|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի մի շարք համայնքների տնտեսություններ վնասներ են կրել հունիսի 27-ին տեղացած կարկտի պատճառով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Կարկտի պատճառած վնասների մասին ահազանգել են Մարտունու, Վերին Գետաշենի, Ներքին Գետաշենի, Վաղաշենի, Ծովասարի, Ձորագյուղի համայնքապետարաններից:
Ըստ ահազանգողների՝ կարկուտը վնասել է պտղատու և դեկորատիվ ծառեր, կարտոֆիլի և բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր: Ուժեղ քամին Մարտունի քաղաքում, Մարտունի-Վարդենիս մայրուղու եզրին գտնվող ծառը ջարդել ու շպրտել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա՝ քաղաքացուն պատճառելով որոշակի նյութական վնաս:
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների օգնությունը: «Այս պահի դրությամբ դեռ չենք ստացել համապատասխան ակտերը, ուստի չենք կարող գնահատել վնասների հնարավոր չափերը: Առայժմ տեղում աշխատում են ստեղծված հանձնաժողովները: Վնասների մոտավոր չափերի մասին պատկերացում կկազմենք առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը: