Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական ինքնությունը կառուցված է երեք հիմնական «հակա»-ների վրա՝ հակաիրանականություն, հակառուսականություն և հակահայկականություն, ուստի Ադրբեջանում պետական և հասարակական մակարդակներում նկատելի է արտաքին վախի և գոյաբանական սպառնալիքների ընկալման երեք տեսակ՝ «արմենաֆոբիա», «ռուսաֆոբիա» և «իրանաֆոբիա»:
Ադրբեջանում հակառուսական տրամադրությունները կապված են վերջին 30 տարվա իրադարձությունների հետ՝ բխելով Արցախյան առաջին պատերազմից (1988-1994 թթ.), 1990 թ. հունվարի 20-ի դեպքերից:
Այսպես՝ սումգայիթյան ջարդերից հետո ադրբեջանցիների և հայերի միջև հարաբերությունները խիստ լարվել էին։ 1990 թ. հունվարի 12-ին Բաքվի հեռուստատեսությամբ հնչեց «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, որ Բաքուն լցված է Ղարաբաղից եկած անօթևան ադրբեջանցի փախստականներով, իսկ հազարավոր հայեր ապրում են հարմարավետ բնակարաններում:
Հաջորդ օրը Բաքվի Լենինի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ, որի ժամանակ հնչեցին «Փառք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՜ Բաքուն առանց հայերի» կարգախոսները։ Երեկոյան ցուցարարների մի մասը յոթօրյա ջարդեր սկսեց հայերի դեմ:
Հայտնի է, որ այդ ջարդերից տուժել են նաև այլ ազգությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ռուսներ: Ջարդերն ինքաբուխ չէին և կազմակերպված բնույթ էին կրում. դեռևս նախորդ տարվա վերջին Բաքվի բնակարանային գրասենյակները պահանջել էին բնակիչներին լրացնել հարցաթերթիկներ՝ իբր մթերքի կտրոններ ստանալու համար: Բաքվի դպրոցներից մեկի միջանցքում հետևյալ գրությունն էր փակցված. «ռուս ուսուցիչնե՛ր, գնացե՛ք հավաքարարությամբ զբաղվեք»:
1990 թ. հունվարի 19-ին ԽՍՀՄ զինված ուժերի նախագահության հրամանագրով Բաքվում արտակարգ դրություն մտցվեց։ 1990 թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, անկարգություններով պայմանավորված, Բաքու մտցվեցին ԽՍՀՄ բանակի և ՊԱԿ-ի զորամասեր: Բաքվում խորհրդային զորքերի և ադրբեջանական զինված խմբերի միջև բախումներ տեղի ունեցան: Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմն ուներ 150 զոհ: Ադրբեջանական քարոզչամեքենան այդ իրադարձությունները կոչեց «Սև հունվար», որից հետո Բաքուն սկսեց ատելություն սերմանել ռուսների նկատմամբ։ Շատ տների վրա հայտնվեցին «ռուսներն օկուպանտներ են», «ռուսները խոզեր են» գրությունները: Քաղաք զորքեր մտցնելն ուժեղ հարված հասցրեց Ադրբեջանում խորհրդային իշխանության և կոմունիստական կուսակցության դիրքերին. տասնյակ հազարավոր ադրբեջանցի կոմունիստներ հրապարակայնորեն այրեցին իրենց կուսակցատոմսերը։ 1990 թ. սկսեցին ռուսներին վռնդել բնակարաններից։
Ադրբեջանի ռուսական համայնքի նախագահ Միխայիլ Զաբելինի զեկույցի համաձայն՝ 2004 թ. երկրում մնացել էր շուրջ 168 հզ. ռուս, մինչդեռ 1979 թ. հունվարի 1-ին Ադրբեջանում բնակվում էր շուրջ 476 հզ. ռուս քաղաքացի:
Հետխորհրդային Բաքուն այնպիսի արտաքին քաղաքականություն որդեգրեց, որի շրջանակներում Մոսկվայի հետ հարաբերություններին ոչ թե վերջ դրվեց, այլ դրանք հասցվեցին նվազ մակարդակի՝ պայմանավորված Թուրքիայի և Արևմուտքի հետ մերձենալու ձգտումներով: Հատկանշական է, որ Ադրբեջանում թերահավատորեն էին վերաբերվում Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինին (1991 թ. դեկտեմբերի 25 – 1999 թ. դեկտեմբերի 31)՝ դա պատճառաբանելով հայերի նկատմամբ վերջինիս ունեցած համակրանքով: Այդ համատեքստում հարկ է նշել, որ, տեղացիների մեկնաբանմամբ, Ադրբեջանն Արցախյան առաջին պատերազմում պարտվել է ոչ թե հայերին, այլ Ռուսաստանին:
Արցախյան հիմնախնդրի շրջանակում ռուսների նկատմամբ ադրբեջանցիների հակակրանքի պատճառներից հարկ է նշել ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներ Անդրեյ Նույկինի, Ելենա Ալիխանյան-Բոնների և Գալինա Ստարովոյտովայի ներգրավվածությունը արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում: Ադրբեջանի հավաստմամբ՝ հենց նրանք են անցյալ դարի 80-ական թթ. երկրորդ կեսին չարագուշակ դեր խաղացել արցախյան հակամարտության բորբոքման և դեռ այն ժամանակ միութենական մամուլում իսկական հակաադրբեջանական հիստերիայի հրահրման մեջ։ Բաքվի համոզմամբ՝ կոմիտեն ոչ միայն զբաղվում էր կուսակցական-պետական ապարատի և բարձրաստիճան զինվորականների կաշառմամբ, այլև մամուլում ու հեռուստատեսությամբ Ղարաբաղը Հայաստանին հանձնելու կոչեր էր անում, Ադրբեջանի տարածքում իրադարձությունները մեկնաբանում բացառապես հայերի օգտին և բացահայտորեն ապատեղեկատվություն տարածում խորհրդային հանրության շրջանում՝ անթաքույց ատելությամբ լցված լինելով ադրբեջանցիների հանդեպ:
Ադրբեջանի հակառուսական հիստերիան թափ է հավաքել նաև 1993 թ. հրապարակված Ռուսաստանի նախագահի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդության մասին» հրամանից հետո, որի համաձայն՝ կրճատվում էին Ադրբեջանին և Հայաստանին զենքի մատակարարման ծավալները: Բաքվի մեկնաբանմամբ՝ այս հրամանն ուղղված էր նախ և առաջ Ադրբեջանի դեմ, ուստի Բաքվում հայտարարվեց, որ, ի հեճուկս վերոնշյալ հրամանի, Ռուսաստանը շարունակում է զինել Հայաստանին: Չնայած նման լուսաբանմանը՝ Ադրբեջանը 1993 թ. սեպտեմբերի 24-ին միացավ «Հավաքական անվտանգության մասին համաձայնագրին» (2002 թ. մայիսի 14-ի որոշմամբ այն վերանվանվեց «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» (ՀԱՊԿ)՝ ստանալով միջազգային տարածաշրջանային կազմակերպության կարգավիճակ): Ադրբեջանի առաջ քաշած տեսակետն առ այն, որ Ռուսաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից արցախյան հակամարտության ընթացքում հայկական կողմին զինտեխնիկայի մատակարարման ծավալը մեծացել էր, հանգեցրեց Բաքվի հետաքրքրության կիզակետից ՀԱՊԿ-ի դուրսմղմանը և ռազմական ոլորտում համագործակցության նպատակով դեպի Արևմուտք շրջվելու քաղաքականության որդեգրմանը: Որպես դրա շարունակություն՝ 1999 թ. ապրիլի 2-ին Ադրբեջանը դուրս եկավ ՀԱՊԿ կազմից և հենց այդ տարի դարձավ ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ պետություն, որի գործունեությանն ու հակառուսական կողմնորոշմանը դեռ անդրադարձ կկատարվի:
Ի լրումն վերը նշվածի՝ 2005 թ. ապրիլի 7-ին Ադրբեջան Բորիս Ելցինի ոչ պաշտոնական այցի առնչությամբ Բաքվի «Շարղ» օրաթերթը գրեց, որ Ադրբեջանում մեծամասնությունը դեմ էր նրա այցին, ինչը պատճառաբանվում էր հետևյալ հանգամանքներով՝ վերջինիս կառավարման շրջանում զենքի վաճառք Հայաստանին և Լևոն Տեր-Պետրոսյանին տված «թուրքերին նրա առաջ ծնկի բերելու» խոստում:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այն, որպես այդպիսին, Ադրբեջանում ընկալվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործիք, իսկ դրա ցանկացած հայտարարություն՝ Մոսկվայի կիսապաշտոնական դիրքի արտահայտում: 2009 թ. Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հանդես եկավ առաջարկով, ըստ որի՝ եթե Ռուսաստանը ճանաչեր Ադրբեջանի բացարձակ իրավունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, Ադրբեջանը նույնիսկ կարող էր միանալ ՀԱՊԿ-ին և թույլ տալ ռուսական ռազմաբազայի տեղակայում իր տարածքում: Այս առաջարկը թշնամաբար ընդունվեց Ադրբեջանի բնակչության մեծամասնության և քաղաքական էլիտայի մի մասի կողմից: 2009 թ. դեկտեմբերի 29-ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ադրբեջանական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ պետք է յուրաքանչյուր ադրբեջանցի ոտքի կանգնի, քանի որ եկել է հակամարտության լուծման պահը: Սակայն դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի ԶԼՄ-ներում հրապարակվեց ՀԱՊԿ քարտուղարության (գլխավոր քարտուղար՝ Նիկոլայ Բորդյուժա (2003 թ. ապրիլ – 2016 թ. դեկտեմբեր)) հաղորդագրությունը, ըստ որի՝ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելուն միտված դեսպանի խոսքը սադրանք է:
Բաքվում այս հաղորդագրությունը մեկնաբանում էին, թե Ռուսաստանը չէր ցանկանում հակամարտության լուծումը, իսկ ՀԱՊԿ-ը այդ քայլով բացեիբաց ցույց էր տալիս իր աջակցությունը Հայաստանին: Պատահական չէ, որ 2010 թ. հունվարի 14-ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա հղեց Ռուսաստանի ԱԳՆ-ին և ՀԱՊԿ անդամ երկրների՝ Մոսկվայում տեղակայված դեսպանություններին:
Փաստաթղթում ասվում էր, որ դեսպանի հայտարարությունը ոչ թե պատերազմի, այլ նվաճված հողերի ազատագրման կոչ էր, ուստի ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությունն անտեղի էր, չէր մտնում վերջինիս լիազորությունների մեջ և միջամտություն էր Ադրբեջանի ներքին գործերին: Կազմակերպության գլխավոր քարտուղարի հետագա հայտարարությունները ևս Բաքվում ընթերցվում էին ոչ բարեկամական տոնով: Այս համատեքստում Ադրբեջանի հակառուսական դեմքը երևում էր նաև նրանից, որ, Բաքվի համոզմամբ, ՀԱՊԿ մյուս անդամ երկրները չէին մասնակցի Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական գործողությանը, մինչդեռ ինչպես կազմակերպության քարտուղարությունը, այնպես էլ Ռուսաստանի ՊՆ առանձին գեներալներ չէին համապատասխանեցնում իրենց հայտարարությունները արտաքին քաղաքական իրավիճակի և ՀԱՊԿ մյուս անդամների հետ:
