Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում շարունակվում են «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ խորհրդարանական լսումները: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ասաց, որ բանակում չպետք է լինի հավատաքննություն: «Աթեիստներին, ոչ Առաքելական եկեղեցու հետևորդներին ստիպում են խաչակնքվել, աղոթել, մկրտվել, սա ինչպե՞ս է կարգավորվելու»,- հարցրեց նա:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ինքը` որպես Առաքելական եկեղեցու հետևորդ և մարդ, ով համարում է, որ եկեղեցու դերակատարությունը մեծ է հայոց պատմության մեջ, հատկապես` պետականության բացակայության ժամանակ, անելու է այնպես, որ բանակի կապը եկեղեցու հետ օրենքի շրջանակներում լինի այնքան ամուր, ինչքան հնարավոր է: «Վեհափառ հոր ջանքերը բանակում հոգևոր արժեքներ սերմանելու ուղղությամբ տվել են և տալու իրենց արդյունքները: Մեր հոգևոր սպասավորների ինստիտուտը մեծ դերակատարում ունի` և' որպես բանակային հոգեբանների, և' որպես ավագ ընկերների` զինվորի կողքին կանգնելու: Մենք այդ ինստիտուտը պետք է շարունակենք ուժեղացնել»,- հայտարարեց նա:
Սարգսյանը նշեց, որ բանակում չկա որևէ պարտադրանքի դեպք: «Բանակում ստիպողաբար աղոթել և մանավանդ` մկրտելու դեպքեր ինձ հայտնի չեն: Եթե ունեք այդպիսի դեպքեր, տվեք, ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել»,- ընդգծեց նա, ապա հավելեց. «Եթե խոսքը գնում է այն մասին, որ ես պարբերաբար լինում եմ Էջմիածնում, ես շարունակելու եմ դա անել, որովհետև բացառիկ եմ համարում այն արժեքները, որ մեր Առաքելական եկեղեցին ստեղծում է մեր արժեհամակարգում` առհասարակ, և' մեր մոտիվացման տեսակետից, և' մեր երկրի ամրապնդման, և' պաշտպանության ապահովման տեսակետից»,- ասաց նախարարը: