Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի փոխհարաբերությունները նոր փուլ են թեւակոխել։ Մի կողմից, Հարությունյանն ընդլայնում է Բաբայանի լիազորությունները, եւ ԱԱԽ աշխատակազմը մոտ 10 անգամ ընդլայնվել է՝ հասնելով 56 հաստիքի՝ նախկին 3-4-ի փոխարեն, մյուս կողմից՝ Բաբայանի մարդկանց են ազատում։ Արայիկ Հարությունյանի հրամանով Աշոտ Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից, մեկ այլ հրամանով նա իր մտերիմ գործարարներից մեկին՝ Սասուն Բարսեղյանին, նշանակել է այս պաշտոնում։
Նախկինը Սամվել Բաբայանի թիմից էր, նրա կուսակիցը, այս պաշտոնում նշանակվել էր 2 ամիս առաջ։ Ասում են՝ Բաբայանը նրա առաջ կանաչ լույս էր վառել՝ ով դուրդ չի գալիս, ազատիր, մարդն էլ կոտորած էր սարքել եւ նեղացրել Հարությունյանի մարդկանց։
ԱՀ նախագահի համբերության բաժակը լցվել է եւ, ինչպես Դադայանը մեզ փոխանցեց, «առանց պատճառի» իրեն ազատել է աշխատանքից։ Ճի՞շտ է, որ Դուք «կոտորած» եք արել Հարությունյանի «մարդկանց» շրջանում, ու դա է ազատման պատճառը։ «Իմ մոտ առաջնահերթությունն անաչառությունն է եւ հավասարության սկզբունքը, մնացածը չգիտեմ՝ ով ինչպես կմեկնաբանի»։
Կադրային ջարդ իրականացրե՞լ եք, թե՞ նեղացրել եք որոշ մարդկանց։ «Ես ոչ մեկին չեմ նեղացրել, բայց կային մարդիկ, որոնք չէին համապատասխանում իրենց պաշտոնին, զգուշացրել եմ, կարգի եմ հրավիրել։ Որ ասեմ՝ ազատել եմ գործից, դա էլ չեմ արել, պարզապես խախտում արձանագրելուն պես կարգի եմ հրավիրել՝ օրենքի շրջանակներում»։ Դադայանն ասաց, որ իրեն փոխարինողը գործարար է։ Հարցրինք՝ իսկ օրենքը բիզնեսմենին թույլ տալի՞ս է պաշտոն զբաղեցնել։ «Արցախում ամեն ինչ էլ հնարավոր է»։ Իր ազատման հարցով չի զրուցել Բաբայանի հետ։ Իսկ ի՞նչ է անելու։ «Մտածում եմ՝ հեռանամ էս երկրից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում