կարևոր
3433 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-05 17:06
Հասարակություն

«Կողմերը միմյանց հետ են աշխատել, մենք անմիջապես ընդգրկված չենք եղել». Զառա Ամատունին՝ Ադրբեջանին փոխանցած դիերի և քարտեզների մասին․ 168.am

«Կողմերը միմյանց հետ են աշխատել, մենք անմիջապես ընդգրկված չենք եղել». Զառա Ամատունին՝ Ադրբեջանին փոխանցած դիերի և քարտեզների մասին․ 168.am

Կողմերն իրար հետ են աշխատել, մենք անմիջապես ընդգրկված չենք եղել: Այս մասին 168.am-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ անդրադառնալով ԱԱԾ-ի հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ հայկական կողմը դեկտեմբերի   1-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։

«Այսպիսով, 2020 թ. նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկորներ և 5 քարտեզ»,- նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Հարցին, թե հայկական կողմն այդ փոխանցումը Կարմիր խաչի միջոցո՞վ է իրականացրել, թե՞ առանց միջնորդի է գործընթացը տեղի ունեցել, Զառա Ամատունին պատասխանել է, որ գործընթացն առանց Կարմիր խաչի մասնակցության է  տեղի ունեցել։

«Կարող եմ ասել, որ կողմերն այս ուղղությամբ միմյանց հետ են աշխատել, մենք անմիջապես ընդգրկված չենք եղել կոնկրետ այս գործողության մեջ։ Այս պահին որևէ հաստատում չունենք մեր մասնակցության վերաբերյալ»,- նշեց Զառա Ամատունին։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 28-ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցած 13 հայ զինծառայողների դիերին, որոնք զոհվել էին սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով, և այդ գործընթացում Կարմիր խաչի մասնակցությանը, Զառա Ամատունին ասաց, որ այդ վերջին  գործընթացում Կարմիր խաչն ընդգրկված է եղել, որպես չեզոք մարդասիրական կազմակերպություն մասնակցել է՝ ներկա գտնվելով, որն իրականացվել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև։

Հարցին՝ Կարմիր խաչը տեղյա՞կ է, թե ինչո՞ւ է հայկական կողմին փոխանցվել 13 զինծառայողների դիեր, քանի որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել էր 16 զինծառայողների մասին, Զառա Ամատունին պատասխանեց.

«Ես չեմ կարող մեկնաբանել այդ հանրային հարցը, կարող եմ միայն ասել, որ բոլոր այս հարցերով ու բոլոր այդ ուղղություններով աշխատանքները, որոնք պետք է արվեն՝ մենք ընդգրկված ենք։ Բնականաբար, այդ առումով և՛ ընտանիքների, և՛ իշխանությունների հետ կապի մեջ կլինենք։ Այսինքն՝ հարցը մենք մեր մասով ուշադրության կենտրոնում ենք պահում, սակայն այդ առումով հանգամանքները չենք կարող մեկնաբանել»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակի գտնվելու հնարավոր վայրեր։