կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-27 12:33
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է ստում. ԿԳՄՍ նախարարն ասում է՝ չենք ստացել եզրակացությունը, ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն ասում է՝ ուղարկել ենք. Գևորգ Գյուլումյան

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մուտքի մոտ:

«ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն մեզ արձագանքեց անվտանգության ծառայության պետի միջոցով՝ փոխանցելով, որ ոչինչ չունի ասելու, հետևաբար՝ չի կարող ընդունել մեզ: Նա նշել էր, որ մենք մեր ասելիքը գրավոր ներկայացնենք, բայց մենք արդեն գրավոր դիմել էինք իրեն, և նրա՝ մեզ ուղարկված նամակի պատասխանից դժգոհ ենք, քանի որ լղոզված պատասխան էր»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը:

Նա մատնանշեց նաև, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետից «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի աշխատանքային նախագծի վերաբերյալ որևէ եզրակացություն չի ստացել, մինչդեռ՝ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն ուսանողներին ուղղված նամակում  նշել է, որ բոլոր գիտխորհուրդների եզրակացություններն ուղարկվել են նախարարություն:«Այստեղ անհամապատասխանություն կա՝ նախարարն ասում է՝ չենք ստացել, ռեկտորն ասում է՝ ուղարկել ենք, պետք է պարզվի, թե ո՞վ է մեղավոր, և ո՞վ է ստում»,- ասաց Գևորգ Գյուլումյանը:

«Մենք խնդրել էինք նաև արտահերթ գիտխորհրդի նիստ հրավիրել, սակայն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իրեն իրավունք է վերապահել խոսելու գիտխորհրդի անունից՝ ասելով, որ գիտխորհուրդն արդեն տեսակետ է հայտնել, և կարիք չկա արտահերթ նիստ հրավիրելու»,- մեկնաբանեց ուսանողը:

Նա փաստեց, որ պայքարը կիսատ չեն թողնելու, և կոչ արեց իրենց մյուս ընկերներին՝ միանալ: «Մինչև ժամը 18:00-ն այստեղ ենք մնալու: Մեր դաշնակցական ընկերները շուրջ երեք շաբաթ նստացույց արեցին բաց երկնքի տակ: Դա վառ ապացույց էր, որ եթե կա պահանջ՝ ո՛չ եղանակը, ո՛չ պայմանները չեն կարող խանգարել, հետևաբար՝  մեզ համար դժվար չէ ԵՊՀ շենքի ներսում՝ այս հարմարավետ պայմաններում, մինչև աշխատանքային օրվա ավարտը բողոքի ակցիան շարունակել»,- ասաց Գևորգ Գյուլումյանը:

 

Նարա Մարտիրոսյան

 

Մանրամասը՝ տեսանյութում