Ադրբեջանում արձանագրված հակառուսականության վերջին դրսևորումները պայմանավորված են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայ-ռուս-ադրբեջանական համատեղ հայտարարության հիման վրա Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման և դրա գործունեության իրողություններով։ Համաձայն վերոնշյալ եռակողմ հայտարարության՝ խաղաղապահներն Արցախում տեղակայվում են 5 տարի ժամկետով, այնուհետև եթե կողմերից որևէ մեկը չի արտահայտում անհամաձայնություն, ժամկետն ինքնըստինքյան երկարում է ևս 5 տարով։
Ռուս խաղաղապահների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետությունում գեներացված ատելության քաղաքականությունն իր արտահայտությունն է գտել ոչ միայն այդ երկրի պաշտոնական և փորձագիտական դաշտում, այլև հանրային մակարդակում:
Դեռևս 2021 թ. ապրիլին «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հակառուսական ակցիա անցկացրեց Բաքվում Ռուսաստանի դեսպանատան առջև՝ ՌԴ-ին մեղադրելով Արցախում պատերազմի ժամանակ «Իսկանդեր Մ» հրթիռների կիրառման մեջ, և այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջեց: Նրանք հայտարարել են, որ այդ հրթիռի հարվածով Ռուսաստանը ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ: Բացի այդ՝ պնդում էին, որ ռուս խաղաղապահները խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների տեղաշարժը:
Ցուցարարների պաստառները հագեցած էին այնպիսի կարգախոսներով, ինչպիսիք էին՝ «Ռուսաստա՛ն, ձեռքերդ հեռո՛ւ Ղարաբաղից», «Ղարաբաղը Ադրբեջան է», «Լաչինը Ադրբեջան է», «Իվա՛ն, գնա՛ տուն»: Հատկանշական է, որ ոստիկանությունն այս անգամ ոչ մի կերպ չի միջամտել ակցիային, ինչը վկայում է եթե ոչ իշխանությունների կողմից դրա ուղղակի կազմակերպման, ապա առնվազն նրանց աջակցության ու թողտվության մասին:
Ադրբեջանի քաղաքականության հակառուսական գիծն առավել ընդգծված տեսք է ստացել 2022 թ. ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր, մասնավորապես՝ մարտի վերջին օրերին: Հետաքրքրական է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից անմիջապես հետո նախկին խորհրդային հանրապետությունների փոխգործակցության նպատակով ստեղծված ՎՈՒԱՄ կազմակերպության (Ժողովրդավարության և տնտեսական զարգացման տարածաշրջանային կազմակերպություն՝ ստեղծված 1997 թ., որի անդամ երկրներն են Վրաստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Ադրբեջանը և Մոլդովան) գլխավոր քարտուղար Ալթայ Էֆենդիևը (Ադրբեջանի ԱԳՆ առավել փորձառու պաշտոնյաներից (Guam organization)) հանդես եկավ հակառուսական ուղերձով, որում մասնավորապես ասվում է, թե Ռուսաստանն իր շահերն առաջ է մղում «պատերազմների, հակամարտությունների, ուժի սպառնալիքի, հարկադրանքի, ահաբեկման, շանտաժի, ստի և զանազան մանիպուլյացիաների միջոցով»: Եվ դա միակը չէ. ՎՈՒԱՄ-ի ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում հակառուսական հրապարակումները բազմաթիվ են:
Ռուս-ուկրաինական պատերազմին ընդառաջ Ադրբեջանի հակառուսական գիծը դրսևորվել է Արցախի Հանրապետության և խաղաղապահների դեմ իրականացված սադրիչ գործողություններով. խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և շրջանցելով ռուս խաղաղապահներին՝ 2022 թ. մարտին ադրբեջանցիները գրավեցին խաղաղապահ զորագնդի իրավասության դաշտում գտնվող Արցախի Հանրապետության Փառուխ գյուղը՝ փակելով օդային տարածքը ՌԴ ռազմական ինքնաթիռների համար, բացի այդ, օգտագործելով մեդիա ռեսուրսները, ատելություն և հակառուսականություն են տարածում:
Ռուսական խաղաղապահ զորախումբը հնարավորինս հեղինակազրկվում, վարկաբեկվում և նսեմացվում է նաև «Ֆեյսբուքի» ադրբեջանական տիրույթում:
Ստորև թեմատիկ բաժանմամբ ներկայացվում են «Ֆեյսբուքի» ադրբեջանական տիրույթում տեղ գտած գրառում-մեկնաբանություններից առանձնացված հակառուսական բնույթի ակնառու օրինակները՝ շեշտը դնելով խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքի վրա:
«Ադրբեջանում հունվարի 20-ի կոտորածն իրականացվել է ոչ թե Ամերիկայի, այլ Ռուսաստանի կողմից»։
«Ռուս և իրանցի գյավուրները միշտ եղել են մեր ժողովրդի թշնամիները, նրանցից բարեկամ չի կարող լինել մահմեդական երկրների համար: Անիծվի ռուս ֆաշիստ բանակը»:
Ադրբեջանական «Azadlıq Qəzeti» կայքէջի՝ «Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներն ինչո՞վ են զբաղված» վերնագիրը կրող տեսանյութին կից մեկնաբանություններից. «Ռուսը կենդանության օրոք մեր նկատմամբ բարի մտադրություններ չի ունեցել»:
«Ռուսը մեզ երբեք չի օգնել: Հայկական արյունով այս անազնիվները Պուտինի մի մասնիկն են»:
«Ռուսը, պարսիկը և հայը Ադրբեջանի թշնամիներն են»:
«Ռուսները, որ երկրում էլ լինեն, այդ երկրում արյուն է թափվելու»:
Համաձայն վերոբերյալ կարծիքների՝ ռուսը, «Սև հունվարի» իրադարձություններով պայմանավորված, դիտվում է թշնամի, որն արյուն է թափում և անազնիվ է:
«Ռուսաստանի հետ պայմանագրի գինը նույնիսկ ավելի ցածր է այն թղթի արժեքից, որի վրա այն գրվել է»:
«Ռուսաստանի հետ համաձայնագիրը նման է ջրի վրա գրված նամակի»:
«Ռուսաստանի Դաշնությունը 1995 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դարձել կեղծ ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը:
Հայաստանի ռազմաքաղաքական-ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, այլ ոչ թե ԱՄՆ-ն: Հայաստանի օդային տարածքն ու ցամաքային սահմանները պաշտպանում է ոչ թե ԱՄՆ-ն, այլ Ռուսաստանը: Ղարաբաղում երկրորդ լեզուն ոչ թե անգլերենն է, այլ ռուսերենը: Ղարաբաղի հայերին ռուսական անձնագրեր են բաժանում, ոչ թե ամերիկյան: 1992-1993 թթ. ադրբեջանական հողերը օկուպացվել են Ռուսաստանի, այլ ոչ թե ԱՄՆ-ի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ: Հայկական բանակին զինում է ոչ թե ԱՄՆ-ն, այլ Ռուսաստանը: Տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, Պուտինն է անվանել քվազիպետություններ, այլ ոչ թե Բայդենը: Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, Ղրիմը և Դոնբասը օկուպացվել են Ռուսաստանի, ոչ թե ԱՄՆ-ի կողմից: Այնպիսի հիմար ու վտանգավոր հայտարարություն, ինչպիսին է «Ղարաբաղը պետք է միանա Ռուսաստանին», հնչեց ոչ թե ԱՄՆ Կոնգրեսում, այլ Ռուսաստանի Պետդումայում»:
Ադրբեջանական «Azadlıq Qəzeti» կայքէջի՝ «Ռուս «խաղաղապահները» Ղարաբաղ գրադ են տանում» խորագրով տեսանյութին կից մեկնաբանություններից. «Ղարաբաղը հանձնեցին Ռուսաստանին: Շունը գնաց, արջը եկավ», «Խաղաղապահները զենիթահրթիռային համակարգեր են տեղափոխում Ղարաբաղ. հասկանալի է, որ ռուսները ռազմաբազա են ստեղծում», «Որտեղ խաղաղապահը, այնտեղ տանկն ու գրադը», «Նրանք խաղաղապահներ չեն, օկուպանտներ են»:
«Խաղաղապահներն ահաբեկիչներին Ղարաբաղից դուրս բերելու փոխարեն պայմաններ են ստեղծում նրանց վերադարձի համար։ Այս երեսպաշտ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում մեզ համար մեծ վտանգ է ներկայացնում։ Ավելի ուշ նրանք Ղարաբաղին կարգավիճակ էլ կտան»:
Ադրբեջանական «AzPolitika» կայքէջի՝ «Ռուս խաղաղապահները անջատողականների համերգին են մասնակցում» վերնագրով տեսանյութին կից մեկնաբանություններից. «Շան ձագը շնից վատն է»:
«Եթե Ռուսաստանը չընկնի, ռուսները չեն հեռանա Ղարաբաղից։ Շնագայլ ռուսական կայսրության ու ռուս լինելու ստոր խայտառակությունը դեռ առջևում է: Եվ դա նրանց գենետիկայի մեջ է»:
Ադրբեջանական «Caliber.az» կայքէջի՝ «Ռուս խաղաղապահները Լաչինում թալանով են զբաղված» խորագիրը կրող տեսանյութին կից մեկնաբանություններից. «Միջազգային մանդատ չունեցողները երբվանի՞ց են խաղաղապահ համարվում: Այսօր հայերն ամրացել են Խոջալուում ռուս շների օգնությամբ»:
«Ռուսը երբեք չի հեռանա, նա հանգիստ զբաղեցրեց իր տեղը: Ինչո՞ւ Ղարաբաղը չազատվեց օկուպացիայից, և հայերին փոխարինեցին ռուսները»:
Համաձայն երկրորդ կետի՝ ռուս խաղաղապահները աջակցում են հայերին և գործում ի վնաս Ադրբեջանի:
«Ռուս «խաղաղապահները» հայերին «այցի» են բերում Քելբաջարի շրջանի տարածքում գտնվող ալբանական եկեղեցի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս եկեղեցին նշում է որպես Հայ առաքելական հնագույն եկեղեցի: Ռուս «խաղաղապահները» տուրիզմով են զբաղվում։ Նրանք հայերին եկեղեցի են բերում էքսկուրսիայի։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ բերում եք ռուսներին»:
Ադրբեջանական «Azadlıq Qəzeti» կայքէջի՝ «Ռուս «խաղաղապահները» ուշադրություն են ցուցաբերում Ղարաբաղում հայ կանանց նկատմամբ» խորագրով տեսանյութին կից մեկնաբանություններից. «Շունը շանն է ուրախացնում: Շունը շան ոտքը չի տրորում։ Ռուս զինվորները Ղարաբաղում չեն կարող մնալ: Պետք էր նախ իրենց ռուս կանանց նվիրել ծաղիկներ, թե չէ նրանց այլ տղամարդիկ են նվիրում: Ինչ բոցավառ սեր է. ծաղիկներ են տալիս, վառելափայտ կրում, օգնում, իսկ մեզ այստեղ շոու են ցույց տալիս: Թող ռուսներն իմանան, որ այստեղ իրենց մնալը ժամանակավոր է: Վաղ թե ուշ նրանք այստեղից կհեռանան: Ռուսական խոզը ցանկանում է իրեն քաղաքակիրթ ցույց տալ: Ռուսական բանակը եղել է այդ անազնիվների կողքին»:
