կարևոր
10513 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-13 18:24
Իրավական Քաղաքական

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Արծվիկ Մինասյանի բողոքը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Արծվիկ Մինասյանի բողոքը

Yerkir.am-ը Արծվիկ Մինասյանից տեղեկացավ, որ ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նրա բողոքը: Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել  վերացնել առաջին ատյանի դատարանի, ինչպես նաև դատախազության գործը կարճելու որոշմանը հավանություն տալու մասին որոշումը։ Այս գործով նորից նախաքննություն պետք է իրականացվի։ Եթե դատախազությունը չբողոքարկի, Քննչական կոմիտեն պարտավոր է անցնել գործի քննությանը։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 18-ին,  «Դիմադրություն» շարժման ժամանակ կարմիր բերետավորները բռնություն էին գործադրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Ոստիկանության ծառայողները փորձել էին նրան նստեցնել Ոստիկանության տրանսպորտային միջոց։ Ընդ որում, դա ուղեկցվել էր վերջինիս քաշքշելով, հրմշտելով։

Նա հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին։ Քննչական մարմինը նրան տուժող էր ճանաչել, սակայն Մինասյանի խոսքով՝ պատշաճ վարույթ չէր իրականացրել և կարճել էր քրեական գործը։ Մինասյանը բողոքարկել էր գլխավոր դատախազություն, ապա առաջին ատյանի դատարան։  Դատարանը բավարարել էր պատգամավորի պահանջն ու գործն ուղարկել լրացուցիչ քննության։ Չհիմնավորված վկայակոչումները, հիմքերը նոր բողոքի առիթ էին դարձել։ Հակակոռուպցիոն առաջին ատյանի  դատարանը նորից քննել էր գործն ու ուժի մեջ թողել դատախազի ու քննիչի որոշումները։ Դրանից հետո Մինասյանը բողոքը ներկայացրել էր Վերաքննիչ դատարան։