն իրավապահները տապալել են։ Գործը ծածկադմփոց անելու հանգամանքն արձանագրվել է անգամ Վճռաբեկ դատարանում, որի որոշմամբ՝ շուրջ երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքով նախաքննական մարմինները պետք է նորից քննություն իրականացնեն, այս անգամ՝ պատշաճ։

Հիշեցնենք, որ պատգամավորը բռնության էր ենթարկվել կարմիր բերետավորների կողմից՝ Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում՝ 2022թ մայիսի 18-ին։

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բերետավորները՝ մոտ 10 հոգի, հարձակվում Ա. Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով նստեցնում ոստիկանական մեքենան, այնուհետեւ մոտենում է կոչումով ավելի բարձրը ու նրան հանում մեքենայից։ Քիչ անց ոստիկանների մեկ այլ խումբ կրկին փորձել է նրան բռնության գործադրմամբ նստեցնել ոստիկանական մեկ այլ միկրոավտոբուս ու կրկին կոչումով ավագը նրան ազատ է արձակել։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ փաստաբան Վահե Գրիգորյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական գործ։

Ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, որի արդյունքներով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ ընդունված) 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին, գործի շրջանակներում Արծվիկ Մինասյանը տուժող էր ճանաչվել։ Քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, Հակակոռուպցիոն կոմիտեից ուղարկվել էր ՔԿ։ Նախաքննության ընթացքում գործը «ջրվել» է։ Թեև դեպքը տեղի էր ունեցել տեսախցիկների առջև և ոստիկաններին նույնականացումն առանձնապես ծանր խնդիր չէր իրավապահների համար՝ որևէ ոստիկանի այդպես էլ մեղադրանք չէր ներկայացվել։

Արծվիկ Մինասյանը դատական կարգով վիճարկել է նախաքննական մարմնի և դատախազության անգործությունը, գործը հասել է ընդհուպ մինչև Վճռաբեկ դատարան։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի այն որոշումը, համաձայն որի՝ դատախազությունը և նախաքննական մարմինը գործել են ապօրինի և պարտավոր են գործն, ըստ էության, մանրամասն, համակողմանի, բոլոր ասպեկտներով քննություն իրականացնել, այդ թվում՝ հարցաքննել բոլոր այն վկաներին, որոնք պետք է հարցաքննվեին, սակայն չեն հարցաքննվել, ուսումնասիրել բոլոր այն ապացույցները, որոնք պետք է ուսումնասիրվեին, սակայն չեն ուսումնասիրվել։

«Ամբողջ նախաքննությունը՝ հատկապես այդ դրվագներով՝ համարելով անարդյունավետ, ոչ օրինական, պահանջվել է նոր քննություն իրականացնել։ Գործը գնացել է դատախազություն, դատախազությունն ուղարկել է նախաքննական մարմին՝ ըստ իրավասության։ Թե որ քննչական մարմին՝ նույնիսկ այդ մասին տեղեկություն չկա, արդյո՞ք ՀԿԿ է ուղարկվել, թե ՔԿ և ինչ վիճակում է, որովհետև, ի վերջո, վերջնական ակտը՝ գործը նորից քննելու՝ կայացրել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը »,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ որևէ անձ ներգրավված չէ գործով որպես մեղադրյալ, իրեն հայտնի տեղեկատվության համաձայն՝ որևէ ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում չկա։

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ «բերետները»՝ իրենց հրամանատարների հետ միասին, չեն կարող հանգիստ մնալ, քանի դեռ չեն ենթարկվել օրենքով նախատեսված պատասխանատվության։

«Պատահական չէ, որ անպատժելիության մթնոլորտը հետագայում ծնեց պատգամավորների նկատմամբ նոր բռնություններ, ինչպիսին՝ Աշոտ Սիմոնյանի և մեր մյուս գործընկերների նկատմամբ էր, ինչպիսին հետագայում նաև դրսևորվեց քաղաքացիների նկատմամբ, նաև հունիսի 12-ի այլանդակությունը, որ ձեռնարկեց ոստիկանությունը և այլ ուժային կառույցներ։ Սա հենց այդ անպատասխանատվության միջավայրի ուղիղ հետևանքն է, հետևաբար, անխուսափելի է, որ այս մարդիկ պետք է կրեն պատասխանատվություն՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել նաև դատախազության հետ՝ հետաքրքրվելով գործի ճակատագրով։ Կառույցից հայտնեցին, որ քրեական վարույթն այժմ ՔԿ-ում է, նախաքննություն է իրականացվում։