«Այդ «խաղաղապահները» չեն կարողանա երկար մնալ: Հայ ազգը ապրելու է ադրբեջանական իշխանության օրենքներով ու կանոններով: Ադրբեջանը Ղարաբաղում կանի այն, ինչ ցանկանա։ Ռուսաստանի գերիշխանության ավարտին քիչ է մնացել», «Ժամանակն է, որ Ռուսաստանը պառակտվի, Դերբենդն էլ ադրբեջանական հող է», «Դժբախտ առնետները ներխուժել են Կովկաս որպես օկուպանտ: Ռուսաստանը երբեք չի հեռանա Կովկասից դեպի դժոխք»:
«Ներկայումս Ղարաբաղում գործում է ոչ թե ԱՄՆ-ն, այլ ռուս «խաղաղապահները», որոնք հայերի հետ միասին մտնում են Լաչինի միջանցք և նույնիսկ Ադրբեջանի պետական սահմանը վերահսկում, անցկացնում են շքերթեր, հանդիսավոր միջոցառումներ, համատեղ զորավարժություններ, հիմնում հսկայական ռազմակայաններ»:
Այսպես ադրբեջանցիները նսեմացնում և հեղինակազրկում են ռուսին որպես խաղաղապահի՝ շեշտելով, որ ռուսից խաղաղապահ դուրս չի գա:
«Մեզ մոտ ոչ ոք չի մեղադրում մեր կառավարությանը վախից, ուստի «հեռացե՛ք, ռուսնե՛ր» են ասում ու գոռում: Ինչքան էլ Ի. Ալիևի, Հ. Ալիևի նման «ուժեղ» քաղաքական գործիչներ լինեն, ժողովուրդը դրանից միայն տուժում է: Բնակչության մեծ մասն աղքատ է»:
Ադրբեջանական «Azadlıq Qəzeti» կայքէջի՝ «Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներն ինչո՞վ են զբաղված» վերնագիրը կրող տեսանյութին կից մեկնաբանություններից. «Իլհամ Ալիևը երկիրը վաճառել է Ռուսաստանին: Ալիևը Ղարաբաղը միացրել է ռուսական հողերին»:
Ադրբեջանական «Azadlıq Qəzeti» կայքէջի՝ «Ռուս «խաղաղապահները» ուշադրություն են ցուցաբերում Ղարաբաղում հայ կանանց նկատմամբ» վերնագիրը կրող տեսանյութին կից մեկնաբանություններից. «Մեզ մոտ նստած իշխանության ներկայացուցիչները կաշառվեցին և ռուսներին թողեցին Ադրբեջանում»:
«Մեր ժողովուրդը տեսնում է, որ հայրենիքի զավակների կյանքի գնով ազատագրված հողերի կեսը զբաղեցված է ռուսներով, իսկ մյուս կեսը՝ չինովնիկներով։ Փառատոն են անցկացնում, երբ ուզում են, «կեցցե» են բղավում, իսկ մեր մարդիկ կողքից հետևում են: Ռուսներին Ադրբեջան բերելը մեծ սխալ էր»:
Այսպիսով՝ ելնելով «Ֆեյսբուքի» ադրբեջանական տիրույթի՝ ռուս խաղաղապահներին առնչվող մեկնաբանություններից ու կարծիքներից՝ կարելի է եզրակացնել, որ ռուսների նկատմամբ ադրբեջանական հասարակության մեջ պաշտոնական և փորձագիտական մակարդակով ներարկված ատելությունն ու հակակրանքը տվել են ակնհայտ արդյունքներ: Այս պարագայում ռուսների նկատմամբ թշնամանքի արտահայտման թիրախում ռուս խաղաղապահներն են: Վերը նշվածից երևում է, որ Ադրբեջանն աստիճանաբար ավելի է կոշտացնում հակառուսական վարքագիծը:
Հետաքրքրական է, որ պաշտոնատար անձանց և փորձագետների հակառուսականության նետերը որոշ չափով ուղղվել են նաև իրենց իսկ դեմ՝ արտահայտվելով իշխանություններին ուղղված մեղադրանքներով, որոնք թեև մեկնաբանություններում զգալի աստիճանի չեն հասնում, բայց և այնպես, որոշակի վերաբերմունքի արտահայտումն են:
Կարինե Մկրտչյան. իրանագետ
Արմեն Պետրոսյան. արևելագետ