կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 19:58
Հասարակություն

Խստորեն դատապարտվելու և կանխվելու են բոլոր կոռուպցիոն դրսևորումները. ԿԳ նախարար

Խստորեն դատապարտվելու և կանխվելու են բոլոր կոռուպցիոն դրսևորումները. ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդիպում է ունեցել ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Նախարարը շեշտել է, որ խստորեն դատապարտվելու և կանխվելու են բոլոր կոռուպցիոն դրսևորումները. «Մենք գիտենք, որ բազմաթիվ ուսուցիչներ, նաև տնօրեններ ունեն սոցիալական խնդիրներ:

Այս ուղությամբ տարվում են աշխատանքներ, արդեն ունենք լուծումներ, որոնք առաջիկայում կներկայացվեն: Այսքանով հանդերձ՝ սոցիալական խնդիրների առկայությունը չի կարող արդարացնել դպրոցներում կոռուպցիայի առկայությունը: Նաև անթույլատրելի է, որ սոցիալական խոցելի վիճակը առիթ դառնա, որպեսզի քաղաքական ազդեցությունները ներթափանցեն դպրոց: Գիտեք, որ դպրոցների դրամահավաքների դեմն առնելու նպատակով իմ կողմից իրականացվել են որոշակի գործողություններ:

Տեղյակ եմ, որ որոշ տնօրեններ լուրջ աշխատանք են տարել` դրամահավաքն արգելելու ուղղությամբ, եղել են դեպքեր, երբ հավաքված գումարները վերադարձվել են, բայց երևույթը դեռ կա»,-նշել է նախարարը և հավելել, որ մի շարք դեպքեր այժմ ուսումնասիրվում են օրինապահ կառույցների կողմից: Նրա խոսքով` ԿԳ նախարարությունը լինելու է դպրոցի, մանկավարժի և տնօրենի գործընկերը` դրսևորելով անկախ արբիտրի կեցվածք.

«Ոլորտում կան լավ մասնագետներ, ովքեր կարող են նաև արդյունավետ քաղաքականություն իրականացնել, սակայն քանի որ չի եղել քաղաքական կամք, հնարավոր չի եղել այդ ներուժը լավագույնս կիրառել: Ավելին՝ Կրթության և գիտության նախարարության նշանակությունը հետևողականորեն նվազեցվել է: Վստահեցնում եմ, որ նախարարությունն ամբողջովին կատարելու է իրեն վերապահված գործառույթները և չի պատրաստվում իր լիազորություններն առանձին դեպքերում փոխանցել կամ պատվիրակել այլ կառույցների կամ մասնավոր անձանց»,-ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ նախկինում ԿԳ նախարարության որոշակի լիազորություններ իրենց վրա են վերցրել այլ գերատեսչություններ և բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդականներ, որն այլևս չի կարող շարունակվել:

Անդրադառնալով Վերջին դասի միջոցառումներին` ԿԳ նախարարն ընդգծել է, որ դրամահավաքն արգելվում է, սակայն դա չի նշանակում, թե միջոցառումներն արգելված են: Այդ միջոցառումները, ինչպես Արայիկ Հարությունյանն է ընդգծել, կարող են կազմակերպվել համեստ միջոցներով: